Լոռվա տարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոռվա տարազ, Լոռու տարածաշրջանին բնորոշ զգեստների համալիր։ Այս յուրօրինակ տարազային համալիրը կրում է տարբեր շրջաններից Լոռի տեղափոխված հայերի մշակութային ազդեցություններն ու զգեստների որոշակի տարրերի նմանությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես դիտարկել է ազգագրագետ Երվանդ Լալայանը, այս տարածքի կանանց հագուստը նման է Արցախի զգեստներին[1]։ Սակայն այս տարածքի ազգային հագուստի մեջ նկատվել են նաև Արարատյան հովտի և Հայքի զգեստների ձևերի տարրեր։ Այս նմանությունները պայմանավորված են հարյուրամյակների ընթացքում Լոռի տեղափոխված արարատցիների, արցախցիների, ալաշկերտցիների, կարինցիների մշակութային փոխազդեցություններով։ Ըստ այդմ էլ 20-րդ դարի սկզբներին Լոռու կանանց զգեստներն ունեցել են երկու զուգահեռ համալիրներ։

Տարազի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համալիրում զգալի է նմանությունը Արցախի զգեստներին, ինչպես սպիտակեղենի, այնպես էլ ներքնազգեստի ձևվածքի առումով, որ արխալուղ է կոչվել։ Կատարյալ նմանություն կա երկու շրջանների վերարկուների մեջ, որոնք կոչվել են քուրք։

Երկրորդ համալիրի վրա նկատելի է Ալաշկերտի ազդեցությունը։ Սպիտակեղենը կարվել է բամբակյա (ամրգա, չիթ) կտորներից։

Շապիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապիկը երկար թևքերով է, թևքակալով և մեկ կոճակով։ Անութներում լայնացման համար ուներ շեղանկոյւնաձև կտոր-զուզակ։ Կողքերի հիմնական հատվածին ավելացվել է մեկակակն շեղ ճուտ։ Վզի բացվածքը շրջանաձև է, կրծքի բացվածքը՝ ուղիղ և մեկ կոճակով։ Թիկունքն ու առաջամասը մինչև կրծքի ճեղքվածքի ներքև կրկնակի է կարվել։ Եղել է նաև երկրորդ տեսակի շապիկ, որը տարբերվել է առաջինից թևքակալի առկայությամբ։ Աղջիկների շապիկն ունեցել է նույն ձևվածքը։ 20-րդ դարասկզբից սկսել են կարել քաղաքային ձևով՝ կրծքի սրտաձև բացվածքով, առանց թևքերի, կողքերում՝ լայնակի կարեր, որոնց մեջ հավաքվել է լայն ներքևամասը։

Փոխան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխանը ևս կարվել է շապկի կտորից։ Տարածված էր երեք տեսակ․

  • առաջինն ունեցել է գոտի, կողքերում ճեղք, ամրացրել են գոտկատեղում կապիչներով(շեպեր)։ Ըստ որում՝ առաջամասի գոտու ծայրերի կապիչները ետ են տարել և հանգուցել, իսկ ետևի ծայրերի կապիչները՝ առջևում։ Փողքերն ուղիղ էին, Փողքաբերանը ծալվել է դեպի ներս և կարվել է քաղելով, գաղտնակարով կամ մեքենայով[2]։

Փողքերի միջև լայնացման նպատակով ավելացվել է նաև եռանկյունու տեսքով ձագ։ Սա տարածված է եղել Գյուլագարակ, Դսեղ, Լեյջան, Մարց գյուղերում։

  • փոխանի երկրորդ տիպը առանց կապիչների էր, ուներ ճեղք ձախ կողքին, կոճկվել է մեկ կոճակով։ Ձագը ծեղանկյունաձև է, տեղադրվել է այնպես, որ սուր ծայրը հասնի փողքերի կարի միացման սկզբին։
  • փոխանի երրորդ տարածված տեսակը նույնպես կապիչներով էր, շեղանկյունաձև ձագով։ Այս ձևվածքով փոխանը գործածվել է Դսեղում։

Աղջիկների փոխանի փողքաբերանները ժանյակներով են զարդարվել։

Վերնազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանացի վերնազգեստը բաղկացած էր երկու մասից։ Վերնամասը կոչվում էր կուրտիշկա, կուրտիկ, կարվել է չթից և սատինից։ Աջ և ձախ փեղկերի եզրերին կարվել է 5 կոճակ և կոճակօղ։ Թևքատեղերը թույլ փորվածքով էին և թևքակալով, որը մեկ կոճակով էր։ Կուրտիկի վերևամասը կրկնակարով էր( տուլայկով)։ Ներքևի մասը շարով կամ նեղ դարսերով հավաքվել է տուլայկի մեջ։ Վերնազգեստի երկրորդ մասը փեշն էր, որը հավաքվել է նեղ գոտու մեջ, մեկ կոճակով կոճկվել ձախ կողքին։ Կարված էր սատինի չորս տապակից՝ անհրաժեշտ երկարությամբ։ Կանացի տոնական շրջազգեստի քղանցքները զարդարել են նույն կտորի շեղ կտրված ժապավենի երկշար ծալաբոլորքով։ Հարուստ և աղքատ խավերի շրջազգեստների ձևվածքի միջև տարբերություն չկար։ Սակայն ունևոր խավի զգեստը կարվել է մետաքսյա կերպասից։

