Գոյական անուն
Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։
Գոյական անվան խոսքի մասի կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բժիշկ, բուժում, մուրճ, հոդված։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։
Գոյականի իմաստային-քերականական խմբերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝
Հասարակ գոյականները ցույց են տալիս արտաքին աշխարհի բազմաքանակ և բազմատեսակ առարկաներ՝ ընդհանրացված ու վերացարկված ձևով:, ինչպես մարդ, ուսուցիչ, ուսանող, բժիշկ, քաղաք, ծով, լեռ, գետ և այլն։ Հատուկ անունները ցույց են տալիս միասեռ դասերի պատկանող առանձին, անհատական կամ մասնավոր առարկաներ, գեղարվեստական երկերի, գիտական աշխատությունների, հանդեսների, թերթերի, ամսագրերի, և այլ անվանումներ, ինչպես Վարդան, Անահիտ, Արշակ, Գնել, Բակունց, Արաքս, Սև ծով, Սևանա լիճ, Գեղամա լեռներ, «Մշակ», «Սամվել», «Գրական թերթ» և այլն։
Հատուկ անունները սովորաբար հոգնակի թվով չեն գործածվում։ Լեզվի զարգացման ընթացքում բազմաթիվ հասարակ անուններ վերածվել են հատուկ անունների, ինչպես՝ Մարտիկ, Վրեժ, Նվեր, Ավետիս, Մանուկ, Թոռնիկ, Իշխան, Գետաշեն, Գոհար և այլն։
Նկատելի է նաև հակառակ երևույթը, երբ հատուկ անունները վերածվում են հասարակ անունների, ինչպես՝ կայսր, մաուզեր, օգոստոս, ամպեր, վոլտ, օհմ, բոստոն և այլն։
Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ, ինչպես՝ տուն, ջուր, քար, մարդ, աղջիկ, առյուծ, ձուկ, լիճ։ իսկ վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս հատկանիշներ, երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես այդիսին մտածված առարկաներ, ինչպես՝ քաջություն, ուրախություն, կամք, սարսափ, խանդ, վախ և այլն։
Վերացական գոյականները մեծ մասամբ կազմվում են հատուկ ածանցներով՝ -ություն, -ում, -ք։
Թանձրացական գոյականները, ի տարբերություն վերացականների, սովորաբար կարող են ստանալ քանակական թվականով լրացումներ և գործածվել հոգնակի թվով, ինչպես՝ երկու աղջիկ, երեք թիթեռ, մեկ տուն, բայց չի լինի՝ մեկ տխրություն, երեք վախ և այլն։
Քանի որ լեզուն անընդհատ փոփոխվող կենդանի գործընթաց է, ժամանակի ընթացքում որոշ վերացական գոյականներ ձեռք են բերել թանձրացականի իմաստ, ինչպես՝ միություն, ընկերություն, շարժում, ձգտում և այլն։
Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականերն են մյուս բոլոր գոյականները։ Անձի և իրի տարբերակումը կատարվում է նաև ըստ հարցական դերանունների հետ հարաբերակցության։ Անձ ցույց տվող գոյականները պատասխանում են ո՞վ հարցին, իսկ իր ցույց տվող գոյականները, այդ թվում կենդանիները՝ ի՞նչ հարցին։
Անձ և իր ցույց տվող գոյականները տարբերվում են նաև քերականական հատկանիշներով։ Անձ ցույց տվող գոյականների հայցական հոլովը կազմվում է տրականաձև, իսկ իր ցույց տվող գոյականներինը՝ ուղղականաձև. Օրինակ՝ Տղան սիրում է մայրիկին։ Տղան սիրում է քաղաքը[1]։
- Հավաքական գոյականներ
Գոյականի իմաստային քերականական կարգերից են նաև հավաքական գոյականները, որոնք ցույց են տալիս միատեսակ առարկաների ամբողջություն։ Այս խմբի գոյականնները ձևով եզակի են, բայց արտահայտում են տալիս հոգնակի թվի իմաստ, ինչպես՝ ուսանողություն, գյուղացիություն, ղեկավարություն։ Ձևով եզակի են, բայց համապատասխանաբար նշանակում են ուսանողներ, գյուղացիներ, ղեկավարներ և ստորոգյալի հետ համաձայնում են եզակի թվով՝ Ուսանողությունը հուզված է։
