Ժանգային մատնոցուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանգային մատնոցուկ
Ժանգային մատնոցուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Խլածազգիներ
Ցեղ Ժանգային մատնողուկ
Լատիներեն անվանում
Digitalis ferruginea L.

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Ժանգային մատնոցուկ (Լատիներեն՝ Digitalis ferruginea L.)։ Հայկական տարանունները - մատնածաղիկ, մատնատունկ, մատնետունկ, մատնոցակ, պուճպուճա։

Դեղաբույսի նկարագրությունը[խմբագրել]

Խլածաղկազգիների ընտանիքին պատկանող, 50-70 սմ բարձրության, կարճ կոճղարմատով ու ամուր ցողունով բազմամյա խոտաբույս է։ Ծաղիկները ժանգադեղնավուն են, զանգակաձև։ Տերևները երկար են, մինչև 30 սմ։ Պտուղը ձվաձև, երկբուն տուփիկ է` բազմաթիվ դարչնագույն սերմերով։ Ծաղկում է հունիսից, պտղակալում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հասուն բույսերը, ծաղկում են 2 տարին մեկ անգամ։ Սերմերի ծլունակությունը հասնում է մինչև 90%-ի։ Բույսը վատ է տանում ցուրտը, պտղակալում է ոչ կանոնավոր։ Աճում է մեր հանրապետության անտառներում, ծովի մակերևույթից 1200-1800 մ բարձրության վրա, գլխավորապես` Փամբակի, Գեղամա և Արագած լեռների լանջերին, տեղ-տեղ տալով ոչ ընդարձակ բուսուտներ։ Մեր հանրապետությունում աճում են 2 տեսակ, որոնցից հետազոտված և կիրառության մեջ է մտցված միայն ժանգայինը։

Ցեղի Դիգիտալիս անունը լատիներեն նշանակում է մատնոց, ելնելով այն բանից, որ ծաղիկներն իրոք նման են մատնոցի, իսկ ֆերրիգինեուս լատիներեն նշանակում է ժանգային` կապված այդ տեսակի ծաղիկների ժանգագույն լինելու հետ։

Քիմիական բաղադրությունը[խմբագրել]

Բույսի տերևներում հայտնաբերված են 31 տեսակի սրտային գլիկոզիդներ, որոնցից են` լանատոզիդ A-ն, B-ն, C-ն, D-ն, E-ն, գիտոզիդը, ացետիլդիգիտոքսին L-ն, B-ն, ացետիլգիտալոքսինը, վերոդոքսինը և այլն։ Այս գլիկոզիդները խիստ անկայուն են, հեշտությամբ հիդրոլիզվելով` վեր են ածվում ագլիկոնի և շաքարի։ Տերևները պարունակում են նաև տիոգնին ստերոիդ սապոնինը։

Բուժական նշանակությունը[խմբագրել]

Մատնոցուկները բժշկության մեջ սկսել են կիրառել 1775 թվականից, այն էլ միայն մեծ դոզաներով` փսխում առաջացնելու նպատակով։ Միայն XVIII դարի վերջերին անգլիացի բժիշկ Ուիտերինգին հաջողվեց պարզել, որ մատնոցուկն ավելի շուտ միզամուղ է, քան փսխեցնող, և ավելի շուտ սրտային` քան միզամուղ։ Քանի որ մատնոցուկները թունավոր են, ժողովրդական բժշկության մեջ չեն օգտագործվել։

Ժանգային մատնոցուկի պատկերը

Բուժման նպատակով հավաքում են միայն 2-ից ավելի տարիք ունեցող բույսի տերևները, որոնք արագ չորացնում են հով տեղում` միջանցուկ քամու տակ, կամ վառարանում` 40-60° պայմաններում։ Չոր հումքը կազմում է նախահումքի 20-22%-ը։ Այն ունի յուրահատուկ հոտ, տհաճ, դառը համ։ Պահում են մետաղե կամ ապակե ամաններում, չոր տեղում։ Տերևները տարվա ընթացքում հավաքում են 2 անգամ, առաջինը` հուլիսի երկրորդ կեսից, երբ դեղաբույսը դեռ չի ծաղկած, իսկ երկրորդը` լրիվ ծաղկելուց հետո։ Դեղաբույսի սրտի վրա ունեցող ազդեցությունը փորձնական պայմաններում ուսումնասիրել են Ս. Հ. Միրզոյանը, Գ. Ս. Շահնազարյանը, Շ. Պ. Կվիցարիձեն և ուրիշներ։ Պարզվել է, որ դեղաբույսը իր ազդեցությամբ շատ բանով հիշեցնում է ծիրանագույն մատնոցուկին։ Հյութը բարձրացնում է կատուների արյան ճնշումը։

Փոքր դոզաներից մեծանում է ինչպես գորտի, այնպես էլ կատվի սրտի կծկման ամպլիտուդան, միաժամանակ` դանդաղում ռիթմը։ Հյութի ազդեցությունից սեղմվում են կատվի մեկուսացված ականջի անոթները, մեծանում պսակաձև անոթների արյան հոսքի ծավալային արագությունը։ Ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ հյութի ազդեցության տակ բուժվել է կատուների մոտ փորձնականորեն առաջ բերված միոկարդիտը, դանդաղել է սրտի ռիթմը, վերականգնվել նախասիրտ-փորոքային հաղորդականությունը։ Շ. Պ. Կվիցարիձեի կլինիկական հետազոտությունները պարզել են, որ ժանգային մատնոցուկի պատրաստուկներն արդյունավետ են ներգործում II և III աստիճանի սրտային անբավարարությունների դեպքում, սակայն իրենց կումուլյատիվ հատկությամբ այդ պատրաստուկները գերազանցում են ծիրանագույն մատնոցուկին։

