Էդուարդ Տելչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Տելչ
հունգ.՝ Teltsch Ede
Ծնվել էմայիսի 12, 1872(1872-05-12)[1][2]
ԾննդավայրԲայա, Հունգարիա
Մահացել էհուլիսի 19, 1948(1948-07-19)[1] (76 տարեկան) կամ հուլիսի 18, 1948(1948-07-18)[3] (76 տարեկան)
Վախճանի վայրըԲուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[4]
Քաղաքացիություն Հունգարիա[5]
Մասնագիտությունքանդակագործ և մեդալագործ
 Ede Telcs Վիքիպահեստում

Էդուարդ Տելչ (գերմ.՝ Eduard Teltsch, հունգ.՝ Telcs Ede, մայիսի 12, 1872(1872-05-12)[1][2], Բայա, Հունգարիա - հուլիսի 19, 1948(1948-07-19)[1] կամ հուլիսի 18, 1948(1948-07-18)[3], Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[4]), հունգարացի քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Տելչը ծնվել է 1872 թվականին Բայայում։ Սովորել է Սուբոտիցայի գիմնազիայում, իսկ 1887 թվականից Բուդապեշտի արհեստագործական ուսումնարանում։ 1888 թվականին ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, որտեղ մինչև 1892 թվականը սովորել է քանդակագործ Էդմունդ ֆոն Հելմերի մոտ։ 1892 թվականին ստացել է Ֆյուգերի մրցանակ։

Մինչև 1895 թվականը Տելչը հատուկ դպրոցում քանդակագործություն է սովորել գերմանացի քանդակագործ Կասպար ֆոն Ցումբուշի մոտ։ 1893 թվականին նրա առաջին աշխատանքները ցուցադրվել են Մյուչառնոկ արվեստի սրահում։ 1895 թվականին Տելչն աշխատել է Դյորդ Զալայի մոտ, իսկ 1896 թվականին սեփական արվեստանոցն է բացել Բուդապեշտում։ 1896 թվականին Տելչի քանդակները ցուցադրվել են Բուդապեշտում՝ հազարամյակի ցուցահանդեսում, իսկ 1906 թվականին նրա դիմանկարներն ու պուտոյի (Վերածննդի շրջանում հանդիպող փոքրիկ մերկ կամ կիսամերկ տղայի կերպար) քանդակը ցուցադրվել են Միլանում՝ Համաշխարհային ցուցահանդեսում։ Էդուարդ Տելչը կերտել է Թոմաս Գրեշեմի քանդակային դիմանկարը Գրեշեմի պալատի ճակատամասը զարդարելու համար, Լայոշ Կոշուտի հուշարձանը Կեչկեմետում, քաղաքական գործիչ Դեժյո Սիլադյիի կիսանդրին, Միհայ Վյորյոշմարտիի արձանը համանուն հրապարակում (համատեղ աշխատանք Էդուարդ Կաշոտի հետ), Լասլո I-ի արձանը Բուդապեշտի Հերոսների հրապարակի համար և Միկլոշ Բարաբաշի և Միխայ Մունկաչիի մահարձանները։

Լայոշ Կոշուտի արձանը Կեչկեմետում

Էդուարդ Տելչը ճանապարհորդել է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Անգլիայում, 1920-1922 թվականներին ապրել է Ուտրեխտում։ Հայրենիք վերադառնալուց հետո կերտել է մանկական քանդակաշար «Հելերտ» հյուրանոցի լողավազանի համար և ճարտարապետ Իգնաց Ալպարի արձանը Վարոշլիգեթի Վայդահունյադ ամրոցի համար։

Ֆերենց Սարնովսկու և Ֆյուլ Բեկի հետ Էդուարդ Տելչը համարվում է հունգարական մեդալագործության հիմնադիրներից մեկը։ Տելչը հեղինակել է մեդալներ քաղաքական գործիչներ Ֆերենց Դեակի և Դյուլա Անդրաշի Ավագի, նկարիչ Ֆերենց Սոլդատիչի, երաժիշտ Դավիդ Պոպերի պատկերներով, ինչպես նաև «Մայրություն», «Նստած Պանը» մեդալները[6][7][8]։ Տելչի աշխատանքները մասնակցել են միջազգային տարբեր ցուցահանդեսների Անտվերպենում, Դրեզդենում, Բրյուսելում, Մոնցայում, Բարսելոնում, Փարիզում, Վենետիկում, ինչպես նաև Սենթ Լուիսի Համաշխարհային ցուցահանդեսում։ Էդուարդ Տելչի արվեստանոցում աշխատել են քանդակագործներ Դյուլա Մուրանյին, Լայոշ Բերանը, Յոզեֆ Ռեմենյին և Պաուլ Վինչեն։ Էդուարդ Տելչը եղել է «Կիրառական արվեստի հունգարական միության» անդամ։

Մահացել է 1948 թվականին, թաղված է Ֆարկաշրետիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Տելչ» հոդվածին։