Բյույուքչեքմեջե (թուրքերեն՝ Büyükçekmece), շրջան Ստամբուլի մարզի հարավարևմտյան, եվրոպական հատվածում՝ Մարմարա ծովի ափին։ Շրջանը համարվում է Ստամբուլի արդյունաբերական սիրտը։ Տարածքը, որտեղ ներկայումս գտնվում է շրջանը, մի քանի անգամ վերաբնակեցվել է։ Ենթադրաբար այս վայրում եղել է հունական Աֆիրա գաղութը։ Բյույուքչեքմեջեն գտնվում է Մարմարա ծովի հատված հանդիսացող ծոցի ափին։ Միմար Սինանը կառուցել է կամուրջ ծոցի վրա, որն առանձնացրել է ծովը ծոցից։ Շրջանի տարածքում առկա են նաև քարվանսարայների հետքեր, ինչը նշանակում է, որ Բյույուքչեքմեջեն եղել է Եվրոպային կապող տրանսպորտային ճանապարհի մի մաս։ Օսմանյան կայսրության կողմից գրավվելուց հետո, տարածքում բնակչություն չի եղել, և արհեստական անտառ է տնկվել։ Բյույուքչեքմեջեում են գտնվում նաև Ստամբուլի մեծահարուստների առանձնատները։ Այն հայտնի հանգստավայր է եղել մինչև 1970-ական թվականները։ Բյույուքչեքմեջեում ներկայումս գտնվում են Ստամբուլի արդյունաբերական գրեթե բոլոր գործարանները։ Այստեղ բնակվում են հիմնականում Անատոլիայից ներգաղթած միգրանտները։ Բյույուքչեքմեջում և Մարմարա ծովը, և ծոցը, խիստ աղտոտված են։