Իլարիոն Պրյանիշնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլարիոն Պրյանիշնիկով
Ծնվել էմարտի 20 (ապրիլի 1), 1840
ԾննդավայրՏիմաշովո, Բորովսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 12 (24), 1894 (53 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1866)
Դավանանքուղղափառություն
Մասնագիտություննկարիչ
 Illarion Pryanishnikov Վիքիպահեստում

Իլարիոն Միխայլովիչ Պրյանիշնիկով (ռուս.՝ Илларио́н Миха́йлович Пря́нишников, մարտի 20 (ապրիլի 1), 1840, Տիմաշովո, Բորովսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 12 (24), 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարիչ և մանկավարժ, ժանրային գեղանկարչության վարպետ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1893), եղել է պերեդվիժնիկների ընկերության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլարիոն Պրյանիշնիկովը ծնվել է 1840 թվականի մարտի 20-ին (ապրիլի 1), Կալուգայի նահանգի Բորովսկ ուեզդի Տիմաշովո գյուղում, վաճառականի ընտանիքում։ Հայրը՝ Միխայիլ Պետրովիչը (1796 -?), 1-ին գիլդիայի վաճառական էր, ով բացել էր առաջին թղթի գործարանը Կալուգայի նահանգում և կատարած բարեգործական ներդրման համար ստացել Կալուգայի նահանգի պատվավոր քաղաքացու կոչում։ Մայրը՝ Ելիզավետա Իվանովնա Բիլիբինան (1810 -?) Կալուգայի 1-ին գիլդիայի վաճառականների տոհմից էր, Իվան Խարիտոնովիչ Բոլշոյի թոռնուհին։ Իլարիոնի ավագ եղբայրը՝ Սերգեյը (09/25/1837-05/18/1912) հայտնի էր որպես Լալսկի թղթի գործարանի տնօրեն, կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդրը (1845 -?), գործարանում ավագ եղբոր օգնականն էր։

Տասը տարեկանից Իլարիոնը բնակվել է Մոսկվայում՝ իր հորեղբոր՝ Կուզմա Պետրովիչ Պրյանիշնիկովի տանը (՞ - 1853)։ 12 տարեկանում սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, բայց մեկ տարի անց կիսատ է թողել ուսումը և հորեղբոր մահից հետո ստիպված է եղել աշխատել Վոլկովի թեյի կրպակում որպես «վաճառող»։ 1856 թվականին վերսկսել է սովորելը։ Մինչև 1866 թվականը Պրյանիշնիկովը սովորել է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Եվգրաֆ Սորոկինը, Սերգեյ Զարյանկոն, Ապոլլոն Մոկրիցկին, Եգոր Վասիլևը։ Վասիլևն էր, ով ձեռք բերեց տաղանդավոր ուսանողի անվճար կրթություն ստանալու իրավունքը և բնակարանով ապահովեց նրան[2]։ Ուսման ընթացքում Պրյանիշնիկովը մտերմացել է Վասիլի Պերովի հետ, 1857 թվականին, երբ Պերովն աշխատել է «Ստանովոյի ժամանումը» կտավի վրա, Պրյանիշնիկովը նրա համար կեցվածք է ընդունել գլխավոր հերոսի կերպարը ստեղծելու համար, 1862 թվականին երիտասարդ արվեստագետները ամառը միասին անցկացրել են Տրոիցե-Սերգիյան մայրավանքում[2]։

Վասիլի Պերով, «Պրյանիշնիկովի դիմանկարը» (մոտ 1862 թվական)

1864 թվականին Պրյանիշնիկովը «Փոքր կրպակում նամակ կարդալը» նկարի համար պարգևատրվել է փոքր արծաթե մեդալով։ Ուսումնարանն ավարտելու տարում (1865) «Կատակասերները։ Գոստիննի Դվորը Մոսկվայում» կտավի համար ստացել է մեծ արծաթե մեդալ և 3-րդ աստիճանի դասական նկարչի կոչում։ Կտավը նկարչին մեծ համբավ է բերել, այն նույնիսկ ուղարկվել է Վիեննայի միջազգային ցուցահանդեսին, բայց չի ցուցադրվել, ըստ Վլադիմիր Ստասովի, «վախենալով ցույց տալ իրենց խոցելի կողմերը Եվրոպային»[2]։

