Թեղի գետնամերձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեղի գետնամերձ
Թեղի գետնամերձ
Թեղի գետնամերձ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թեղազգիներ (Ulmaceae)
Ցեղ Թեղի (Ulmus)
Տեսակ Թեղի գետնամերձ (U. pumilla)
Միջազգային անվանում
Ulmus pumilla
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Թեղի գետնամերձ (լատին․՝ Ulmus pumila), եղինջածաղկավորների կարգի, թեղազգիների ընտանիքի ծառ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է՝ մինչև 16 մ բարձրությամբ և 80 սմ բնի տրամագծով։ Սաղարթը վրանաձև է։ Որոշ դեպքերում թփանման տեսք է ունենում։ Բնի վրայի կեղևը մուգ մոխրավուն է, խոր ճեղքերով ծածկված, ընձյուղների վրա դեղնավուն, ավելի ուշ՝ դեղնամոխրավուն։ Բողբոջները բութ են, ձվաձև, 3-5 մմ երկարությամբ։ Տերևակիցները լայն են, համարյա սրտանման հիմքով։ Տերևները կաշվեկերպ են, մանր, 3-7 սմ երկարությամբ, էլիպսանշտարաձև, սրածայր, եզրերում կրկնակի սղոցաեզր, գրեթե հավասարակողմ հիմքով, վերևի կողմից փափուկ, մերկ, 2-4 մմ երկարությամբ կոթուններով։ Ծաղիկներն ունեն աննշան, 1 մմ երկարությամբ կոթուններ, փոշանոթները մանուշակագույն են։ Տերևները բացվում են ծաղկումից հետո։ Թևապտուղները լայն-էլիպսաձև են կամ գրեթե կլոր, 1,5-2 սմ երկարությամբ։ Ընկուզիկը գտնվում է կենտրոնում։ Ծաղկում է փետրվար-ապրիլ ամիսներին, պտղաբերում է ապրիլ-մայիսին։ Բազմանում է սերմերով, արմատային մացառներ չի տալիս։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևմտյան Սիբիրում (Անդրբայկալ), Հեռավոր Արևելքում, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մոնղոլական ժողովրդական հանրապետության հյուսիսում, որտեղ աճում է գետահովիտներում, քարքարոտ վայրերում։ Հայաստանի պայմաններում հաջողությամբ է կլիմայավարժվել։ Ամեն տարի առատորեն պտղաբերում է, ընդ որում սերմերը աչքի են ընկնում բարձր ծլունակությամբ։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագ է աճում, լավ է տանում խուզումը, լայնորեն է օգտագործվում ինչպես կանաչապատման, այնպես էլ անտառապատման բնագավառում։ Լուսասեր է, երաշտադիմացկուն, լավ է աճում նույնիսկ աղակալած հողերում։ Պիտանի է հատկապես Արարատյան դաշտի և ցածրադիր գոտու այլ շրջանների համար։ Էկոլոգիական խումբը XI: Մշակության հավանական շրջանները 1 —32[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 151։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի գետնամերձ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի գետնամերձ» հոդվածին։