Առկայացման քերականական կարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առկայացման քերականական կարգը առաջացել և զարգացել է բառի ընդհանուր և մասնավոր իմաստների փոխհարաբերության հիմքի վրա։ Գոյականը (ինչպես ամեն մի բառ) ունի և՛ ընդհանուր, և՛ մասնավոր նշանակություն, որը բխում է հենց լեզվի էությունից։ Իսկ որպեսզի պարզ լինի, թե տվյալ դեպքում խոսքն ինչի մասին է՝ տվյալ տեսակի մասին ընդհանրապես, թե որևէ կոնկրետ առարկայի մասին, լեզվի մեջ գործածվում են կոնկրետացման միջոցներ, որոնցից են հոդերը։

Հայերենի զարգացման գրաբարյան շրջանում արդեն կազմավորված էր առկայացման քերականական կարգը, ըստ որում, եթե բառը որոշյալ է, ստանում է ս, դ, ն հոդերից որևէ մեկը, իսկ եթե անորոշ է, հոդ չի ստանում կամ սռանձին դեպքերում կարող է ստանալ մի հոդը, որը փաստորեն մի թվականի իմաստային առանձնահատուկ զարգացման արդյունք է։

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։

Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ Մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։

Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը։, ընդ որում Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 89-102։