Բալլադ (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Շոպենի չորս բալլադներից առաջինը, կատարում է Ֆրանկ Լևին

Բալլադ (ֆր.՝ ballade, պրովանս.՝ balada, < լատ. ballo – պարել), նախապես՝ ժողովրդական պարերգ։ Միջնադարում՝ ռոմանական ժողովուրդների քնարական խմբային պարերգ՝ կրկներգով։ 12–13-րդ դարերում եղել է տրուբադուրների և տրուվերների երաժշտաբանաստեղծական կարևոր ժանրերից։ Վերածննդի դարաշրջանում բալլադը դարձել է քնարական բնույթի, ձևավորվել է նրա բազմաձայն տեսակը (առավել զարգացած նմուշներ ստեղծել է Գիյոմ դը Մաշոն՝ Ֆրանսիայում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15-րդ դարում այն մոտեցել է շանսոնին։ Աստիճանաբար (հատկապես՝ Անգլիայում) ձևավորվել է որպես պատմողական, սյուժետային բնույթի երգ (կատարել են մենակատար երգիչն ու երգչախումբը)։ Վոկալ բալլադի վերելքը պայմանավորված էր 18-րդ դարի կեսի պրոֆեսիոնալ պոեզիայում բալլադի վերածննդի հետ։ Ռոմանտիզմի շրջանում երաժշտության մեջ ձևավորվել է գործիքային բալլադ, որտեղ էպիկական պատումը համադրվել է սուր դրամատիկական, հաճախ՝ սյուժետային զարգացման, իսկ դաշնամուրային քնարականությունը՝ գեղանկարչական պատկերների հետ։ Լավագույն նմուշներ են Ֆրեդերիկ Շոպենի չորս բալլադները։

Ժամանակակից երաժշտության մեջ տարբերում են բալլադի բանահյուսական, հերոսական և այլ տեսակներ։

Բալլադը հայ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ հայտնի են Ալեքսանդր Սպենդիարյանի «Ձկնորսն ու փերին», Ռոմանոս Մելիքյանի «Ծերուկ ալևոր կար մի թագավոր», Արամ Խաչատրյանի «Բալլադ բասի համար», Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Բալլադ 26 կոմիսարների մասին» (ձայնի և նվագախմբի համար), Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»՝ դաշնամուրի և նվագախմբի համար, Հարո Ստեփանյանի, Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրի և այլ բալլադներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։