Ուղղական հոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղական հոլովը հատուկ վերջավորություն չունի, այն բառի ուղիղ ձևն է և կոչվում է ուղիղ հոլով՝ ի հակադրություն մյուս հոլովների, որ կոչվում են թեք հոլովներ։ Ուղղական հոլովը ցույց է տալիս բառիմաստն իր ամբողջ ծավալով, բացարձակ ձևով, առանց լրացուցիչ նշանակությունների[1]։

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրված բառը դառնում է

  1. ենթակա՝ Հրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի։
  2. բաղադրյալ ստորոգյալի ստորոգելի՝ Գորգագործ մի աղջիկ էր նա։
  3. անվանական անդեմ նախադասության գլխավոր անդամ՝ Էջմիածին: Միրգ ու փոշի։ Անխիղճ արև։
  4. կոչական՝
    - Խջեզարե՛, սարը սեր է, էլ չե՞ս ուզում իջնել ցած...
    - Սիամանթո՛, սերն է սարը, մեռնենք սարը քո տիրած...
  5. որոշիչ՝ Եկավ Թմուկ բերդը պատեց, ինչպես գիշերն էն խավար։ Նա բժիշկ Նազարյանի հարևան էր։
  6. փոխակերպված ենթակա՝ Դեռ Գրիգորը չեկած՝ բոլորը հուզվել էին[2]։

Ուղղական հոլովով են ներկայացվում բառարանային միավորները (բացառություն է հագի բառը, որը չունի ուղղական հոլով)։ Ուղղական հոլովը կարող է որոշիչ հոդ ստանալ։ Հոգնակի ուղղականի հոդառությունը եզակիի համեմատությամբ որոշ սահմանափակումներ ունի. իկ, այք, ինք, անք, ենք, ոնք մասնիկներով հոգնակիները որոշիչ հոդ չեն ստանում, ինչը չի կարելի ասել եր, ներ մասնիկներով ձևավորված հոգնակիների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002
  2. Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 31: