Անձխոտ Մարշալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձխոտ Մարշալի
Անձխոտ Մարշալի
Անձխոտ Մարշալի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Ծխաբուսայիններ (Fumarioideae)
Ցեղ Անձխոտ (Corydalis)
Տեսակ Անձխոտ Մարշալի (C. marschalliana)
Միջազգային անվանում
Corydalis marschalliana

Անձխոտ Մարշալի (լատին․՝ Corydalis marschalliana ), ծխաբույսազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10-15 սմ բարձրությամբ բազմամյա, գեղազարդային խոտաբույս է։ Արմատը գնդաձև է, անկանոն-անկյունավոր պալարով։ Ցողունային տերևները երկուսն են, հերթադիր, կրկնակի եռամասնյա՝ կազմված էլիպսաձև կամ երկարավուն ամբողջաեզր մասերից։ Ծաղիկները զիգոմորֆ են, խոշոր ծաղկակիցներով և խմբված ողկույզ ծաղկաբույլերում։ Բաժակը թաղանթանման է, վաղ թափվող։ Պսակը լավ արտահայտված երկար խթանով է, տարբեր գույնի՝ դեղին, վարդագույն–դեղին, ծիրանագույնից մինչև սևավուն։ 1,5-2 սմ երկարությամբ տուփիկը երկարավուն է և կախված։ Սերմերը մանր են, սև փայլուն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Կողբ, Բերդ, Իջևան, Աչաջուր)։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան Նախակովկասը, Արևելյան Կովկասը, Կենտրոնական, Հարավարևմտյան և Հարավային Անդրկովկասը, Ղարաբաղը, Թալիշը, Հարավարևելյան Եվրոպան, Ղրիմը, Անատոլիան և Հյուսիսային Իրանը[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ծովի մակարդակից 500-1300 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, կաղնու-բոխու անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում՝ մայիս ամսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված, հազվագյուտ տեսակ է։ Հանդիպում է Հյուսիսային Հայաստանում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձխոտ Մարշալի» հոդվածին։