Գլաուկոմա
Գլաուկոմա (հին հուն.՝ γλαύκωμα — «աչքի կապույտ խամրում» γλαυκός — «բաց կապույտ, երկնագույն» բառից), աչքի հիվանդություն կամ հիվանդությունների խումբ: Այս հիվանդությունն ամենահաճախ հանդիպողներից է և հանդիսանում է տեսողության կորստի պատճառներից մեկը: Աչքի ծիածանաթաղանթի հետևում, բյուրեղիկի շուրջը գտնվում է մի փոքր տարածություն, որը կոչվում է աչքի հետին խցիկ: Այստեղ կուտակվում է ներակնային հեղուկը, որն արտադրում է թարթչավոր մարմինը:Հեղուկն ապահովում է նրա մեջ գտնվող բյուրեղիկը սննդանյութերով և բբի միջոցով անցնում է առջևի խցիկ,որտեղից մտնում է աչքի անոթների մեջ:Ապակենման մարմինը և ներերակային հեղուկը ներսից ճնշում են աչքի պատերի վրա`ստեղծելով ներակնային ճնշում: Ներակնային ճնշման բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի հիմնական ախտանիշ:Հիվանդությունը լինում է առաջնային և երկրորդային:Վերջինս այլ հիվանդությունների և տրավմաների հետևանք է:Առաջնային գլաուկոման հանդիպում է հիմնականում միջին և մեծ հասակի մարդկանց մոտ, ինչին նպաստում է հիպերտոնիկ հիվանդությունը,շաքարախտը:Եթե ներակնային ճնշումը երկարատև և շատ է բարձրացած լինում, ապա առաջանում է տեսանյարդի և ցանցաթաղանթի սնման խանգարում:Այդ պատճառով սկզբից սկսվում է տեսադաշտի նեղացում, իսկ կենտրոնական տեսադաշտերը երկար ժամանակ պահպանվում են:Գլաուկոմայի հետագա զարգացումից նեղանում են տեսադաշտերը և պահպանվում են միայն շատ նեղ խողովականման հատվածներ: