Լուկիանոս
Լուկիանոս (հին հունարեն՝ Λουκιανὸς Σαμοσατεύς, լատիներեն՝ Lucian, 120-180թթ.), նշանավոր հին հույն գրող-երգիծաբան: Իր ստեծագործություններում ներկայացնում և երգիծական սուր քննադատության է ենթարկում իր ապրած ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարական անկման բոլոր հատկանիշները՝ փիլիսոփայական մտքի մանրացումը, սնահավատությունների աճը, գրականության անբովանդակությունը և այլն:
Ծնվել է Ասորիքի Շամշատ (Սամոսատ) քաղաքում, աղքատ արհեստավորի ընտանիքում, քանդակագործություն է սովորել հորեղբոր մոտ, բայց մարմարյա սալաքար կոտրելուց հետո դաժան ծեծի է ենթարկվել և դիմել փախուստի: Հունաստանում, համառ աշխատանքի շնորհիվ, դառնում է հայտնի փաստաբան, «ճարտասանության Պրոմեթևս» և վերադառնում Արևելք: Կյանքի վերջին տարիները Լուկիանոսը անցկացրել է Եգիպտոսում՝ ծառայելով երկրի կուսակալի գրասենյակում:
Գրել է փիլիսոփայական երկխոսության, սատիրայի, կենսագրության, արկածային վիպակի, ճառի ժանրերում: Հատկապես հայտնի են Լուկիանոսի հակակրոնական և հակափիլիսոփայական սատիրաները /«Կյանքերի վաճառք», «Ձկնորսը», «Խնջույք», «Աշխատավարձով ապրողների մասին»/: Լուկիանոսի երգիծանքը սրամիտ է, նրբագեղ և բազմազան: Լուկիանոսի կերպարները, սյուժեները, ոճը, մեծ ազդեցություն են գործել Ռաբլեի, Սվիֆթի, Գյոթեի և այլ եվրոպական հեղինակների վրա, Սերվանտեսն իրեն համարել է Լուկիանոսի աշակերտը:
