Կենտրոնական կոմիտե (ԽՄԿԿ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Լեոնիդ իլյիչ Բրեժնև

Կենտրոնական կոմիտե ԽՄԿԿ, կուսակցության բարձրագույն ղեկավար օրգանը ԽՄԿԿ համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում։ ԿԿ-ի անդամները և անդամության թեկնածուները ընտրվում են համագումարի կողմից։ ԽՄԿԿ ԿԿ կուսակցության քաղաքական ղեկավարման օրգանն է, տեսական և գաղափարական կենտրոնը։ Իր գործունեության ընթացքում այն հենվում է կուսակցության համագումարի որոշումների վրա և հաշվետու է նրան՝ կատարած աշխատանքի համար։ ԽՄԿԿ XXIV համագումարի (1971-ի մարտ-ապրիլ) հաստատած կանոնադրության մեջ ասվում է, որ ԿԿ ղեկավարում է կուսակցության տեղական կուսակցական օրգանների ամբողջ գործունեությունը, իրականացնում ղեկավար կադրերի ընտրությունը և տեղաբաշխումը, ուղղություն է տալիս կենտրոնական պետական և աշխատավորների հասարակական կազմակերպությունների աշխատանքին՝ այնտեղ գործող կուսակցական խմբերի միջոցով, ստեղծում է կուսակցության օրգաններ, հիմնարկներ, ձեռնարկություններ, ղեկավարում նրանց գործունեությունը, նշանակում է կենտրոնական թերթերի և հանդեսների խմբագրությունները, բաշխում է կուսակցական բյուջեի միջոցները և վերահսկում այն։ ԿԿ ներկայացնում է ԽՄԿԿ մյուս կուսակցությունների հետ ունեցած հարաբերություններում։ ԿԿ-ի կազմում ընտրվում են ականավոր կուսակցական և պետական գործիչներ, տնտեսական և վարչական աշխատողներ, ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի առաջավորներ, որոնք տիրապետում են մարքս-լենինյան տեսությանը, ունեն քաղաքական աշխատանքի մեծ փորձ, մասսաներին ղեկավարելու ունակություն, վայելում են կոմունիստների վստահությունը։ Լինելով կոլեգիալ ղեկավարման մարմին՝ ԽՄԿԿ ԿԿ, ոչ պակաս քան վեց ամիսը մեկ անգամ (համաձայն կուսակցության կանոնադրության), անց է կացնում պլենար նիստ։ ԿԿ-ի անդամության թեկնածուները պլենումներին ներկա են լինում խորհրդակցական ձայնի իրավունքով։ Համագումարից հետո, ԿԿ-ի առաջին պլենար նիստում, ընտրում են Սովետական Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ԽՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրո և քարտուղարություն, որոնք ղեկավարում են կուսակցությունը՝ ԿԿ-ի պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում։ ԿԿ-ի պլենումներում քննարկվում են կուսակցության, պետական կյանքի և գործունեության հարցերը, բացահայտվում են աշխատանքում տեղ գտած թերությունները, նշվում դրանց վերացման ուղիները, մշակվում կոմունիստական շինարարության խնդիրների լուծման եղանակներն ու մեթոդները։ Մինչև 1917 թվականը, երբ կուսակցությունն աշխատում էր անլեգալ պայմաններում, ԿԿ ունեցել է Ռուսական բյուրո ՌՍԴԲ (բ)Կ ԿԿ և Արտասահմանյան բյուրո ՌՍԴԲԿ ԿԿ։ ԿԿ-ի անդամներին սիստեմատիկ հավաքելը անհնարին էր և վտանգավոր, այդ պատճառով սովորաբար հարցերը քննարկվում էին ԿԿ-ի ոչ լրիվ կազմի ներկայությամբ, ապա նամակագրությամբ հաշվի էին առնվում ԿԿ-ի մյուս անդամների կարծիքները, ընդունվում որոշումներ։ ԿԿ-ի ժողովներն առաջին անգամ «ԿԿ-ի պլենում» կոչելը վերաբերում է 1908 թվականի օգոստոսին (Ժնև)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կուսակցության մշտական աճի, գործունեության մասշտաբների ընդլայնման, առաջադրվող խնդիրների բարդացման հետեանքով ԿԿ-ի կազմն ընդլայնվում է։ Վլադիմիր Իլյիչ Լենինի առաջարկությամբ ՌԿ (բ)Կ XII համագումարը (1923-ի ապրիլ) ավելացրեց ԿԿ-ի կազմը (մինչև ԿԿ-ի 40 անդամ և 17 անդամության թեկնածու)։ XV-XVIII համագումարներում (1927-ի դեկտեմբեր - 1939-ի մարտ) ԿԿ-ի անդամների թիվը հասավ 71-ի, անդամության թեկնածուներինը՝ 68-ի։ XXV համագումարում (1976-ի փետրվար-մարտ) ԿԿ-ի կազմում ընտրվել է 288 անդամ և 139 անդամության թեկնածու։ ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղարն է Լեոնիդ իլյիչ Բրեժնևը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png