1869 թվականի վերջին Պրյանիշնիկովը ակտիվ մասնակցություն է ունեցել Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (ԳՇՑԸ) ստեղծմանը՝ դառնալով այդ կազմակերպության հիմնադիր անդամ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են գրեթե բոլոր շրջիկ ցուցահանդեսներում, իսկ երկրորդ շրջիկ ցուցահանդեսից հետո դարձել է ընկերության խորհրդի մշտական անդամ։

1860-ականների երկրորդ կեսից մինչև 1870-ականների սկզբի ստեղծագործություններում Պրյանիշնիկովը դիմել է ռուսական կենցաղի ամենատարբեր ուղղություններին։ «Մեզ՝ ռուս կենցաղագիր նկարիչներիս համար, Մոսկվան իսկական գանձ է», ասել է Պրյանիշնիկովը․ «Այստեղ մեկտեղ են հավաքված և Գոգոլը, և Օստրովսկին, և Տուրգենևը, և Տոլստոյը, դիտեք և վայելեք մեր զուտ ռուսական կյանքը»։ Եվ նա, քննադատական ռեալիզմի հիմնական հոսքում, պատկերել է քաղաքի մարդկանց թշվառ զվարճությունները («Տիկնիկների թատրոնում», 1867), անօթևան մուրացկանների տառապանքը («Թափառական ուխտավարները», 1870), ուժասպառ կանանց աշխատանքը («Դերձակուհին», 1870)։ 1870 թվականին վերջին երկու աշխատանքների համար Պրյանիշնիկովին շնորհվել է 1-ին աստիճանի դասական նկարչի կոչում։

1870-ականների սկզբից Պրյանիշնիկովը, ռուսական գեղանկարչության ընդհանուր միտումներին համապատասխան, անցել է իրականության ավելի ու ավելի «բազմաչափ» պատկերմանը[3]։ Նրա ստեղծագործությունները սկսել են տարբերվել նախկիններից ավելի մեծ կոմպոզիցիոն ամբողջականությամբ և գունային հագեցվածությամբ։ Պրյանիշնիկովի «Դատարկ վագոններ» կտավը, որը ցուցադրվել է 1871 թվականին առաջին շրջիկ ցուցահանդեսում, նրան նոր հաջողություն է բերել։ Ժամանակակիցների միաձայն կարծիքով նկարը ճանաչվել է նորարարական՝ բնանկարային-ժանրային մոտիվների հաջող համադրման շնորհիվ։ Այս ստեղծագործությունը կոլեկցիոներներից մեկը ձեռք է բերել ցուցահանդեսի բացումից շատ առաջ։ Պավել Տրետյակովը, խախտելով իր սեփական կանոնը՝ իր հավաքածուում չունենալ կրկնություններ և կրկնօրինակներ, պատվիրել է նկարչին նկարի կրկնօրինակը[2]։

1860-ականների վերջին Պրյանիշնիկովը սկսել է աշխատել 1812 թվականի Հայրենական պատերազմի պատմության նկարի վրա և 1874 թվականին ավարտել «1812 թվականին» նկարը։ Այդ թեմայով նա նկարել է մի քանի տարբերակ, որոնցից լավագույնը (չորրորդը) այժմ ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Կրամսկոյը հիացմունքով է գրել Իլյա Ռեպինին․ «Պրյանիշնիկովը մի լավ բան է նկարել՝ «Գերի ֆրանսիացիները 1812 թվականին»։

1871-1872 թվականներին Մոսկվայի պոլիտեխնիկական ցուցահանդեսի համար Պրյանիշնիկովը Վլադիմիր Մակովսկու, Գրիգորի Մյասոեդովի, Վլադիմիր Շերվուդի և այլ նկարիչների հետ միասին աշխատել է Ղրիմի պատերազմում Սևաստոպոլի պաշտպանությանը նվիրված մի շարք նկարների ստեղծման վրա. իննսունյոթ սյուժեներից Պրյանիշնիկովը նկարել է տասնութը, այդ թվում՝ «Զենքերի փոխադրում», «Կանանց կողմից վիրավորների խնամումը Սևաստոպոլում»։

