Ուղիղ խնդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղիղ խնդիր, նախադասության երկրորդական անդամ, բայական անդամի լրացում։ Ուղիղ խնդիրը դրվում է բայի ներգործական սեռի պահանջով և ցույց է տալիս այն առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։ Կոչվում է նաև սեռի խնդիր, կրող խնդիր[1]։

Ուղիղ խնդրի ցույց տված առարկան գործողությունն իր վրա կրում է տարբեր կերպ։ Ըստ այդմ ուղիղ խնդիրը ցույց է տալիս՝

  • Այն առարկան, որ տվյալ գործողության արդյունքն է, ստեղծվել, առաջացել է նրա շնորհիվ։ Օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։
  • Այն առարկան, որն իր վրա կրելով գործողությունը՝ փոփոխվում է այդ գործողությունից, օրինակ՝ Տղան միայնակ վերանորոգեց տունը։
  • Այն առարկան, որ ֆիզիկապես ենթարկվում է տվյալ գործողությանը (շարժում, տեղափոխություն և այլն) առանց փոփոխություն կրելու, օրինակ՝ Գիրքը փոխանցեց ընկերոջը։
  • Այն առարկան, որն իր վրա է կրում մտավոր, բարոյական և նման կարգի գործողություն, օրինակ՝ Ո՞վ կպատմեր մեր մանկության կապույտ հեքիաթները, եթե տատերը չլինեին։ (Վարդգես Պետրոսյան)

Բուն ուղիղ խնդրից բացի տարբերում են նաև մասնական ուղիղ խնդիր։ Եթե առարկան ենթակայի կատարած գործողությունն իր վրա է կրում մասնակիորեն, միայն մի մասով, ապա կոչվում է մասնական ուղիղ խնդիր։ Օրինակ՝ Կռացավ ու խմեց աղբյուրի ջրից։

Ըստ ներգործական սեռի բայի ու նրա խնդրի իմաստաբանական հարաբերության՝ տարբերում են նաև ներքին ուղիղ խնդիր, որ պարունակվում է խնդրառու բառի նշանակության մեջ։ Օրինակ՝ Այդ երեկո երգեցին հայրենասիրական երգեր։

Արտահայտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենում ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով, այսինքն՝ անձի առման դեպքում ուղիղ խնդիրը ձևով նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին։ Ուղիղ խնդիրը պատասխանում է ու՞մ կամ ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին։

Մասնական ուղիղ խնդիրը դրվում է բացառական հոլովով, օրինակ՝ Կատարեց Կոմիտասի երգերից։

Ուղիղ խնդիրը կարող է արտահայտվել՝

  • գոյականով - Հեքիաթները հորինում են մարդիկ` կյանքի տխրությունը ցրելու համար։ (Վարդգես Պետրոսյան), Պարանների վանդակում հարթակին մի հաղթանակ կար, մի պարտություն. հաղթանակը տվեցին բաշկիր Մականինին, պարտությունը՝ ինձ, ուրեմն բռնցքամարտել էինք ինքն ու ես։ (Հրանտ Մաթևոսյան)
  • գոյականաբար գործածված ածականներով - Բոլորն էլ սիրում են բարին։
  • գոյականաբար գործածված թվականներով - Երեկուսին էլ առաջին անգամ էր տեսնում։
  • դերանուններով - Իսկ դու, – ի՜նչ լավ է,-//Քեզ ընդամենը կոչում ես «քո՛նն եմ»։ Դու մի’ հարցրու.«Սիրո՞ւմ ես ինձ» (Պ. Սևակ
  • անկախ դերբայներով - Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի… (Հրանտ Մաթևոսյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 274-275։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 293-294։