Տարեց կանանց տարազի համալիրում կար երկու փեշ, մեկը կոչվել լեհին, իսկ մյուսը հագել են դրա տակից, կարվել է սև ու կապույտ սատինից, շեղ ձևված 4 կտորից՝ միամյանց միանալով ներսի կարով։ Այն հավաքվել է շարով, հետո բամբակյա ներդիրի և աստառի հետ միասին երկայնակի կարվել վրայից՝ զուգահեռ գծերով։

Գոգնոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգնոցը կոչվել է ունգուլուկ։ Այն կարվել է թուխ լաստիկից․ Շարով կամ նեղ դարսերով հավաքվել է նույն կտորից կարված գոտու մեջ և ծայրի կապիչներով կապվել ետևում։ Աջ կողմում գոգնոցն ունեցել է վերադիր քառանկյունաձև գրպան, իսկ ներքևիամասում՝ լայնակի երկու վրայակարված դարս(մանիշկա)։ Գոգնոց է եղել նաև աղջիկների հագուստի համալիրում, որը վերացել է 1940-ական թվականներից։ Հետո կիրառվել է միայն գյուղերում՝ տարեց կանանց շրջանում։

Տոնական զգեստ և գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց տոնական զգեստի համալիրը նույն մասերից էր կազմված, ինչ ամենօրյա հագուստը։ Այս համալիրի մաս էր նաև բուսանախշերով փորագրազարդ կամ սևադած արծաթե գոտին։ Այն դրվել է աղջկա օժիտի մեջ։ Ժամանակակից զգեստների դեպքում էլ Լոռիում և մյուս շրջաններում գործածական են գոտիները։ Դրանք փորագիր են, սևադած, զուգաթելի եղանակներով պատրաստված։ Երեւանի եւ Գյումրու աղջիկների տարազի համալիրում եւս դրանք կան, եւ ոչ թե նոր պատրաստված գոտիներ են, այլ սերնդեսերունդ փոխանցված։ Գոտին, որպես տարազի համալիրի անբաժան մաս, 20-րդ դարում պահպանվել է ազգային ավանդական տարազը կրող տարեց կանանց համալիրներում,օրինակ՝ Մարտունու շրջանի Երանոս, Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր, Ապարանի շրջանի Սարալանջ, Ծաղկաշեն եւ Մռավյան, Արցախի, Հադրութի շրջանի Արփագյադուկ, Մարտունու շրջանի Գիշի եւ Ղզղալա (Աղջկաբերդ) գյուղերում։

Կանացի զգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռվա կանայք գլխներին դնում էին բազմագույն կտորներով երեսպատված կոպի, ճակատակալ, վրան կապում էին եռանկյունաձև սպիտակ գլխաշոր (գլխաշորի ծայրերը ծնոտի տակով խաչաձևում էին և գագաթին ամրացնում հանգույցով կամ գնդասեղով), վրայից, բերանը փակելով, կապում էին քառանկյունաձև գլխաշոր (մեծ շալ), որի տակից երևում էին ոլորած մազերը (մազերը բաժանում էին երկու մասի և ոլորում ինչպես թիֆլիսահայերը)։ Հագնում էին կտավից կարված երկարաթև շապիկ, բամբակե վարտիք, որը հասնում էր մինչև կրունկները, իսկ վրայից՝ գունավոր չթից ամբողջո վին բամբակած արխալուղ։ Նույն կտորից կարում էին բազմափոր փեշը (գյուղական շրջաններում կապում էին բրդե գոտի, որը մի քանի անգամ փաթաթում էին մեջքի շուրջը)։ Գուլպաները նախշազարդ էին, ոտնամանները` քաղաքային տիպի ցածր կրունկով կոշիկներ էին։

Տղամարդկանց զգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռեցի տղամարդու տարազը տիպիկ կովկասյան էր` մուգ գույնի չուխա, շալ կտորից արխալուղ։ Կապում էին արծաթե գոտի, իսկ չուխան բաց էր մնում։ Գլխին դնում էին լոռեցու ավանդական փափախը։ Երեխաներին հագցնում էին այնպես, ինչպես մեծերին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նազիկ Ավագյան Հայկական ժողովրդական տարազը. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1983.
  • Առաքել Պատրիկ Հայկական տարազ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967.
  • Ֆլորա Գրիգորյան Հայկական ազգային տարազ. — Երևան: «Անտարես» հրատարակչատուն, 2011.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե․ Լալայան, Բորչալուի գավառ, «Ա․Հ․», XIX, էջ 109
  2. Նազիկ Ավագյան, Հայկական ժողովրդական տարազը, Երևան,Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն,1983,էջ 52-53