1873 թվականից գրեթե մինչև իր կյանքի վերջը Պրյանիշնիկովը դասավանդել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, նրա աշակերտներից են եղել, մասնավորապես, Աբրամ Արխիպովը, Վասիլի Բակշեևը, Նիկոլայ Բոգդանով-Բելսկին, Վիտոլդ Բյալնիցկի-Բիրուլյան, Ստանիսլավ Ժուկովսկին, Սերգեյ Իվանովը, Նիկոլայ Կասատկինը, Ալեքսեյ Կորինը, Սերգեյ Կորովինը, Կլավդի Լեբեդևը, Սերգեյ Մալյուտինը, Ալեքսեյ Ստեպանովը և շատ ուրիշներ։

1871 թվականին հանրությանը ներկայացվեց «Նկարիչ Պերովը որսի պահին» կտավը, որը նշանավորեց Պրյանիշնիկովի ստեղծագործության նոր թեմայի սկիզբը՝ «Որսի վերջը», «Քաշակի վրա», «Որսը գերությունից լավ է» կտավներում նրան հաջողվեց ցույց տալ մարդու և բնության ներդաշնակ համադրությունը[3]։

Ա. Մ. Կորին։ «Իլարիոն Միխայլովիչ Պրյանիշնիկովի հոգեհանգստի արարողությունը» (1900)

1874 թվականին Կոնստանտին Տրուտովսկու, Վլադիմիր Մակովսկու, Իվան Կրամսկոյի հետ համատեղ նա նկարազարդել է Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկայի մերձակայքի խուտորում» վիպակը։ 1875-1877 թվականներին աշխատել է Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի որմնանկարների վրա։

Մոսկվայում բնակվելու ընթացքում Պրյանիշնիկովը մեկնել է Ռուսական Հյուսիս՝ բնությունից էսքիզներ նկարելու համար, մասնավորապես, բազմիցս այցելել է Լալսկ՝ ավագ եղբոր՝ Սերգեյի մոտ։ Պրյանիշնիկովի բազմաթիվ նկարներում կարելի է տեսնել հենց Լալսկը, թղթի գործարանը, որի տնօրենը նրա եղբայրն է եղել, նկարչի վերջին անավարտ «Եկեղեցական թափոր» կտավում պատկերված է Լուզայի Աստվածածնի եկեղեցին։ 1880-ականների երկրորդ կեսին - 1890-ականների առաջին կեսին Պրյանիշնիկովը նկարել է մի քանի մոնումենտալ կտավներ՝ նվիրված ռուսական գյուղի առօրյա կյանքին և ավանդույթներին՝ «Համբարձման օրը Հյուսիսում» (1887), «Եկեղեցական թափոր», «Ընդհանուր մատաղի կաթսա հայրապետական տոնին», «Վոլոգդայի նահանգում կտավատի ցանքի համար արտերի նախապատրաստումը»։ Միաժամանակ նրա «Նկարչի արվեստանոցում» (1890) և «Գավառում» (1893) ստեղծագործություններում հայտնվեցին «մռայլ» տրամադրությամբ պատկերներ և սյուժեներ։

1891-1892 թվականներին Պրյանիշնիկովը հիվանդացել է տուբերկուլյոզով և տեղափոխվել Ղրիմ՝ Ալուպկա, որտեղ բնակվում էր Պյոտր Գուբոնինի կալվածքում։ Մոսկվա վերադառնալուն պես նա կրկին դասավանդել է ուսումնարանում, իսկ 1893 թվականին ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

Պրյանիշնիկովը մահացել է Մոսկվայում, 1894 թվականի մարտի 12-ին (24)։ Թաղված է Մոսկվայի Նովո-Ալեքսեևսկի վանքի գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չարչի տղան» (1860-ական թվականներ),
  • «Նամակի ընթերցումը փոքր կրպակում» (1860-ական թվականներ),
  • «Կատակասերները։ Քարվանսարա Մոսկվայում» (1865, Տրետյակովյան պատկերասրահ),
  • «Հրդեհից տուժածներ» (1871),
  • «1812 թվականին» (1873), (Օդեսայի արվեստի թանգարանի հավաքածու),
  • «1812 թվականին» (1874, Տրետյակովյան պատկերասրահ),
  • «Դատարկ վագոններ» (1871, Խարկովի արվեստի թանգարան, տարբերակ 1872 - Պետական Տրետյակովյան պատկերասրահ),
  • «Դաժան սիրերգեր» (1881),
  • «Քարշակի վրա» (1881, կտավ 53,8 x 44,5 սմ) Տվերի մարզային պատկերասրահ,
  • «Որսն ավելի լավ է, քան գերությունը» (1881),
  • «Երեխաները ձկնորսության պահին» (1882), Կրասնոյարսկի Վ. Ի․ Սուրիկովի անվան արվեստի պետական թանգարան,
  • «Վերադարձ տոնավաճառից» (1883),
  • «Համբարձման օրը հյուսիսում» (1887, Տրետյակովյան պատկերասրահ),
  • «Նկարչի արվեստանոցում» (1890),
  • «Ընդհանուր մատաղի կաթսա հայրապետական տոնին» (1888, Ա. Ն. Ռադիշչովի անվան արվեստի թանգարան, Սարատով),
  • «Խաչեղբորը սպասելիս» (1891)։ Սերպուխովի պատմության և արվեստի թանգարան։