Բ. Ե. Վոտչալի տվյալներով, մատնոցուկների պատրաստուկները` կիրառելով սրտային տարբեր բնույթի անբավարարությունների ժամանակ, մեծացնում են հոգնած սրտամկանի օգտակար գործողության գործակիցը, արյան րոպեական և պսակային շրջանառության ծավալները, լավացնում սրտամկանի սնուցումը։ Իսկ ընդհանուր առմամբ, մատնոցուկային խմբի դեղամիջոցներն իջեցնում են երակային ճնշումը, որը հաճախ բարձր է լինում սրտային անբավարարությունների ժամանակ, կարգավորում են զարկերակային արյան ճնշումը, փոքրացնում շրջանառության մեջ գտնվող արյան քանակը, բարձրացնում արյան հոսքի արագությունը։ Այս բոլորի հետևանքով լավանում է սրտամկանի սնուցումը։ Շատ կարևոր հանգամանք է այն, որ բուժման շնորհիվ ավելանում է դիուրեզը, տոնուսավորվում ստամոքսաղիքային տրակտի, լեղապարկի և բրոնխների մկանները (Ե. Ռոզանով, Մ. Դ. Մաշկովսկի)։

Մատնոցուկի պատրաստուկները լայնորեն ցուցված են սրտային սուր և քրոնիկական անբավարարությունների ժամանակ, որոնք հիմնականում նկատվում են սրտային արատների, սրտամկանի աթերոսկլերոտիկ ախտահարումների, հիպերտոնիկ հիվանդության, ինֆեկցիոն հիվանդություններից և այլ պատճառներից առաջ եկած ինտոքսիկացիաների, շողացող առիթմիաների ժամանակ և այլն։ Էդենսը, որը երկար ժամանակ զբաղվել է մատնոցուկների բուժման հարցերով, գտել է, որ մատնոցուկը թերապևտի ձեռքին այն է, ինչ դանակը վիրաբույժի ձեռքին’’: Ավելի պատկերավոր է ասել Բ. Ե. Վոտչալը. - մատնոցուկը սրտի համար ավելի շուտ վարսակ է, քան մտրակ:

Մատնոցուկի թփի տեսքը

Սակայն այս խմբի դեղամիջոցների կումուլյատիվ ներգործության հետևանքով` առանձին դեպքերում, բուժման ընթացքում առաջ են գալիս ինտոքսիկացիայի երևույթներ, որոնք արտահայտվում են դանդաղասրտության, դիսպեպտիկ երևույթների (նեղկանք, ]անորեքսիա և այլն), դիուրեզը պակասելու, որոշ դեպքերում նույնիսկ նեյրոհոգեկան որոշ շեղումների ձևով և այլն։ Դեղամիջոցի դոզայի պակասեցնելը կամ ժամանակավորապես չընդունելը հեշտությամբ վերացնում են այդ անցանկալի երևույթները։ Ժանգային մատնոցուկի տերևներից պատրաստում են նորագալենյան դեղամիջոց` դիգալեն նեոն, որը թափանցիկ, բաց դեղնավուն, դառնահամ հեղուկ է, ունի 2,7-3,3 գորտային կամ 0,45-0,55 կատվային միավոր (գորտային կամ կատվային միավոր ասելով հասկանում ենք դեղամիջոցի այն քանակը, որը կարող է առաջ բերել գորտի կամ կատվի սրտի կանգ)։ Սատիտուրանի պատրաստուկը պարունակում է ժանգայիմն մատնոցուկի գլիկոզիդների հանրագումարը` 3 գորտային միավոր ակտիվությամբ, իսկ սուկկուդիֆերը դեղաբույսի տերևների կոնսերվացված հյութն է, որի 1 մլ-ը ունի 5-6 գորտային միավորի ակտիվություն։ Բոլոր այս դեղամիջոցները հակացուցված են արտահայտված դանդաղասրտության, նախասիրտ-փորոքային բլոկադաների, հաճախակի կրկնվող կրծքահեղձուկի նոպաների ժամանակ և այլն։ Մեր կողմից, Գեղամա լեռների լանջերից հավաքված ժանգային մատնոցուկի տերևները` 0,1 գ փոշու ձևով (40-100 գորտային միավոր), օրական 3 անգամ օգտագործվել է տարբեր ծագման սրտային անբավարարությունների ժամանակ։ Միաժամանակ, առանձին խմբի նույնատիպ հիվանդների մոտ օգտագործել ենք դիագլեն նեո` ներարկումների ձևով։ Նշենք, որ այս պատրաստուկներն օժտված են սրտի աշխատանքը կարգավորող ներգործությամբ։

Կիրառման եղանակները[խմբագրել]

Մատնոցուկի տեսքը

Դիգալեն նեոն, որ բաց է թողնվում 1 գ-անոց ամպուլներով, ներարկվում է ենթամաշկային կամ միջմկանային։ Դեղամիջոցի կաթիլները ընդունում են 10-15-ական կաթիլ` օրական 2-3 անգամ։ Սատիտուրանին բաց է թողնվում հաբերի ձևով. ընդունում են 1-2 հաբ` օրական 2- 3 անգամ։ Տերևափոշին ընդունում են 0,1-ական գ` օրական 3 անգամ։

Այլ օգտակար հատկանիշները[խմբագրել]

Դեղաբույսը` շնորհիվ իր հմայիչ տեսքի, դեկորատիվ է. աճեցնում են այգիներում, ծաղկանոցներում և այլուր։ Տալիս է առատ ծաղկափոշի։ Թունավոր խոտաբույս է, անասունները չեն ուտում։

Աղբյուրներ[խմբագրել]