Ամելանխիեր կլորատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամելանխիեր կլորատերև

Ամելանխիեր կլորատերև (Amelanchier ovalis) - վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքի թուփ է։

Տերևաթափ թուփ է` 0,5-3 մետր բարձրությամբ և ուղղաձիգ, ծիրանադարչնագույն կեղևով ծածկված ճյուղերով։ Տերևները ձվաձև են, հակառակ ձվաձև կամ էլիպսաձև, 4 սմ երկարությամբ և 2,5 սմ լայնությամբ։ Ծաղիկները սպիտակ են, 2,6-3,2 սմ տրամագծով, հավաքված 5-8 ծաղիկներից կազմված ողկույզներում։ Պտուղները մանր են, հյութալի, սև գույնի, ծածկված կապտավուն խավով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Սևանի ավազանում, Վայքում, Ախուրյան գետի վերին հոսանքներում, քարքարոտ թեքություններին, թփուտների մեջ, կաղնու անտառներում, անտառի վերին եզրերին` մինչև 2000 մետր բարձրությունների վրա։

Պտուղները, որոնք ուտվում են միայն սառնամանիքները խփելուց հետո, մեծ քանակությամբ A և C վիտամիններ են պարունակում։ Տերևները, բողբոջները և ընձյուղները պարունակում են եթերայուղեր և ցիանային գլյուկոզիդներ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես պատվաստակալ` տանձենու և խնձորենու թզուկ սորտերի համար։

Չափազանց ցրտադիմացկուն է. պահանջկոտ չէ հողի նկատմամբ, բավական խոնավասեր է և ստվերատար։ Բնափայտը շատ ծանր է, գեղեցիկ գունավորմամբ։ Օգտագործվում է հուշանվերների և մանր իրեր պատրաստելու համար։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում բարձրլեռնային շրջանների կանաչապատման և անտառապատման համար։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Լ. Վ. Հարությունյան (1984). Քո շրջապատի թփերը. Երևան: «Սովետական գրող», էջ 24. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով