Ժամանակակից անգլերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից անգլերեն
Տեսակլեզու
Ենթադասանգլիական լեզուներ

Ժամանակակից անգլերեն (երբեմն՝ նոր անգլերեն[1]), անգլերենի ձև, որը ձևավորվել է 15-րդ դարի վերջին - 17-րդ դարի կեսերին։ Որոշ լեզվաբաններ առանձնացնում են նաև վաղ նոր անգլերենը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր անգլերենի ձևավորման գործում էական դեր խաղացին 17-րդ դարի սկզբի այնպիսի տեքստեր, ինչպիսիք են Հակոբ թագավորի Աստվածաշունչը՝ Աստվածաշունչի անգլերեն թարգմանությունը, որը կատարվել է Անգլիայի թագավոր Հակոբ Առաջինի հովանու ներքո և թողարկվել է 1611 թվականին, Ուիլիամ Շեքսպիրի գործերը, որին շատ լեզվաբաններ համարում են անգլիական գրական լեզվի հիմնադիր։ Շեքսպիրին, մասնավորապես, վերագրվում է անգլերեն բազմաթիվ իդիոմատիկ արտահայտությունների ծագումը, որոնք օգտագործվում են ժամանակակից անգլերենում, ինչպես նաև անգլերենում արմատավորված նորաբանությունները։ Օրինակ՝ «swaggering gait, swagger» (ամբարտավան տեսք, ամբարտավան) բառն առաջին անգամ հանդիպում է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսում։

Անգլերենն ընդունվեց աշխարհի տարբեր շրջաններում՝ Բրիտանական կայսրության գաղութացման միջոցով, ինչպիսիք են՝ Հյուսիսային Ամերիկան, Հնդկաստանը, Աֆրիկան, Ավստրալիան և Նոր Զելանդիան։

1712 թվականին պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց մի կերպար, որն անձնավորեց Մեծ Բրիտանիան և բրիտանացիների ազգային կերպարը։ Այդ տարի է ծնվել Ջոն Բուլը՝ Ջոն Արբեթնոթի քաղաքական պամֆլետների հերոսը, որն այդ ժամանակվանից ի վեր հանդիսացել է անգլիացու երգիծական պատկերը։

Նոր անգլերենը չուներ բառերի միատեսակ ուղղագրություն։

Սամուել Ջոնսոնի «Անգլերենի բառարանի» առաջին հրատարակության (1755) տիտղոսաթերթը

1755 թվականին Սամուել Ջոնսոնի «Անգլերենի բառարանի» հրատարակումը նպաստեց ուղղագրության ստանդարտ ձևի ստեղծմանը։ Ջոնսոնի բառարանը, որը պարունակում է 42773 բառահոդված, համարվում է անգլերենի պատմության ամենաազդեցիկ բառարանը և չի կորցրել իր արժեքը մինչև այսօր։

Իսկ 1828 թվականին Ամերիկայում Նոյ Ուեբսթերը հրատարակեց «Անգլերենի ամերիկյան բառարանը» (անգլ.՝ An American Dictionary of the English Language), որը պարունակում էր ամերիկյան անգլերենի շատ ստանդարտներ և ներառում էր մոտ 70 հազար բառահոդված։

1795 թվականին լույս է տեսնում Լինդլի Մյուրեյի անգլերենի առաջին դասագիրքը՝ «Անգլերենի քերականությունը»։ Այս դասագիրքը գրեթե երկու դար հիմնարար դեր խաղաց անգլերենի քերականության մեջ։

Ժամանակակից անգլերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնցով խոսում են աշխարհի շատ երկրներում, երբեմն հավաքականորեն անվանում են «անգլոսֆերա»։ Այս բարբառները ներառում են ամերիկյան անգլերենը, ավստրալիական անգլերենը, բրիտանական անգլերենը, կանադական անգլերենը, կարիբյան անգլերենը, հնդկական անգլերենը, պակիստանյան անգլերենը, նիգերիական անգլերենը, նորզելանդական անգլերենը, ֆիլիպինյան անգլերենը, սինգապուրյան անգլերենը և հարավաֆրիկյան անգլերենը։

Ըստ աշխարհի լեզուների հայտնի «Ethnologue» տեղեկագրքի՝ անգլերենով խոսում է մեկ միլիարդ մարդ ամբողջ աշխարհում[2]։ Անգլերենը առաջին կամ երկրորդ լեզու է շատ երկրներում, մեծ թվով բնիկ խոսողներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում և Իռլանդիայում, Հնդկաստանում, Պակիստանում, Ֆիլիպիններում և Հարավային Աֆրիկայում։ Այն «ավելի շատ ոչ բնիկ խոսողներ ունի, քան ցանկացած այլ լեզու, ավելի լայն տարածում ունի աշխարհում և օգտագործվում է ավելի շատ նպատակներով, քան ցանկացած այլ լեզու։ Նրա մեծ թվով խոսողներ, գումարած՝ համաշխարհային տարածումը, անգլերենը դարձրել են ավիաընկերությունների, ծովային և բեռնափոխադրումների, համակարգչային տեխնոլոգիաների, գիտության և հաղորդակցության ընդհանուր լեզու՝ լինգվա-ֆրանկա («lingua franca»)»[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Terttu Nevalainen: An Introduction to Early Modern English, Oxford University Press, 2006, p. 1
  2. Lewis, M. Paul; Simons, Gary F.; Fennig, Charles D., eds. (2016). «English». Ethnologue. SIL International. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին. «Total users in all countries: 942,533,930 (as L1: 339,370,920; as L2: 603,163,010)»
  3. Algeo, pyles, էջ 222

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]