Կոնկիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնկիստա Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից և Կարիբյան ծովի կղզիներում ամրապնդվելուց հետո իսպանացիներն սկսեցին քայլ առ քայլ նվաճել Կենտրոնական և Հարավային Ամերիկան։ Այդ գործընթացը ստացել է կոնկիստա(իսպաներեն`նվաճում, այստեղից էլ` ՙկոնկիստադոր - նվաճող) անվանումը։ 1519 թվական կոնկիստադոր Ֆ. Կորտեսը, որն ուներ 550 զինվոր, 16 ձի և 14 հրանոթ, ափ իջավ Մեքսիկայի ծովեզերքին։ Ացտեկներն առաջին անգամ էին տեսնում ոտքից գլուխ զրահավորված հեծյալ զինվորների։ Նրանց թվում էր, որ հեծյալը և ձին մեկ ամբողջություն են կազմում, այսինքն` նրանք սովորական մահկանացուներ չեն, այլ աստվածներ են։ Անսովոր էին նաև իսպանացիների առագաստանավերը։ Ացտեկների վրա սարսափ էր ազդում հրազենը, իսկ երկաթին ինչպես նրանք, այնպես էլ Ամերիկայի մյուս ժողովուրդները ծանոթ չէին։ Բացի այդ, ացտեկների առասպելաբանության մեջ շրջում էր հետևյալ պատմությունը. գլխավոր աստվածներից մեկը` Կեցալկոատլը (բառացի`Փետրավոր օձ), իբր ասել էր, թե ինքը կվերադառնա և հետ կվերցնի իր իսկ ստեղծած թագավորությունը։

Տենոչտիտլան

Ացտեկների կարծիքով` Կորտեսը հենց այդ աստվածն էր։ Ացտեկների տիրակալ Մոնթեսուման փորձեց թանկարժեք նվերներով սիրաշահել Կորտեսին` նրան ուղարկելով մեծ քանակությամբ ոսկի և արծաթ։ Նա հուսով էր, որ Կորտեսը, վերցնելով նվերները, կհեռանար։ Սակայն վերջինս իր զորքով մնաց մայրաքաղաքում։ Վեց ամիս անց իսպանացիներն սկսեցին զբաղվել քաղաքի թալանով և նույնիսկ սրբապղծել տաճարները։ Բնակչությունն ապստամբեց և մեղադրեց Մոնթեսումային, որը դեռևս շարունակում էր հավատալ Կորտեսին։ Հուզումների ժամանակ գազազած ամբոխը սպանեց արքային։ Իսպանացիները վտարվեցին քաղաքից։ Սակայն որոշ ժամանակ անց Կորտեսը, դաշնակցելով ացտեկներին թշնամի ցեղերի հետ, վերադարձավ Տենոչտիտլան և 225 օր տևած պաշարումից հետո 1521 թվականին գրավեց այն։

Էռնան Կորտես

Մի քանի տարի անց սկսվեց Կենտրոնական և Հարավային Ամերիկայի նվաճումը։ 1527–1533 թվականններին մեկ ուրիշ կոնկիստադոր` Ֆ. Պիսսարոն, փոքր ջոկատով խաբեությամբ մտավ ինկերի մայրաքաղաք Կուսկո և ձերբակալեց նրանց վերջին կայսրին։ Իսպանացիների ձեռքն ընկան արքայական պալատի և տաճարների գանձերը։ Նույն ժամանակներում իսպանացի կոնկիստադորները գրավեցին Մեքսիկայի հարավը` մայաների երկիրը, նաև ներկայիս Կոլումբիան և Չիլին։ Նվաճումներից տարիներ անց Կենտրոնական և Հարավային Ամերիկայում իսպանացիներն ստեղծեցին մի շարք փոխարքայություններ, որոնցից ամենախոշորները երկուսն էին` Նոր Իսպանիա (Մեքսիկա) և Պերու։ Հետագայում Պերուից անջատվեց Նոր Գրանադան (ժամանակակից Պանամա, Կոլումբիա և Էկվադոր) և Լա Պլատան (Արգենտինա, Ուրուգվայ, Բոլիվիա և Պարագվայ

Տենոչտիտլանի մոդելը

Փոխարքաները կառավարում էին գաղութները Իսպանիայի թագավորի անունից և անսահմանափակ իշխանություն ունեին։ Փոխարքան անմիջականորեն ենթարկվում էր Մադրիդում արքայի կողմից ստեղծված Հնդկաստանների հարցերով Գերագույն խորհրդին։ Հնդկացիները, վտարվելով բարեբեր հողերից, աստիճանաբար վերահաստատվեցին լեռնային շրջաններում և ապրում էին մեկուսացված։ Նրանց կապը գաղութային վարչակազմի հետ սահմանափակվում էր հարկերի գանձմամբ և պարտադիր պարհակների կատարմամբ։ Իսպանացիներն ի վիճակի չէին վերացնելու դարերով պահպանվող նրանց ավանդական կենցաղը և սոցիալական կյանքի կազմակերպման ձևերը։ Հնդկացիների կառավարումը հեշտացնելու նպատակով իսպանացիները թույլ տվեցին նրանց առաջնորդներին` կասիկներին, պահպանել իրենց դերը։ Վերջիններս նույնիսկ իրավունք ստացան ձիով երթևեկելու և սառը զենք կրելու, ինչն արգելված էր շարքայինհնդկացիներին։