Առյուծագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Leonitis Leonurus.JPG

Առյուծագի, (լատ.՝ Leonurus L., ռուս.՝ Пустырник) խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս։

Բովանդակություն

Հայկական տարանունները [խմբագրել]

  • առյուծատունկ, առյուծոտն, սպիտափառ, սրտախոտ

Դեղաբույսի նկարագրությունը [խմբագրել]

Ունի քառանիստ ցողուն, թավոտ, սղոցաձև կտրտված տերևներ: Ծաղկում է հունիս-սեպտեմբեր ամսիներին: Աճում է աղբուտներում, տնամերձ հողամասերում, այգիներում, բանջարանոցներում: Բազմանում է սերմերով՝ ինքնացան կամ ցանովի: Ունի բնորոշ հոտ և համ: Հիմնականում բուժական նշանակություն ունի առյուծագու սրտային, հնգաթև, խավոտ և սիբիրական տեսակները:

Քիմիական բաղադրությունը [խմբագրել]

Առյուծագու քիմիական կազմը լրիվ ուսումնասիրված չէ: Սակայն հայտնի է, որ այն պարունակում է ալկալոիդներ (մինչև 0,4%), դաբաղանյութեր (5-9%), դառը նյութեր, շաքար, եթերայուղ, ֆլավոնոիդներ, ձյութ, և վիտամիններ, սապոնիններ, խնձորաթթու, կիտրոնաթթու, գինեթթու, ֆոսֆորաթթու: Բույսի հիմնական ազդող նյութերը համարվում են սապոնինները, ալկալոիդները, ֆլավոնոիդները և այլն:

Բուժական նշանակություն [խմբագրել]

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և գլխամասերը, որոնք կտրում են մկրատով`30-40սմ երկարությամբ, ծաղկման ժամանակ, չոր եղանակին.չորացնում են կախված վիճակում, ստվերոտ տեղում:Պատրաստի հումքի պիտանելիությունը 3 տարի է: Հնդկական բժշկության մեջ առյուծագին օգտագործվում է ստամոքսային հիվանդությունների բուժման ժամանակ և որպես քրտնամուղ, ռուսական ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է սրտխփոցների, ստամոքսային խանգարումների, շնչուղիների կատառի, Ռումինիայում` սրտային հիվանդությունների, թիրեոտոքսիկոզի և ընկնավորության(էպիլեպսիայի), Անգլիայում`հիսթերիայի,նևրալգիայի, սրտային թուլության և շնչարգելության ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ առյուծագին հայտնի է որպես լավ միջոց սրտային, նյարդային և կանացի որոշ հիվանդությունների բուժման բնագավառներում:Այն կիրառվել է նաև վախի և շնչարգելության դեպքերում: Ն. Վ. Վերշինինի և Դ. Դ. Յաբլուկովի տվյալներով, բույսի մզվածքը կլինիկական պայմաններում արդյունավետ է ներգործում սրտանոթային նևրոզների, կրծքային հեղձուկի, հիպերտոնիկ հիվանդության, կարդիոսկլերոզի, միոկարդիտների, սրտային արատների, միոկարդիոդիստրոֆիայի և բազեդովյան հիվանդության ժամանակ:Հեղինակները առյուծագու կիրառումից 69% դեպքերում ստացել են դրական արդյունք: Կլինիկական տվյալներով առյուծագու տևական կիրառումից դրական արդյունք արձանագրվել է նաև Մենյերի սինդրոմի (ականջների խշշոց, գլխապտույտ, նողկանք և այլն) և նյարդային ցնցումների ժամանակ:Բույսի ջրիկ մզվածքը լավ է ներգործում ընդհանուր գրգռվածության, նիկոտինիզմի հողի վրա առաջ եկած մկանային թուլության, հևոցի և արյան ճնշման բարձրացման դեպքում:Հարկավոր է նշել, որ անգամ տևական կիրառման դեպքում առյուծագու պատրաստուկները չեն տալիս կողմնակի, անցանկալի երևույթներ: Առյուծագին իր հանգստացնող ազդեցությամբ 3-4 անգամ գերազանցում է ինչպես կատվախոտին, այնպես էլ գարնանային շողավարդին: Բույսի հետևողական օգտագործումը լավ է ներգործում նաև այնպիսի հիվանդությունների բուժման ընթացքի վրա, ինչպիսիք են` աթերոսկլերոզը, կլիմակտերիկ նևրոզը, գլաուկոման, մաշկային որոշ հիվանդություններ, իմպոտենցիան և այլն: Առյուծագին օժտված է նաև լեղամուղ հատկությամբ, կանոնավորում է լեղու արտահոսը, ստամոքսաաղիքային տրակտի ֆունկցիոնալ գործունեությանը (սպազմի և կոլիտների դեպքերում):