Եկատերինա Մեդիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Catherine-de-medici.jpg

Եկատերինա Մեդիչի (ֆր.՝ Catherine de Médicis, լրիվ անունը` Եկատերինա Մարիա Ռոմոլա դի Լորենցո դե Մեդիչի (իտ.՝ Caterina Maria Romola di Lorenzo de' Medici), 1519թ. ապրիլի 13, Ֆլորենցիա1589թ. հունվարի 5, Բլուա), Ֆրանսիայի թագուհի, Ֆրանսիայի թագավորության ժամանակավոր կառավարիչ-գահապահ, Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II Վալուայի կինը, Ուրբինոյի դուքս Լորենցո դե Մեդիչիի դուստրը:

Ծնվել է Ֆլորենցիայում 1519թ. ապրիլի 13-ին: 1533թ. հոկտեմբերին իր հորեղբայր Հռոմի պապ Կղեմես VII-ի ջանքերով ամուսնացել է Օրլեանի դուքս, հետագայում Ֆրանսիայի թագավոր Հենրիխ II-ի հետ: Եկատերինայի և Հենրիխի մոտ ծնվել է 10 երեխա, որոնցից հասուն տարիքի են հասել 4 որդի և 3 դուստր: Հենրիխ II-ի իշխանության տարիներին Եկատերինան մեծ ազդեցություն չի ունեցել արքունիքում` գտնվելով ամուսնու ֆավորիտուհի` Դիանա դը Պուատիեի ստվերում: Սակայն 1559թ. Հենրիխը մահանում է դժբախտ պատահարից, իսկ 1560թ. մահանում է նրան հաջորդած Հենրիխի և Եկատերինայի ավագ որդի Ֆրանցիսկ II-ը: Եկատերինան դառնում է իր անչափահաս որդի` Կարլոս IX-ի գահապահը: Այդ պաշտոնը օժտում է նրան պետական կառավարմանը մասնակցելու մեծ լիազորություններով, որոնք Եկատերինա Մեդիչին պահպանում է մինչև իր մահը: 1574թ. Կարլոս IX-ի մահից հետո ֆրանսիական գահը ժառանգել է Եկատերինայի մեկ այլ որդի` Հենրիխ III-ը: Նրա դուստրերից մեկը` Եղիսաբեթը դարձել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի երրորդ կինը, իսկ իր մյուս դստեր` Մարգարիտա Վալուան (Մարգո թագուհի) տրվել է կնության Հենրիխ Նավարացուն:

XVI դարի երկրորդ կեսը Ֆրանսիայում կաթոլիկների և բողոքականների (Ֆրանսիայում նրանց անվանում էին հուգենոտներ) միջև ընթացող կրոնական պատերազմների ժամանակաշրջան էր, պատերազմ, որը մերթ մտնում էր սուր առճակատման փուլ, մերթ որոշ չափով մարում էր: Եկատերինա Մեդիչին, դավանելով կաթոլիկություն, տատանվում էր մի կողմից փոխզիջման ու խաղաղեցման քաղաքականության և մյուս կողմից` կոշտ գիծ տանելու միջև` չխորշելով անգամ հուգենոտների սպանություններից և կոտորածներից: Նրան ամենից շատ հուզել է իր ազդեցության պահպանումը ի հակակշիր գործող երկու խմբավորումների` կաթոլիկ, որի պարագլուխներն էին դուքս դը Գիզը և Լոթարինգիայի ազնվական տան այլ ներկայացուցիչները, և բողոքական, որը ղեկավարում էին Հենրիխ Նավարացին և ծովակալ Գասպար դը Կոլինյին: 1572թ. օգոստոսի 24-ին Փարիզում սկսվել է հուգենոտների կոտորած, որոնք հավաքվել էին քաղաք Հենրիխ Նավարացու և Մարգարիտա Վալուայի ամուսնության տոնախմբություններին մասնակցելու նպատակով: Սկզբում սպանվել է Կոլինյին, այնուհետև հրահանգ է տրվում հաշվեհարդար տեսնել անխտիր բոլոր հուգենոտների հետ: Այդ իրադարձությունները հայտնի են «Բարդուղիմեոսյան գիշեր» անունով, քանի որ օգոստոսի 24-ը կաթոլիկ օրացույցում սուրբ Բարդուղիմեոսի հիշատակի օրն էր: Կոտորածը շարունակվել է շուրջ մեկ շաբաթ` այնուհետև տարածվելով Ֆրանսիայի որոշ շրջաններով ևս: Ֆրանսիայում ջարդերի ալիքին զոհ են գնացել շուրջ 50,000 հուգենոտ, իսկ Հենրիխ Նավարացին կարողացել է իր կյանքը փրկել առերես կաթոլիկություն ընդունելով: Որևէ հիմք չկա կասկածելու, որ Եկատերինա Մեդիչին իր որդու` Կարլոս IX-ի հետ միասին հուգենոտներին կոտորելու որոշում ընդունած անձանցներից մեկն էր:

Եկատերինա Մեդիչին այրիի շորերով

Եկատերինա Մեդիչին հայտնի է նաև որպես ճարտարապետության, գրականության և արվեստների հովանավոր: Լինելով շքեղության և պերճանքի սիրահար` նա կարգադրել է կառուցել Լուվրի նոր թև և մեկնարկ է տվել Տյուիլրիի շինարարությանը: Փարիզից դուրս նրա նախաձեռնությամբ կառուցվել է Շանոնսո ամրոցի պատշգամբասրահը (Տուր քաղաքի մոտ), որը համարվում է Ֆրանսիայի ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Եկատերինայի անձնական գրադարանը, որում պահվում էին բազմաթիվ հազվագյուտ ձեռագրեր, Վերածննդի դարաշրջանի Ֆրանսիայի խոշորագույն հավաքածուներից մեկն էր:

Եկատերինա Մեդիչին վախճանվել է Բլուայում 1589թ. հունվարի 5-ին: Շուրջ 8 ամիս անց` 1589թ. օգոստոսի 5-ին սպանվել է նրա որդի Հենրիխ III-ը: Չթողնելով օրինական ժառանգորդներ` Եկատերինա Մեդիչիի որդիները դարձան ֆրանսիական գահի վրա Վալուա հարստության վերջին ներկայացուցիչները: