Ալեքսանդր Ֆադեև (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը ռուս գրողի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ալեքսանդր Ֆադեև (այլ կիրառումներ)։
Ա. Ֆադեևին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ

Ալեքսանդր Ալեքսանդրի Ֆադեև (դեկտեմբերի 24, 1901, Կիմրի, Ռուսական կայսրություն - մայիսի 13, 1956, Պերեդելկինո, ՌՍՖՍՀ), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։

Կենսագրություն և ստեղծագործություններ[խմբագրել]

1908 թվականից ապրել է Հեռավոր Արևելքում։ Սովորել է Վլադիվոստոկի առևտրային ուսումնարանում (1912 - 18), որտեղ մտերմանալով բոլշևիկների հետ, մասնակցել է քաղաքացիական պատերազմին (1918-20) և Կրոնշտադտի հակահեղափոխական խռովության ճնշմանը։ Սովորել է Մոսկվայի լեռնային ակադեմիայում (1921-24)։ 1924-26-ին կուսակցական աշխատանք է կատարել Կրասնոդարում և Դոնի Ռոստովում, վերադառնալով Մոսկվա՝ նվիրվել է գրական գործունեության։

1923-ին հրապարակվել է նրա «Հոսանքին հակառակ» պատմվածքը, 1924-ին՝ «Հեղեղ» վիպակը։ Հեղինակին լայն ճանաչում է բերել «Ջախջախում»

(1927, հայ. հրտ. 1933, համանուն կինոնկար, 1931) վեպը, որը պատկերում է քաղաքացիական պատերազմի դրվագներից մեկը Հեռավոր Արևելքում։ Քաղաքացիական պատերազմին է նվիրված նաև «Վերջին ուդեհեն»  (մաս 1-4, 1929 - 40, անավարտ, հայ. հրտ. 1936) վեպը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է ժողովրդի հերոսական պայքարի մասին պատմող ակնարկներ, հոդվածներ, ստեղծել «Լենինգրադը պաշարման օրերին» (1944) գիրքը։ Նրա ստեղծագործության մեջ ավելի ու ավելի ուժեղացող հերոսական ռոմանտիկ երանգներն առանձին ուժով են հնչում «Երիտասարդ գվարդիա» (1945, 2 խմբ. 1951, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1946, հայ. հրտ. 1947, համանուն կինոնկար, 1948) վեպում, որի հիմքում ընկած են Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կոմերիտական կազմակերպության գործերը։ Վեպը ներբողում է սովետական ժողովրդի պայքարը գերմանաֆաշիստական զավթիչների դեմ։ Զարգացնելով ռուս գրականության լավագույն ավանդույթները՝ Ֆադեևը ստեղծել է երկեր, որոնք դարձել են սոցիալիստական ռեալիզմի գրականության դասական նմուշներ։ «Երեսուն տարում» (1957) գիրքն ամփոփում է նրա գրական-քննադատական ելույթները։ Նրա գործերը բեմականացվել ու էկրանացվել են, թարգմանվել ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։

Հոգեկան դեպրեսիայի վիճակում Ալեքսանդր Ֆադեևը ինքնասպան է եղել ատրճանակով։ Որպես ինքնասպանության պատճառ նշվել է ալկահոլամոլությունը[1]։

1926 - 32-ին Ֆադեևը եղել է Պրոլետարների, գրողների ռուսաստանյան ասոցիացիայի ղեկավարներից, 1939-44 և 1954 - 56-ին՝ ՍՍՀՄ ԳՄ քարտուղար, 1946 - 54-ին՝ գլխավոր քարտուղար և վարչության նախագահ։ 1950-ից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի փոխնախագահ։ 1939 - 56-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմի անդամ, ՍՄԿԿ XX համագումարում (1956) ընտրվել է ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու։

ՍՍՀՄ II - IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Գրականություն[խմբագրել]

  • Зелинский К., «А. А. Фадеев. Критико-биографический очерк, М., 1956;
  • Озеров В., Александр Фадеев. Творческий путь, 3 изд., доп. и перераб., М., 1970;
  • Беляев Б. Л., Страницы жизни։ А. Фадеев в 20-е и 30-е гг., М., 1980

Ծանոթագրություններ[խմբագրել]

Commons-logo.svg