Հավաքական գոյականներ են կազմվում նաև գոյականակերտ հետևյալ ածանցներով՝ -եղեն, -անք, -այք (ոսկեղեն, երկաթեղեն, բանջարեղեն, դեղորայք, առածանի)։
Գոյականի թվի քերականական կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվի քերականական կարգը ցույց է տալիս առարկաների քանակը, թիվը, մեկ կամ մեկից ավել լինելը։ Ըստ այդմ գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը բառի ուղիղ ձևն է, ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառ, տղա։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառեր, տղաներ։ Ժամանակակից հայերենում հոգնակի թիվը կազմվում է -եր, -ներ, -իկ, -ք մասնիկներով, որոնցից ամենագործածականը -եր և -ներ վերջավորություններն են։
Միավանկ բառերին ավելանում է -եր վերջավորությունը, օրինակ՝ տներ, քարեր, սարեր, գյուղեր։
Կանոնից շեղվում են մի շարք գրաբարյան բառեր. հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով -ներ վերջավորությունը։
Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ / բեռներ, գառներ, լեռներ, եզներ, դռներ, մատներ, նռներ, ծնկներ, թոռներ, ձկներ, հարսներ, մկներ բառերը։
Բազմավանկ բառերի հոգնակի թիվը կազմվում է -ներ վերջավորությամբ՝ քաղաք-ներ, այգի-ներ, աղջիկ-ներ։
Բազմավանկ բառերի հոգնակիի կազմության ժամանակ որոշակի օրինաչափություն են դրսևորում այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ է։
- Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է -եր։ Օրինակ՝ շարասյուներ, անձրևաջրեր, սարալանջեր, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա -ներ։ Օրինակ՝ ունկնդիրներ, շատախոսներ, ազգասերներ։ Որոշակի օրինաչափություն կա նաև մեկուկես վանկանի բառերի հոգնակիի կազմության դեպքում։
- Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է -ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է -եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։
Մի քանի գոյականների դեպքում, ինչպես՝ գամփռ-գամփռներ կամ գամռեր, անգղ-անգղներ կամ անգղեր, կիրառելի է երկու տարբերակն էլ։
-ք մասնիկով հոգնակի թիվ են կազմում -ցի, -ացի, -եցի ածանցներով կազմված գոյականները՝ երևանցիք, քաղաքացիք, գերմանացիք, լոռեցիք, մեղրեցիք և այլն։
-իկ մասնիկով հոգնակի թիվ են կազմում մարդ բառը և դրանով կազմված բարդությունները՝ մարդիկ, տղամարդիկ, նախամարդիկ։
-այք մասնիկով հոգնակի թիվ են կազմում կին- կանայք, տիկին- տիկնայք, պարոն- պարոնայք բառերը[2]։
Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։
Հոլովի քերականական կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլովը գոյականի (և գոյականական գործածություն ունեցող բառի) քերականական այն փոփոխությունն է, որով արտահայտվում է առարկայի տարբեր հարաբերություններ։ Ժամանակակից լեզվաբանությունը հոլովի իմաստը որոշում է նրա ոչ թե բոլոր կիրառությունների, այլ գլխավոր կիրառությունների հիման վրա։ Եվ քանի որ հոլովը առարկա ցույց տվող բառերի հարաբերություն է արտահայտում, նրա իմաստային կիրառությունների մեջ գլխավորը պետք է համարել ոչ թե պարագայական կամ հատկանշային կիրառությունները, այլ նրանք, որոնցում նա առարկա է ցույց տալիս (գործող կամ եղող, գործողության հետ կապված)։
