Անգլիական բնապատկերային այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիական այգի Բաթում

Անգլիական այգի (անգլ.՝ English landscape garden), ուղղություն այգեգործական արվեստում, որը ձևավորվել է 18-րդ դարում Անգլիայում։ Այն հակադրվում է Անդրե Լենոտրի` բարոկկոյի ոճով ֆրանսիական կանոնավոր այգիներին։

Անգլիական ակունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական և անգլիական այգիները կլասիցիզմի գեղագիտության տարբեր դրսևորումներ են։ Վերսալյան տիպի այգիները` իրենց ուղղագիծ արահետներով, ծավալային ձևերով և բծախնդրորեն մշակված թփերով, ընդգծում էին մարդու բացարձակ վերահսկումը բնության հանդեպ։ Անգլիական այգին այդ առումով այլ ուղղությամբ է զարգացել` հաստատելով այգեգործական արվեստի բացարձակ արժեքը, որը չի տարբերվում բնությունից։

Անգլիական այգու առաջին վարպետները` Ուիլյամ Քենտը և Չարլզ Բրիջմենը, իրենց ներշնչանքն էին ստանում Նիկոլա Պուսենի և հատկապես Կլոդ Լորենի բնապատկերներից, որտեղ բնությունը պատկերված էր կատարյալ ներդաշնակությամբ։ Լորենի բնապատկերների ազդեցությամբ ստեղծվեցին Կլարեմոնտի և Սթոուրհեդի այգիները։ Ուիլյամ Քենտի ամենանշանավոր գործը կանոնավոր այգին էր Ագլիայում` Բաքինգեմշիրում. այն, քիչ-քիչ ազատվելով երկրաչափական կանոնավոր ձևերից, կարծես դարձել էր շրջակա միջավայրի բնական շարունակությունը։ Նման այգիների հիմնադիրները ձգտում էին հավասարակշռության և բնության հետ ներդաշնակության։

Անգլիական այգու վարպետները մեծ տեղ էին հատկացնում անկանխատեսելի և անակնկալ լուծումներին։ Անգլիական այգի այցելողները հազվադեպ էին գուշակում, թե ինչ կարող է իրենց սպասել հերթական շրջադարձին։ Որպես կանոն, բնապատկերը հարստացնում էին փոքրիկ կամրջակները, պալադյան ոճի տաղավարները, որ Անդրեա Պալլադիոյի և իր աշակերտների ճարտարապետական գյուտերն են։ Անգլիական ոճի այգիներում երբեմն տեղ էր գտնում արևելյան թեման, ինչպես օրինակ` Քյուի թագավորական բուսաբանական այգիներում, կամ գոթական թեման, ինչպես Սթրոբերի հիլլում։

Անգլիական այգու ավանդույթները շարունակող ավելի պահանջված ուղղությունը ստեղծվել է 18-րդ դարի երկրորդ կեսին Լանսելոտ Բրաունի և Համֆրի Ռեպտոնի ջանքերով։ Նրանք «ներդաշնակության» բերեցին հազարավոր հեկտար տարածքներ ողջ Մեծ Բրիտանիայում։ Բրաունի ոճին բնորոշ է այգու պարզ կառուցվածքը, երկրաչափական ձևերից հրաժարումը։ Նրա նախագծերում բաց տարածությունները` բացատներ, մարգագետիններ, այգու ընդարձակման տեսողական պատրանք են ստեղծում։ Այգիներում ձևավորում են արհեստական ջրանցքներ, որոնք քողարկվում էին կարծես բնական ձևով աճած եղեգներով։ Ռեպտոնի այգիներում ծառերն ավելի խիտ էին` ձևավորված տարբեր խմբերով։

Տարածումը Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի կեսին ռոկոկո և բարոկկո ոճերի հետ նորաձևությունից սկսեց դուրս գալ նաև կանոնավոր այգու գաղափարը։ Բնական գեղեցկության գաղափարը առավել ամրապնդվեց Ժան-Ժակ Ռուսոյի և այլ մտածողների փիլիսոփայական հայացքների ազդեցությամբ։ Ռուսոն առաջիններից մեկն էր, որ անգլիական այգու օրինակով վերափոխեց Էրմենոնվիլի իր այգին։ Լյուդովիկոս XVI-ի օրոք անգլիական այգին լայն տարածում գտավ, իսկ նրա կինը` Մարի Անտուանետը, Վերսալում ձևավորել տվեց բանջարանոցով ֆերմա։

Եվրոպայում մեծ թվով անգլիական այգիներ ձևավորվեցին Գերմանիայում, որի առաջին դրսևորումներից էր «այգիների թագավորությունը» Դեսաուում։ Այդ ընդարձակ այգին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։ Նրան չի զիջում իշխան Պյուկլերի այգին Բադ Մուսկաուում։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում անգլիական այգու վառ օրինակներ են Մյունխենի անգլիական այգին, Բրանից այգին Պրուսիայում, Լազենկովի և Ույազդովսկի այգիները Վարշավայում, Ցարիցինի այգին Մոսկվայում, Եկատերինսկի և Պավլովսկի այգիները Պետերբուրգի մերձակայքում, Մոնրելոն Վիբորգում։

Բնորոշ գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիական առաջին այգիներից մեկը Սթոուրհեդում, Անգլիա

Ռեպտոնը սահմանել է անգլիական այգու հետևյալ սկզբունքները.

  • Ազատ նախագծում
  • Բնական լանդշաֆտների կիրառում, դրանց գեղեցկության ընդգծում, թերությունների քողարկում
  • Բնական լինելու պատրանքի ստեղծում
  • Բոլոր տարրերի միավորումը մեկ ամբողջության մեջ։

Բնապատկերային այգի նախագծելիս խրախուսվում է անհարթ ռելիեֆը` բլուրներ, ձորակներ, ջրամբարներ և նույնիսկ ճահիճներ։ Տեղանքի բնական թերությունները հարթվում են, իսկ առավելությունները` ընդգծվում։ Հարթ լանդշաֆտը արհեստականորեն վերափոխվում է. ավելացվում են ջրային տարածքներ, հողաթմբեր ու ձորակներ։ Այդ ամենը կատարվում է բնականին մոտ ձևով, որ չզգացվի դրանց արհեստական լինելը։

Ճարտարապետական կառույցները անգլիական այգում երկրորդական են. նրանք պետք է ձուլվեն բնապատկերին։ Դա կարող է կատարվել, օրինակ, բուսական ծածկույթով, որ կարող է մասամբ ծածկել շինությունը։ Բուսական ծածկույթով փակվում են բոլոր սուր եզրերը, օժանդակ շինությունները։

Անգլիական այգին տպավորություն է թողնում, որ ամեն ինչ բնական է, իսկ մարդն այնտեղ ուղղակի գտել է ազատ տարածք, որպեսզի տուն կառուցի։ Չնայած այգին բնական տպավորություն է թողնում, սակայն այնտեղ ամեն ինչ իր կարգն ու հիերարխիան ունի։ Խստորեն ընտրվում են բույսերն ու ծառերը, որոնցով այգին կարող է հիասքանչ լինել տարվա բոլոր եղանակներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիական բնապատկերային այգի» հոդվածին։