Ականտոպանաքս նստածաղկավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականտոպանաքս նստածաղկավոր
Ականտոպանաքս նստածաղկավոր
Ականտոպանաքս նստածաղկավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Արալիազգիներ (Araliaceae)
Ենթաընտանիք Արալիայիններ (Aralioideae)
Տրիբա Schefflerieae
Ցեղ Էլեուտերոկոկուս (Eleutherococcus)
Տեսակ Ականտոպանաքս նստածաղկավոր (E. sessiliflorus)
Միջազգային անվանում
Eleutherococcus sessiliflorus

Ականտոպանաքս նստածաղկավոր (լատին․՝ Acanthopanax sessiliflorum), արալիազգիների ընտանիքի, ականտոպանաքս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակավաճյուղ տերևաթափ թուփ է՝ 2-3 (հազվադեպ՝ 4) մետր բարձրությամբ, բաց մոխրագույն, մանր, երկարավուն ճաքերով ծածկված կեղևով։ Ընձյուղները դեղնամոխրավուն են, մերկ, հարթ կամ սակավաթիվ փշերով ծածկված։ Տերևները բարդ թաթաձև են, կազմված 3-5 տերևիկներից, 4-12 սմ երկարությամբ տերևակոթուններով, որոնք մերկ են կամ թեթևակի մազմզուկապատ, հաճախ հատ ու կենտ փշերով։ Տերևիկները նշտարաէլիպսաձև են կամ նշտարաձև, հազվադեպ՝ երկարավուն, հակառակ ձվաձև, սուր ծայրով և սեպաձև հիմքով, 5-18 սմ երկարությամբ և 2,5-7 սմ լայնությամբ, սուր կրկնակի ատամնաեզր, վերևի կողմից՝ մերկ կամ ցրված կարճ մազմզուկապատ, ներքևի կողմից՝ ջղերի ուղղությամբ խոզանանման մազմզուկներով կամ մանր փշերով ծածկված։ Տերևիկակոթունները նույնպես մազմզուկապատ են կամ համարյա մերկ, 0,5-1,2 սմ երկարությամբ, երբեմն տերևիկները համարյա նստադիր են։ Ծաղիկները շատ կարճ կոթունավոր, 1-3 սմ տրամագծով հովանոցներ են, 2-6-ական հավաքված ողկուզանման կամ հովանոցանման ծաղկաբույլերում կամ կիսահովանոցներում։ Ծաղկակոթերը կարճ են, հաստ, սպիտակ գույնի թաղիքամազմզուկապատ։ Կենտրոնական հովանոցը ավելի խոշոր է կողմնայիններից, ավելի շուտ է բացվում և կազմված է միայն առէջային կամ երկսեռ, պտղաբերող ծաղիկներից։ Կողմնային հովանոցները կազմված են երկսեռ կամ միայն առէջային ծաղիկներից։ Պսակաթերթիկները կարմրակամ մանուշակագորշավուն են, երբեմն՝ գրեթե սև։ Սերմնարանը 2 բնանի է, երկու սերտաճած սռնակներով, որոնք միայն գագաթում են բաժանված երկու կարճ սպիով։ Պտուղը էլիպսոիդանման է կամ ձվաձև, բութ, անկյունավոր, սև, 0,8-1,4 սմ երկարությամբ, կողքերից խիստ սեղմված 2 կորիզով։ Ծաղկում է օգոստոսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հեռավոր Արևելքում (Ամուրի մարզի հարավ-արևելքում, Խաբարովսկի երկրամասում, բացառությամբ հյուսիսային մասի, Պրիմորսկի երկրամասում), Հյուսիսային և Միջին Կորեայում, հյուսիսարևելյան Չինաստանում (Մանջուրիա, Հեբեյ)։ Աճում է միայնակ կամ փոքր խմբերով, գետերի ու գետակների անտառապատ հովիտներում, անտառաեզրերում, բացատներում, լեռնալանջերում և այլն։ Ստվերատար է, սակայն առատ ծաղկում և պտղաբերում է միայն լավ լուսավորվածության պայմաններում։ Միանգամայն ցրտադիմացկուն է և ձմեռադիմացկուն։ Բազմանում է սերմերով, կտրոններով և արմատային մացառներով։ Հայաստանի պայմաններում լավ է հարմարվել մեզոֆիլ անտառային գոտու պայմաններում (Վանաձոր), որտեղ առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Երևանում խիստ տուժում էր օդի չորությունից և բարձր ջերմաստիճաններից, որի հետևանքով էլ ոչնչացել է 10-12 տարեկան հասակում։ Հեռանկարային է Հայաստանի միջին և բարձր լեռնային գոտիների համար։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ XIIա։ Մշակության հեռանկարային շրջանները՝ 5-7, 9-1 7, 21, 29, 31[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 165։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականտոպանաքս նստածաղկավոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ականտոպանաքս նստածաղկավոր» հոդվածին։