Կլեման Մարո
Կլեման Մարո (ֆրանսերեն` Clément Marot, 1496 - 1544) - ֆրանսիական վերածննդի դարաշրջանի պոեզիայի սկզբնավորողը:
[խմբագրել] Կենսագրական տվյալներ
Կլեման Մարոն ծնվել է բանաստեղծ Ժան Մարոյի ընտանիքում, ուսումն ստացել է Փարիզում, վանականների կոլեժում, ուսումնասիրել է դասական լեզուներ, գրականություն, մասնավորապես իտալական վերածննդի դարաշրջանի գրողներին: Մարոն ապրել է Ֆրանցիսկ Առաջին թագավորի քրոջ` Մարգարիտա Նավարացու պալատում, եղել նրա գրական խմբակի աչքի ընկնող մասնակիցներից մեկը, հետո փոխադրվել է արքայական պալատ: Պավիայի ճակատամարտում վիրավորվել է Ֆրանցիսկ թագավորի հետ գերի է ընկել: Ֆրանսիացի բանաստեղծին, չնայած Մարգարիտա Նավարացու և Ֆրանցիսկ Առաջին թագավորի հովանավորությանը կղերականները դատապարտել են որպես հերետիկոսի և ինկվիզիցիայի բանտը նետել: Բանտից ազատվելուց հետո էլ Կլեման Մարոյին հանգիստ չեն տալիս: Մարոն ստիպված փախուստի է դիմում, թափառում է իտալական և շվեյցարական քաղաքում: Մահանում է Թուրինում, որպես աքսորական:
[խմբագրել] Ստեղծագործությունը
Կլիման Մարոն համարվում է ֆրանսիական վերածննդի դարաշրջանի մեծ պոեզիայի հիմնադիրը: Նրա ստեղծագործության ուժը քննադատական ըմբոստ բովանդակությունն է, որ արտահայտվել է հեգնանքով, ռաբլեական հումորով: Նրա ստեղծագործությունների հիմնական մոտիվներից մեկը հոգևորականության քննադատությունն է: Նա ցույց է տալիս, որ եկեղեցու սպասավորները անում են այն, ինչ մեծ մեղք են համարում և ինչի համար դատապարտում են ուրիշներին: Կլիման Մարոյի սիրած թեման աշխարհիկ կյանքի, սիրայինվայելքների, երկրային առողջ բնազդների գովքն է: Դիմելով Ամուրին, բանաստեղծն ասում է, որ իր երիտասարդությունը` «գարունն ու ամառը» արդեն անցել են, բայց դարձյալ նրան է երկրպագում.
- Ես քո ծառան եմ եղել հավատարիմ:
- Ա՜խ, եթե կարողանայի նորից ծնվել,
- Ավելի ջերմեռանդ կծառայեի քեզ:
Մարոն իր թարգմանած Դավթի սաղմոսների գիրքը նվիրելով Ֆրանսիայի տիկիններին, ասում է. «Ես կուզենայի մարդկանց մեջ սեր առաջացնել իսկական աստծու նկատմամբ, այն աստծու, որ թելադրել է այդ սաղմոսները և շուտով կարտաքսի անհաստատ սիրո աստծուն»: Մարոն մարմնական սեր է երգում, կնոջ հմայքը համարում գեղեցիկ մարմինը: «Եթե ուզում եք ընկերուհի ունենալ, ընտրեցեք բարեկազմ կին, պայծառ մտքով ու լիքը կրծքով, որի սիրտը լինի քնքուշ, խոսքը խելոք, որ սիրի պարել և լավ երգել, որի սիրտը հավատարիմ լինի, մարմինը` պիրկ: Եթե շատ երիտասարդ օրիորդ ընտրեք, հետը զրուցելու բան չեք ունենա: Եթե հավատարիմ եք ուզում, ընտրեք թխահեր կնոջ, մարմնով լի, իրեն պարզ ու հավասարակշռված պահող: Այդպիսի գանձը արժե, որ մարդ դուրս գա սիրային փառավոր որսի: Երջանիկ է նա, որ լավ ավար կունենա»: Կլեման Մարոյի նորարարությունը ցույց տալու համար` նրան համեմատում են Լիոնի պոետական դպրոցի բանաստեղծների հետ, որոնց բանաստեղծական իդեալը Ֆրանչեսկո Պետրարկան էր, հիմնական թեման` սերը: Քննադատելով տիրող ավատական կարգերը, մի էպիգրամում Մարոն այսպիսի միտք է արտահայտում. «Եթե մեզ թույլ տային խաղաղ կյանքով ապրել, ժամանակն այնպես տնօրինել, ինչպես մեզ հարմար է և ապրել ազատ, ինչպես պետք է ապրել` մենք կարիք չէինք զգա դղյակներ հաճախելու, պալատներում լինելու, դատավճիռներով ու դատավարություններով զբաղվելու և հարուստ տներ գնալու, որոնք զարդարված են փառքով ու խունացած շքանշաններով»: Մարոն ֆրանսիական պոեզիան մաքրեց ճարտասանական, այլաբանական և միստիկական ձևերից: Նա ստեղծեց նոր պոեզիա, որի բնորոշ գծերն են` ոճի պարզությունը, անպաճույճ լեզուն, խոսակցական ձևը, զգայական վառ գույները, նուրբ կատակը, ծիծաղը, հեգնանքը: Եղել է հին հռոմեական երգիծաբանների երկրպագուներից: Նրա սիրած ժանրերը պոետական փոքր ձևերն էին` էպիգրամ, քառյակ, ութնյակ, ռոնդո, բալլադ և այլն: Թարգմանել է Վիրգիլիոսի, Օվիդիոսի, Լուկիանոսի գործերը և Դավթի սաղմոսները:[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ս.Սողոմոնյան (1981). Արտասահմանյան գրականության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 197-199.