ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկիր Հայաստան
Տեսակգիտական գրադարան
Հիմնվել է1935
ՏեղադրությունԿենտրոն վարչական շրջան
ՀասցեՄարշալ Բաղրամյան պողոտա 24/6
Այլ տվյալներ
Կայքflib.sci.am

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան, հիմնադրվել է 1935 թվականին ԽՍՀՄ ԳԱ Հայաստանի մասնաճյուղին /ԱրմՖԱՆ/ կից` իբրև ԱրմՖԱՆ-ի կենտրոնական գրադարան[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը(ՀԳԳ) գործում է որպես ՀՀ ԳԱԱ Նախագահության ենթակայության տակ գտնվող առանձին ակադեմիական հաստատություն։ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը բազմապրոֆիլային գրադարան է, որի գործունեության կարևորագույն խնդիրներից են գրադարանագիտության, մատենագիտության, տեղեկատվական գիտության և գրքի պատմության բնագավառներում գիտահետազոտական աշխատանքը, հանրապետական և արտասահմանյան գրադարանների և զանազան հիմնարկների ու տեղեկատվական կենտրոնների հետ գիտական, մշակութային և տեղեկատվական կապերի իրականացումը, թվանշային գրադարանի մոդուլների նախագծումը և ներդրումը, գիտատեղեկատվական ոլորտի կադրերի պատրաuտումը։ Հիմնարար գիտական գրադարանը իրականցնում է նաև ԳԱԱ համակարգի գիտական հիմնարկների մասնագիտացված-ճյուղային գրադարանների մեթոդական ղեկավարությունը և նրանց գործունեության համակարգումը։ Ճյուղային գրադարանների արդիականացման և նորովի գործելու նպատակով ապահովվել է գրադարանավարների մասնագիտական վերապատրաստումը և ինստիտուտների գրադարանների ներգրավումը թվայնացման և ավտոմատացման աշխատանքներում, և արդեն իսկ 21 գրադարան ակտիվորեն ներգրավված է էլեկտրոնային համահավաք քարտարանի ձևավորման աշխատանքներում։ ՀԳԳ-ը հանրապետության մյուս խոշոր գրադարանների հետ մասնակցում է «Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի»[2] համալիր ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ իրականացնում է գրադարանի գրքային հավաքածուի էլեկտրոնային քարտարանի ստեղծումը։

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայք էջից հասանելի է գրադարանի մասնագետների կողմից թարգմանված «Համընդհանուր տասնորդական դասակարգման» հայալեզու համառոտ տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում հայկական գրադարաններում դասակարգման և գրացուցակավորման աշխատանքները իրականացնել ՀՏԴ-ի հայկական տարբերակով։ Որպես հեռանկարային ուղղություն` գրադարանը խիստ կարևորում է անցումը թղթային կրիչներից էլեկտրոնայինի։ Հատուկ նշանակություն է տրվում ՀՀ ԳԱԱ գիտական ժառանգության՝ մենագրությունների, ամսագրերի, մատենաշարային և շարունակական հրատարակությունների, ինչպես նաև հայագիտական բացառիկ արժեք ներկայացնող հրատարակությունների թվային շտեմարանների ձևավորմանը՝ համացանցում տեղադրման և ազատ դիտման կարգավիճակով հանրությանը տրամադրելու նպատակով[3]։ Գրադարանը, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախագծի շրջանակում, ԳԱԱ «Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների» ԳՀԻ և Պոզնանի գերհամակարգչային կենտրոնի հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի գիտատեղեկատվական հանգույցի»[4] ձևավորման աշխատանքները։ Նպատակն է՝ մեկ ընդհանուր հարթակում հավաքել գիտական ուղղվածության հրատարակությունների թվայնացված պատճենները, որով մեծապես կբարձրանա նյութերի փնտրման արդյունավետությունը և կստեղծվեն գիտաչափական տվյալների հավաքագման նախադրյալներ։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը գիտական հրապարակումների թվային տարբերակների առաջատար ստեղծողներից է, ինչը հնարավորություն է ընձեռում գիտական գրականության հարուստ և բազմազան հավաքածուները պատշաճ մակարդակով ի սպաս դնելու հանրությանը[5]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուստ և բազմազան է ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ի հավաքածուն, որը բաղկացած է շուրջ 3 մլն բնական, ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական և հասարակական գիտությունների վերաբերյալ հրատարակություններից և սպասարկում է ավելի քան 17 հազար ընթերցողների։ Ի թիվս այլ կարևոր խնդիրների` ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը հատուկ ուշադրություն է դարձնում իր հավաքածուն հայատառ հրատարակություններով և բոլոր լեզուներով հայագիտական գրականությամբ համալրելու գործին։