Նկարներ, որոնք գտնվել են Սերգեյ Միխայլովիչի եղբոր տանը Լալսկում և 1918 թվականին տեղափոխվել են Վելիկոուստյուժսկի թանգարան՝

  • «Եղբոր դիմանկարը»,
  • «Եղբոր կնոջ դիմանկարը»,
  • «Հյուրեր»,
  • «Տեսարան Սումկինի ֆաբրիկայից»,
  • «Տոնավաճառ Լալսկում»։

«Լալսկի» շարքի այլ նկարներ՝

  • «Որոգայթում» (1881),
  • «Երեխաները ցանկապատի վրա» («Ճնճղուկներ»),
  • «Որսի վերջը» (1884),
  • «Եկեղեցական թափոր» (1893),
  • «Շուկա Լալսկում»,
  • «Վոլոգդայի նահանգում կտավատի ցանքի համար արտերի նախապատրաստում»,
  • «Եկեղեցու երեցփոխանը»,
  • «Տիրացուն»,
  • «Խաղաղ նավամատույցում»,
  • «Գավառում»։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Ելենա Ֆլեգոնտովնան, Մոսկվայի Վոսկրեսենսկիների ազնվականական տոհմից է եղել, ծնվել է մոտավորապես 1847 թվականին։ Եղել է ճարտարապետներ Սերգեյ Ֆլեգոնտովիչի և Ֆլեգոնտ Ֆլեգոնտովիչ Վոսկրեսենսկու քույրը։ Առողջական խնդիրների պատճառով Պրյանիշնիկովի հետ ամուսնությունից նրանք երեխա չեն ունեցել, մեծացրել է աղքատ ընտանիքից վերցրած մի աղջկա որպես իր դուստր, որը խորհրդային գրող Ալեքսեյ Կոնդրատովիչի տատիկն է եղել[4]։ Կինը որպես մոդել է ծառայել Պրյանիշնիկովի որոշ նկարների համար, եղել է երիտասարդ կնոջ դիմանկարի նախատիպը, որը կոչվում է «Հյուրը», նրա դիմագծերով աղջիկ է պատկերված «Դաժան սիրերգեր» և «Մանող կինը» կտավներում։ 1900 թվականից բնակվել է Լալսկում հարազատների մոտ, մահացել, ըստ տարբեր տեղեկությունների 1919, կամ 1931 թվականին և թաղված է Լալսկի ընտանեկան գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 - «Թափառաշրջիկներ. Իլարիոն Պրյանիշնիկով» («Մշակույթ», վավերագրական ֆիլմ)[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Художник-передвижник Илларион Прянишников: художественный альбом / В. М. Обухов. — Калуга: Золотая аллея, 2008.
  • Горина Т. Н. Илларион Михайлович Прянишников. 1840—1894. — М.: Искусство, 1958.
  • Козлов А. М. Илларион Михайлович Прянишников. 1840—1894. — М.: Искусство, 1951.
  • С. Н. Кондаков. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 161. — 459 с.
  • Страздынь Ю. Ф. Прянишниковы на лальской земле // Сохранение исторических объектов и памятных мест Лузского района Кировской области. — Лальск, Киров, 2011. — С. 233—243.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Прянишников Илларион Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Биография Արխիվացված 2016-03-04 Wayback Machine на Арт Каталог
  3. 3,0 3,1 Биография на портале «Родон».
  4. Алексей Кондратович Нас волокло время…
  5. Передвижники. Илларион Прянишников

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլարիոն Պրյանիշնիկով» հոդվածին։