Հոլովական իմաստը չի կարելի նույնացնել հոլովի արտահայտած կոնկրետ հարաբերության, շարահյուսական գործառույթի հետ, քանի որ նույն հոլովի գործածությունը շարահյուսական տարբեր գործառույթներով պայմանավորված է տվյալ հոլովի հետ հարաբերության մեջ մտնող բառերով և տվյալ հոլովով գործածված բառի իմաստով։
Արդի հայագիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ արևելահայերենի գոյականն ունի 7 հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական. այս վերջինից զուրկ է արևմտահայերենը։ Որոշ մասնագետներ գտնում են, որ գոյականն ունի միայն հինգ հոլով /հայցական հոլովը միացնում են ուղղական հոլովին, տրական հոլովը՝ սեռականին/։ Այս տեսակետն է ունեցել Մանուկ Աբեղյանը, հոլովների որոշման հարցում հիմք ընդունելով հոլովների կազմությունը, արտաքին հնչյունական կողմը, գտնում է, որ ժամանակի ընթացքում սեռականը ձուլվել է տրականին, իսկ հայցականը ուղղականին, հետևաբար պետք է ընդունել հինգ հոլով։ Հետագայում հայ լեզվաբանների կողմից (Ստ. Մալխասյան, Գուրգեն Սևակ, Արարատ Ղարիբյան և ուրիշներ) առաջ է քաշվում և գիտականորեն հիմնավորվում հոլովների որոշման և դասակարգման նոր տեսակետ, ըստ որի հոլովների դասսակարգման համար պետք է դասակար
Ըստ 7 հոլովների տեսության՝ գոյականի հոլովներն են՝
- Ուղղական հոլով
- Սեռական հոլով
- Տրական հոլով
- Հայցական հոլով
- Բացառական հոլով
- Գործիական հոլով
- Ներգոյական հոլով
Հոլովման տիպերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլովման տիպը որոշվում է բառի հոլովական փոփոխության ձևային հատկանիշով, այսինքն՝ ըստ այն բանի, թե հոլովումը ինչպիսի վերջավորությամբ է կատարվում։ Ձևային տարբերությունների տեսակետից տարբեր հոլովներ տարբեր վիճակ են ներկայացնում։ Օրինակ՝ ուղղականն ու ներգոյականն ունեն մեկ ձև, բացառականն ու գործիականը՝ երկու։ Բառերի՝ այս կամ այն հոլովման պատկանելը հաճախ ունի իր ձևային կամ իմաստային հիմքը։ Եվ հաշվի առնելով բառերի ձևի և իմաստի նկատմամբ ունեցած հարաբերությունը՝ տարբերվում են ընդհանրական, ձևային և իմաստային հոլովումներ։
Ըստ կրած փոփոխությունների դիրքի և օրինաչափության՝ տարբերակում ենք արտաքին (Ի, Ու, Ան, Ց, Վա, Ոջ հոլվումներ), ներքին (Ա, Ո հոլովումներ), ինչպես նաև այլաձև հոլովումներ։
Առկայացման (տարորոշման) քերականական կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առկայացման կարգը ձևավորվում է ս, դ, ն, ը հոդերի միջոցով, որոնք, դրվելով գոյականների կամ գոյականաբար գործածված բառերի վրա, նրանց բառային իմաստը քերականորեն տարորշում են տարբեր մասնավորումներով կամ պարզապես որոշյալության միջոցով։ Հմմտ. Նա երգ է լսում // Նա լսեց իր սիրած երգը։ Գրիչ տուր // Գրիչդ տուր։ Ժամացույց եմ գնել // Ժամացույցս չկա։
Չնայած իմաստային տարբերություններին՝ բոլոր հոդերի համար ընդհանուր է բառերի առարկայական վերաբերության տարորշումը։ Գոյականի ցույց տված առարկան հոդով տարբերում, որոշակի ենք դարձնում՝ ի տարբերություն բառերի անհոդ գործածության։