Հնատիպ գրքերի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշադրության է արժանի գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուն, որը բաղկացած է 16-18 դդ. հայերեն, սլավոնական և եվրոպական լեզուներով բազմաթիվ մեծարժեք հրատարակություններից։ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Հայ հնատիպ գիրք» հավաքածուն, որը նկարագրված է «ՀՀ ԳԱԱ էլեկտրոնային քարտարան» բաժնում, պարունակում է 482 միավոր/243 անուն տպագիր նյութ։ Հնատիպ հավաքածուի ամենահին հրատարակությունը “Pestis Descri Ptio Quomodo Ipsa” գիրքն է, որը տպագրվել է 1598թ.:

Քարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն բաղկացած է 159 միավոր քարտեզներից։ Հատուկ ուշադրության է արժանի Զատիկ Խանզադյանի անհատական ֆոնդում պահվող քարտեզները, որոնք արտացոլում են Փոքր Ասիան և Արևմտյան Հայաստանը 19-րդ դարում։

Անհատական հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ում պահվում են Հայաստանի և Սփյուռքի հայ նշանավոր գիտնականների, արվեստի և հասարակական գործիչների նվիրատվության կարգով ստացված 28 գրքային հավաքածուները։ Այժմ գրադարանում պահպանվում են գիտության և մշակույթի երախտավորների՝

  1. Արամ Ագուլյան,
  2. Ասատուր-Արամ Ալթունյան
  3. Արշակ Ալպոյաճյան
  4. Թադևոս Ավդալբեգյան
  5. Արտեմ Երիցյան
  6. Լևոն Զեքիյան
  7. Հովիկ Էդգարյան
  8. Արմեն Թախտաջյան
  9. Մանուկ Թերզյան
  10. Բենիամին Ժամկոչյան
  11. Լև Լիպին
  12. Ստեփան և Սրբուհի Լիսիցյաններ
  13. Գարեգին Լևոնյան
  14. Զատիկ Խանզադյան
  15. Գալուստ Կյուլպենկյան
  16. Կարապետ և Հովսեփ Կուսիկյաններ
  17. Համազասպ Համբարձումյան
  18. Աշոտ Հովհաննիսյան
  19. Արարատ Ղարիբյան
  20. Կարապետ Մերդինյան
  21. Լուիզա Նալբանդյան
  22. Վաչե Նալբանդյան
  23. Գրիգոր Պողարյան
  24. Պետրոս Պոստանճյան
  25. Գևորգ Ջահուկյան
  26. Սուրեն Սարգսյան
  27. Հակոբ Փամբուկյան
  28. Գագիկ Սարգսյան

նվիրաբերած անձնական հավաքածուները, որոնք հարուստ են հատկապես մասնագիտական գրականությամբ։

Սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի գրքային ողջ հարստությունը լայնորեն ի սպաս է դրված գրադարանի օգտվողներին բաժնույթի ծառայության և ընթերցասրահի միջոցով։ Օգտվողների սպասարկումն արդիականացված է էլեկտրոնային քարտարանի առկայությամբ, որի օգնությամբ հնարավոր է իրականացնել գրականության առցանց պատվերներ։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ Հիմնարարար գիտական գրադարանը զգալի աշխատանք է կատարում արտասահմանյան գրադարանների և զանազան հաստատությունների հետ գիտական ու մշակութային Համագործակցություն միջազգային կապերի իրականացման ուղղությամբ։ Այս բնագավառում ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ը միջազգային գրքափոխանակության կապեր ունի արտասահմանյան երկրների մի շարք հաստատությունների /գրադարաններ, թանգարաններ, հրատարակչություններ, գիտական հիմնարկներ և այլն/ հետ։ Գրադարանի արտասահմանյան գործընկերներից հիշատակության են արժանի ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը, Բրիտանական գրադարանը, Ֆրանսիայի արձանագրությունների և գեղարվեստական գրականության ակադեմիան, Բոլոնիայի համալսարանը, Իտալիայի Արևելագիտության ինստիտուտի գրադարանը, Կիոտոյի համալսարանին կից մաթեմատիկական գիտությունների հետազոտական ինստիտուտը, Ռուսաստանի Ազգային և Բնական գիտությունների գրադարանները։ Գրադարանի գործունեության արմատական արդիականացման, գրադարանամատենագիտական սպասարկման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդի նվաճումների և նորույթների ներդրման, ինչպես և թվայնացման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների ձեռքբերման նպատակով ՀԳԳ-ն ակտիվորեն համագործակցել է զանազան միջազգային հաստատությունների հետ և ներգրավված է եղել այդ հաստատությունների կողմից հովանավորվող ծրագրերում։ Այսպես, Բրիտանական գրադարանի «Վտանգված արխիվներ» ծրագիրը ՀԳԳ-ին շնորհել է դրամաշնորհ թվայնացման ճանապարհով գրադարանի հնատիպ գրքերի և պարբերական մամուլի երկարաժամկետ պահպանության նպատակով։ Նկատի ունենալով թվայնացման ենթակա նյութերի ծավալների անընդհատ աճը, գրադարանը ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ձեռք է բերել ավտոմատ նկարահանող Qidenus սարք՝ նախատեսված հիմնականում ամսագրերի և նոր շրջանի հրատարակությունների համար, որն է´լ ավելի խթանեց թվայնացման գործընթացը։

Համառոտ տարեգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943թ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրվանից ՀԳԳ-ը գործում է որպես ՀՀ ԳԱԱ Նախագահության ենթակայության տակ գտնվող առանձին ակադեմիական հաստատություն։
  • 1944թ. ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունը հաստատեց Կենտրոնական գրադարանին կից առաջին Գրադարանային խորհրդի կազմը, որի մեջ ընդգրկվեցին անվանի գիտնականներ Վ.Հ. Համբարձումյանը(նախագահ), Կ.Ն. Պաֆֆենհոլցը, Կ.Վ. Տրեվերը, Խ.Ս. Սարգսյանը, Ա.Գ. Արարատյանը, Ռ.Կ. Կարախանը, ինչպես և գրադարանային գործի մասնագետներ Ե.Ի Կոչուբինան(գրադարանի վարիչ), Ա.Ս. Բաբայանը, Լ.Բ. Մելքումյանը և Վ.Ն. Կարմենյանը։
  • 1944թ. նոյեմբերի 10-ին ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունը որոշում ընդունեց վերակազմավորել Կենտրոնական գրադարանը և այն անվանել ՀԽՍՀ ԳԱ Ֆունդամենտալ գրադարան։
  • ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի 1944թ. որոշմամբ Ֆունդամենտալ գրադարանն ընդգրկվեց միութենական գիտական գրադարանների  երկրորդ կարգի մեջ։ 1957թ. Ֆունդամենտալ գրադարանը դասվել է երրորդ կարգի գիտական հիմնարկությունների խմբին և այդ ժամանակվանից կոչվում է Ֆունդամենտալ գիտական գրադարան։
  • Մինչև 1959թ. ՖԳԳ-ը գործել է Աբովյան 15 հասցեում գտնվող ԳԱ Նախագահության շենքում։ 1959թ. ԳԱ Նախագահության  նոր շենքի շահագործման հանձնվելուց հետո ՀԳԳ-ը գործել է Բաղրամյան 24 հասցեում։ 1980թ. հունվարին ՀԳԳ-ը տեղափոխվել է հատուկ գրադարանի համար կառուցված մասնաշենք` Բաղրամյան 24/6 հասցեում։
  • 1965թ. ՖԳԳ-ում ստեղծվել է առաջին անհատական ֆոնդը` պրոֆ. Համազասպ Համբարձումյանի անձնական գրադարանի նվիրատվության հիման վրա։ Այժմ գրադարանում պահվում են Հայաստանի և Սփյուռքի հայ նշանավոր գիտնականների, արվեստի և հասարակական գործիչների նվիրատվության կարգով տարբեր տարիներին ստացված 28 գրքային հավաքածուներ, որոնց գրականության ընդհանուր քանակը կազմում է մոտ 93880 գրադարանային միավոր։
  • 1986թ. ՖԳԳ-ը դասվում է ակադեմիական առաջին կարգի գրադարանների խմբին։
  • 2002թ. սեպտեմբերի 12-ի ՀՀ Կառավարության Որոշմամբ ՖԳԳ-ը վերակազմավորվել է որպես “ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան” պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Հրատարակչական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԳԱԱ ՀԳԳ-ն իրականացրել է նաև հրատարակչական ծավալուն գործունեություն ընթացիկ ու թեմատիկ մատենագիտությունների և կենսամատենագիտությունների պատրաստման և տպագրության գծով, իսկ այժմ նաև առցանց։ Գրադարանը 15 հատորով լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ 1936-1986թթ. հրատարակությունների մատենագիտությունները, թեմատիկ մատենագիտությունների 23 պրակ և գրքագիտության հարցերին առնչվող 2 մենագրություն։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վաչե Կարմենյան (1944-1962 թթ.)
  2. Արարատ Ղարիբյան (1962-1976 թթ.)[6][7]
  3. Գուրգեն Հովնան (1976-1978 թթ.)
  4. Վաչե Նալբանդյան (1978-1998 թթ.)[8]
  5. Անրի Ներսեսյան (1998-2006 թթ.)
  6. Տիգրան Զարգարյան (2006-2011 թթ.)
  7. Կարապետ Մինասյան (2012-2018թթ.)
  8. Նունե Շահումյան (2019-2022թթ.)
  9. Մայա Գրիգորյան (2022-)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «https://www.flib.sci.am/». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. https://armunicat.nla.am/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Շտեմարաններ». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. https://arar.sci.am/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված ֆիլմ (2023թ.)». Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «Ղարիբյան Արարատ Սահակի (1899-1977)». greenstone.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «Նալբանդյան Վաչե Սմբատի (1919-1998)». greenstone.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.