Անուշավան Տեր-Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անուշավան Գրիգորի Տեր-Ղևոնդյան (1887, փետրվարի 24, Թիֆլիս - 1961, հունիսի 6, Երևան), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1953), պրոֆեսոր (1934)։ Լուսանկարիչ Գրիգոր Տեր-Ղևոնդյանի որդին, դաշնակահար Հեղինե Տեր-Ղևոնդյանի հայրը։

Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և կոնսերվատորիան (1915)։ 1917-25-ին դասավանդել է Թիֆլիսի, 1926-34-ին և 1938-58-ին` Երևանի (1926-30-ին` նաև տնօրեն, 1948-59-ին` ամբիոնի վարիչ), 1934-38-ին Բաքվի (նաև` տնօրեն) կոնսերվատորիաներում։

1914-ին Ռոմանոս Մելիքյանի հետ գրի է առել Շիրակի ժողովրդական երգեր և պարեր, որոնց հիման վրա ստեղծել է հայկական առաջին սիմֆոնիկ երկերից մեկը` «Շիրակի էտյուդները» (1916)։ Գրել է «Սեդա» (ըստ Լևոն Շանթի, 1922), «Արեգակի ցոլքերում» (բեմասրվել ` 1949-ին) օպերաները, «Հրո հարսը» (ըստ Ջ. Ջաբարլու, 1936), «Անահիտը» (ըստ Ղազարոս Աղայանի , բեմականացվել է 1940-ին) բալետները, «Աղթամար» (1923) սիմֆոնիան, «Վահագնի ծնունդը» (1923) վոկոլ-սիմֆոնիկ պոեմները, խմբերգեր, երգեր, ռոմանսներ և այլն, որոնք աչքի են ընկնում դյուցազներգաքնարական շնչով, հայկական ժողովրդական ու պրոֆեսիոնալ և ռուսական դասական երաժշտության ավանդույթների ինքնատիպ համադրությամբ։ Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր։

Հեղինակ է «Ռիխարդ Վագներ» գրքույկի (1933) և երաժշտության տեսության դասագրքի (2 հատոր, 1934)։[1]

Գրականություն [խմբագրել]

  • Ե. Գիլինա, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Երևան, 1962։

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, ՀՀՀ, էջ 583։