Խոշոր սպիտակ խոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոշոր սպիտակ խոզ, խառը մթերատվության վաղահաս ցեղ։ Ստացվել է XIX դարում՝ Անգլիայում՝ տեղական ուշահաս, չինական վաղահաս և նեապոլյան ու պորտուգալական խոզերի բարդ վերարտադրական տրամախաչումից։

Նախկին ՍՍՀՄ-ում երկարատև տոհմային աշխատանքներից հետո ստեղծվել է փաստորեն նոր, երեք տիպի (մսային, մսա-ճարպային և ճարպային) ցեղ։ Վարազների կենդանի քաշը 300 - 350 կգ է, մերուններինը՝ 200 - 250։ Պտղատվությունը մեկ ծնում՝ 10 - 12 (առանձին դեպքերում՝ 32) խոճկոր։ Խոշոր սպիտակ խոզը ՍՍՀՄ հիմնական պլանային ցեղն է (ընդհանուր գլխաքանակի 86%-ը) և բուծվում է գրեթե բոլոր շրջաններում։

Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում բազմաթիվ ցեղեր ստանալիս խոշոր սպիտակ խոզն օգտագործվել է որպես ելակետային և բարելավող ցեղ։ Բուծվում է Եվրոպայի բոլոր երկրներում, ՉԺՀ-ում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Նոր Զելանդիայում։ Հայաստանում՝ Արարատյան դաշտի, Լոռի-Փամբակի, Շիրակի և Սևանի ավազանի շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png