Հիմնականում դրվելով գոյականների վրա՝ հոդերը ձևավորում են գոյականի քերականական կարգ։ Այդ կարգի ընդհանուր առումը որոշյալությունն է, քանի որ ս, դ հոդերը իրենց արտահայտած ստացականությամբ, ցուցականությամբ կամ դիմորոշմամբ որոշյալություն են հաղորդում բառին, իսկ ը հոդի որոշյալությունն ինքնին հասկանալի է։ Սակայն որոշյալությունը պատմականորեն կիրառվում է ը հոդի արժեքը բնորոշելու համար, իսկ ընդհանուր կարգը կոչվում է առկայացման կարգ։
Ս, դ, ն, ը հոդերը կոչվում են տարորոշիչ կամ առկայացնող հոդեր՝ իրենց ենթատեսակներով՝ որոշիչ, ստացական, դիմորոշ, ցուցական։ Իսկ առկայացման կարգի քերականական իմաստը կունենա հետևյալ դրսևորումները՝ որոշյալություն, ստացականություն, դիմորոշություն, ցուցականություն։
Որոշյալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշյալության կարգը ձևավորվում է ը, ն հոդերով և արտահայտում է առարկայի ծանոթ լինելը խոսողին։ Առարկայի անունը խոսքի մեջ մեկ անգամ գործածելուց հետո կարելի է լինում գործածել որոշյալ առումով։ Ն, ը հոդերը քերականական դերով նույնարժեք են և ունեն դիրքային տարբերություններ։
Որոշիչ հոդ ստանում են ուղղական, տրական, հայցական հոլովները։ Ընդ որում՝ սրանց որոշ կիրառությունների էլ հոդը հատուկ չէ (օրինակ՝ կոչականը, որոշիչը, մի քանի կապական կապակցություններ՝ առանց Արամի, գնաց գյուղ)։ Անորոշ առումը ձևավորվում է առնց ձևական միջոցի՝ 0 վերջավորությամբ։ Անորոշ առումով գործածված բառի հետ երբեմն գործածվում է մի բառը։
Որոշիչ հոդը գործածվում է ոչ միայն գոյականների, այլև առարկայի հատկանիշ ցույց տվող բառերի հետ՝ սրանց գոյականական գործածության դեպքում՝ կարմիրը, առաջինը։
Ստացականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացականություն արտահայտում են ս, դ հոդերը, ինչպես՝ գիրքս < իմ գիրքը, գիրքդ < քո գիրքը։ Ս, դ հոդերը կարող են ստանալ այն բոլոր գոյականները, որոնց ցույց տված առարկան կարող է պատկանել որևէ մեկին՝ թերթս, հայտարարությունդ, հայելիդ։ Արդի հայերենում ստացական հոդ ունեցող բառը գործածվում է առանց ստացական դերանվան՝ գիրքս, բայց ոչ՝ իմ գիրքս։ Հոդի և դերանվան համատեղ գործածությունը համարվում է բարբառայնություն։
Առարկայի ընդգծված պատկանելությունն արտահայտելու համար գործածվում են անձնական դերանվան սեռական հոլովաձևերը, օր.՝ Սա է այսօրվա քո գործը։ Եթե մի քանի առարկաների միևնույն դեմքին պատկանելը արտահայտվելու է հոդով, ապա այն դրվում է առարկաներից յուրաքանչյուրի վրա։ Օր.՝ Սրբությամբ ասեղնագործված էին անվանդ ու ազգանվանդ սկզբնատառերը։
Դիմորոշություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմորոշությունը նույնպես արտահայտվում է ս, դ հոդերով, ընդ որում ս հոդը ցույց է տալիս առաջին դեմք, դ հոդը՝ երկրորդ. օրինակ՝ Երեքս աշխատում էինք տարբեր գրքերի վրա։ Մյուս հոդերի համեմատութմաբ դիմորոշ հոդը թույլ է արտահայտում իր իմաստը, ուստի երբեմն անհրաժեշտ է լինում հոդով ցույց տված դեմքը արտահայտել նաև անձնական դերանունով։ Օրինակ՝ Ես՝ ուսուցիչս, մենք՝ ուսանողներս։ Խոսքից դուրս դիմորոշ հոդի իմաստը որոշելը հաճախ հնարավոր չէ՝ բացի ամենքը դերանունից։ Հաճախ նույնիսկ նախադասության մեջ էլ դա անել հնարավոր չէ։ Օրինակ՝ «Ուսանողներիս մասին գրել էին թերթում» նախադասության մեջ ընդգծաված ուսանողներիս մասին կապակցությունը կարելի է հասկանալ և՛ իմ ուսանողների, և՛ մեր ուսանողներիս իմաստներով։ Անորոշությունից խուսափելու համար գործածվում է բացահայտյալ. օրինակ՝ մեր՝ ուսանողներիս մասին։
Ցուցականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցականությունը հայերենում արտահայտվում է ս հոդով։ Նշված իմաստով հոդն ունի սահմանափակ կիրառություն, գործածվում է սակավաթիվ բառերի հետ, ունի այս դերանվան իմաստ և արտահայտվում է առարկայի և ժամանակի մոտիկության գաղափար։ Արդի հայերենի համար համար խորթ է ցուցական հոդը և ցուցական դերանունը նույն բառի հետ գործածելը։
Անձի և ոչ անձի (իրի) առման քերականական կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քերականական այս կարգը չի եղել գրաբարում, միջին հայերենում։ Առկա է արևելահայերենում, ում ճյուղի բարբառներում և գրական լեզվում։ Այս կարգը կապված է սուբյեկտի և ենթակայի գործողությունը կրողի ձևական տարբերակման հարցի հետ։ Գրաբարում անձ և իր ցույց տվող գոյականներն ուղիղ խնդիր դառնալիս ունեցել են նույն ձևավորումը. օրինակ՝ Ուսուցիչ սիրէ զաշակերտս \\ զգիրս։ Մեր լեզվի զարգացման հետագա շրջանում զ նախդիրը և ս վերջավորությունն ընկնում են, և առաջ է գալիս շփոթը վերացնելու հարց։ Արևելահայերենը ընդունել է տարբեր վերջավորություններ, իսկ արևմտահայերենը տարբերակումը կատարում է շարադասությամբ։ Օրինակ՝ Արամը սիրում է Սաթիկին || Արամը կսիրէ Սաթիկին։ Առաջինը ձևաբանական տարբերակում է, երկրորդը՝ շարահյուսական։
Անձ ցույց տվող գոյականները սովորաբար ներգոյական հոլով չեն ունենում, իսկ ոչ անձ ցույց տվողների ճնշող մեծամասնությունը այդ հոլովն ունի։ Անձ ցույց տվողները պատասխանում են «ո՞վ», իր ցույց տվողները՝ «ի՞նչ» հարցին։ Գոյականների այս երկու խմբերը քերականական հատկանիշներով ոչ միշտ են սահմանազատվում։ Երբեմն իմաստային մի բառը կարող է գործածվել մյուս խմբի բառերի քերականական հատկանիշներով. այսինքն՝ միևնույն առարկան կարող է մտածվել և՛ որպես իր, և՛ որպես անձ։ Օրինակ՝ Ես քեզ սիրում եմ, այնքան եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, արևն աշխարհին։ Նրանք բժիշկ կանչեցին։
Գոյականի կազմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես գոյականներ բառակազմական միջոց հանդես են գալիս մի շարք ածանցներ (տես՝ Գոյականակերտ ածանցներ) ու բառաբարդման սակավաթիվ տիպեր (բարդությամբ և հապավությամբ), որոնցով միայն (կամ գրեթե միայն) գոյականներ են կազմվում։ Որպես այդպիսի գոյականակերտ ածանցներ հանդես են գալիս վերջածանցները։ Չնայած մի շարք նախածանցներ գործածվում են գոյականների կազմության մեջ, սակայն դրանք բուն գոյականակերտ չեն համարվում, քանի որ այլ խմբերի բաղադրությամ մեջ ևս որոշակի դեր են կատարում (հմմտ.՝ ենթադրություն, ենթադրել, ենթադրաբար, ենթադրական, բայց՝ ենթասպա, ենթագլուխ, ենթամաս)։
Բառաբարդման գոյականակերտ կաղապարներ են՝
- գոյականի սեռական հոլով + գոյական – հորեղբայր, տանուտեր
- գոյական + ու + գոյական - անցուդարձ, այբուբեն։ Անձի դեպքում երկու բաղադրիչներն էլ հոլովվում են։
- գոյական + գոյական – հարավ-արևմուտք, վագոն–ռեստորան
- թվական + գոյական – տասնապետ, հարյուրապետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Լևոն Եզեկյան Հայոց լեզու» (PDF).
- ↑ (PDF) https://library.anau.am/images/stories/grqer/Lezvabanutyun/Ezekyan.pdf.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 155)։ |
|