Ալեքսանդրա Չեբոտարևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Չեբոտարևսկայա
Ծնվել էապրիլի 12 (24), 1869[1] կամ հունվարի 1, 1869(1869-01-01)[2]
ԾննդավայրNovy Oskol, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էփետրվարի 22, 1925(1925-02-22)[3][1] կամ փետրվարի 19, 1925(1925-02-19)[2]
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
Մասնագիտությունթարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն

Ալեքսանդրա Նիկոլաևնա Չեբոտարևսկայա (ռուս.՝ Александра Николаевна Чеботаревская, ապրիլի 12 (24), 1869[1] կամ հունվարի 1, 1869(1869-01-01)[2], Novy Oskol, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - փետրվարի 22, 1925(1925-02-22)[3][1] կամ փետրվարի 19, 1925(1925-02-19)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), թարգմանիչ, գրական-գեղարվեստական ​​քննադատական ​​հոդվածների հեղինակ։ Բանաստեղծուհի Անաստասիա Չեբոտարևսկայայի ավագ քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է կուրսկցի փաստաբան Նիկոլայ Նիկոլաևիչ Չեբոտարևսկու (մահ.՝ 1900) ընտանիքից։ Մայրը՝ Անաստասիա Նիկոլաևնան (մոտ 1850 - մոտ 1879), վրացի իշխաններ Ագեյ-Շվիլիների տոհմից է եղել, ինքնասպան է եղել 29 տարեկանում՝ հոգեկան հիվանդության պատճառով, երբ Չեբոտարևսկայան 9 տարեկան է եղել։ Դրանից քիչ առաջ ընտանիքը տեղափոխվել էր Մոսկվա։ Հայրը ամուսնացել է Ալեքսանդրա Էդուարդովնայի (ծննդյամբ՝ Վիվիեն) հետ։ Երկրորդ ամուսնությունից ունեցել է վեց երեխա։ Առաջին ամուսնությունից[4] երեխաները մեծացել են Ալեքսանդրա Չեբոտարևսկայայի խնամակալության ներքո[5]։

1880 թվականից ընտանիքը բնակվել է Մոսկվայում, որտեղ Չեբոտարևսկայան սովորել է Ս. Ա․ Արսենևայի մասնավոր գիմնազիայում, մասնակցել կանանց բարձրագույն դասընթացների դասախոսություններին, այնուհետև կրթությունը շարունակել Փարիզում (Սորբոն, Collège de France, Ռուսաստանի հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց)։ Երիտասարդ տարիներին գրել է բանաստեղծություններ (պահպանվել է 1887-1888 թվականների բանաստեղծությունների տետրը)։ Չեբոտարևսկայան, դեռևս գիմնազիայի տարիներին, հիանալի տիրապետել է գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն, լեզուներին, իսկ հասուն տարիքում նա սկսել է սովորել նաև իտալերեն և իսպաներեն, միշտ արտասահմանյան գրականություն է կարդացել բնօրինակներից։ Նա լրջորեն ուսումնասիրել է գեղանկարչության պատմությունը և ինքն էլ հիանալի նկարչուհի է եղել։ Գիմնազիայի վերջին դասարաններում սկսել է թարգմանություններ կատարել։ Նրա առաջին թարգմանչական փորձերը պատրաստակամորեն են ընդունվել «Ռուսական տեղեկագրեր»-ի խմբագրության կողմից։ «Ռուսական մտքի Գիտա-հանրամատչելի ​​գրադարան» շարքում Չեբոտարևսկայայի թարգմանությամբ լույս է տեսել Պոլ Գիրոյի «Fustelle de Coulanges» գիրքը (1898)՝ ֆրանսիացի խոշորագույն միջնադարյան պատմաբանի մասին։ Հետագա տարիներին «Ռուսական միտք»-ը պարբերաբար հրատարակել է Չեբոտարևսկայայի թարգմանությունները (ստորագրված նրա լրիվ անունով կամ անվան ազգանվան սկզբնատառերով, Հուգո ֆոն Հոֆմանսթալի «Կյանքը Հյուգոյի ստեղծագործություններում» (1902) հոդվածը, Յակով Վասերմանի «Կյանքից վեր» (1907) պատմվածքը, Հայնրիխ Մանի «Չարերը» (1908) պատմվածքների շարքը, Անատոլ Ֆրանսի «Կոմիկական պատմություն։ Վեպ թատերական աշխարհից» (1908) և նրա «փոքր պատմվածքները» (1907), Ժան և Ժերոմ Տարո եղբայրների «Դինգլի» (1907) և Խ. Բերգերի «Իզաիլ» (1907) վեպերը, Ֆրանսիս Ժամմի «հեքիաթներ»-ը (1918) և հատվածներ Կատյուլ Մենդեսի «Կոմունայի յոթանասուներեք օրը» (1918) օրագրից[6]։

Չեբոտարևսկայայի կյանքում որոշիչ դեր է խաղացել նրա ծանոթությունը (1903 թվականին Փարիզում) Վյաչեսլավ Իվանովի հետ, որը վերաճել է մտերիմ, երկարամյա բարեկամության։ Չեբոտարևսկայան դարձել է Իվանովների ընտանիքի մտերիմ ընկերը և օգնականը գործնական կյանքի բազմաթիվ հանգամանքներում։ Չեբոտարևայի տնական անունը՝ Կասանդրա, հնչում է Իվանովի «Կասանդրա» սոնետում, որը նվիրված է նրան (նրան է նվիրված նաև «Աշուն» բանաստեղծությունը)։ Հիմնականում Իվանովի շնորհիվ է Չեբոտարևսկայան մտել սիմվոլիստական ​​գրական շրջանակ, չնայած, ի տարբերություն իր քրոջ՝ Անաստասիա Չեբոտարևսկայայի, նա այդտեղ առաջին պլան դուրս չի եկել։ Իվանովը դարձել է Չեբոտարևսկայայի կողմից Օնորե դը Բալզակի «Սերաֆիտ» առեղծվածային վեպի թարգմանության նախաձեռնողը, որը նախատեսվել է հրատարակել 1910 թվականին «Մուսագետ» հրատարակչության կողմից Իվանովի ներածական հոդվածով[7] և Գյուստավ Ֆլոբերի «Մադամ Բովարի» վեպի թարգմանությունը գրողի ամբողջական ժողովածուի համար, որը ձեռնարկել է «Վայրի վարդ» հրատարակչությունը (1913), Իվանովը Չեբոտարևսկայայի թարգմանությունը ենթարկել է մանրակրկիտ խմբագրման։

Տարիների ընթացքում թարգմանությունը դարձել է Չեբոտարևսկայայի հիմնական գրական զբաղմունքը, որն ապահովել է նյութական բարեկեցություն և որոշակի մասնագիտական ​​բավարարվածություն։ Նրա ամենահավակնոտ աշխատանքն այդ ոլորտում Գի դը Մոպասանի վեպերի և պատմվածքների թարգմանությունն է եղել, «Պանթեոն» և «Վայրի վարդ» հրատարակչությունների կողմից հրատարակված (1909-1912), 30 հատորից Չեբոտարևսկայան ամբողջությամբ թարգմանել է 14 հատոր[8], նրա Մոպասանի թարգմանությունները հետագայում մի քանի անգամ վերահրատարակվել են։ Չեբոտարևսկայայի թարգմանություններից լույս են տեսել նաև Առնե Գարբորգի «Քարոզիչը», Էմիլ Գիլոմենի «Հասարակ մարդու խոստովանությունները» (1906, 1923), Մորիս Մետերլինկի «Մոննա Վաննա» (1903)[9], Ժյուլ Ամեդե Բարբե դ'Օրևիլիի «Սատանայի դեմքերը» (1908), Մուլտատուլիի «Վիպակներ, պատմվածքներ, լեգենդներ» (1907) և նրա «Պատմվածքներ» (1919), Գյուստավ Ժեֆրուայի «Կյանքը սովորեցրեց» պատմական դրաման (1923) Նիկոլա Ռետիֆ դը լա Բրետոննի «Հեղափոխության գիշերները» ակնարկների գիրքը (1924), Միշել Կորդեի «Պատերազմի կուլիսներում (Վայրենի կնոջ օրագիրը)» (1925) վեպը։

Հետհեղափոխական ավերածությունների պայմաններում Չեբոտարևսկայան օգնել է Վյաչեսլավ Իվանովի ընտանիքին՝ իր վրա վերցնելով բազմաթիվ տնային գործեր և մեկ տարի (1921 թվականի աշնանից մինչև 1922 թվականի աշուն) անցկացրել է Բաքվում՝ Իվանովների հետ։ 1924 թվականի օգոստոսին մեկնելով արտասահման՝ Իվանովը Չեբոտարևսկայայի խնամքին է թողել իր ունեցվածքի զգալի մասը, գրադարանները և գրեթե ողջ ձեռագրական արխիվը[10]։ Իր մտերիմ ընկերոջ՝ Միխայիլ Գերշենզոնի թաղման ժամանակ Չեբոտարևսկայան հուզավառ ելույթ է ունեցել («տարածված ձեռքով ցույց տալով հանգուցյալին, նա բղավել է․ «Ահա՛ նա է»։ Նա մեզ համար բացում է սարսափից ազատվելու միակ հնարավոր ճանապարհը։ Հետևե՛ք նրան։ Հետևե՛ք նրան»), նա վազելով հեռացել է և նույն օրը խեղդվել[11] Մոսկվա գետում։ Չեբոտարևսկայայի ինքնասպանությունը, իհարկե, ունեցել է հոգեբանական ժառանգական բաղադրիչ (նա ճշտությամբ կրկնել է մոր, եղբոր և կրտսեր քրոջ ճակատագիրը), բայց նույնքան օրինաչափ է մեկնաբանել այդ քայլը որպես արձագանք նոր սոցիալական մթնոլորտին, որը խորապես թշնամաբար էր տրամադրված նրա նկատմամբ[5]։

1925 թվականի հուլիսի 27-ին Իվանովը գրել է․

Իրեն կամրջից ցած նետելու միջոցով նրա մահվան տեսարանը երկար ժամանակ հետապնդում էր ինձ, սարսափելի էր հոգին պատռող տեսիլքի պես... որոշ ժամանակ առաջ նա նամակ է գրել Սանկտ Պետերբուրգից[12], գրեթե գործնական... բայց ներքուստ այնքան անմեղսունակ, որ տողերի արանքում սարսափով կարդացի ինչ-որ ողբերգական ավարտի մոտենալու մասին։

Իվանովի հիշատակած նամակում Չեբոտարևսկայան իր մասին հայտնել է․

Իմ հիվանդությունները… թեև ֆիզիկականի տեսք ունեն, բայց ավելի շուտ այլ ոլորտից են գալիս։

Չուլկովի նախաձեռնությամբ Չեբոտարևսկայայի հիշատակին նվիրված ժողովածու հավաքելու և հրատարակելու փորձերը մնացել են չիրականացված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) (ռուս.) / под ред. Б. Ф. Егоров — 2019. — Т. 6:С—Ч. — 656 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962.
  4. В первом браке было семь детей.
  5. 5,0 5,1 Русские писатели, 2019, էջ 606
  6. Русские писатели, 2019, էջ 605
  7. Замысел не был осуществлён, сохранились лишь начальные страницы чернового текста перевода.
  8. т.3, 6-8, 10, 16, 20, 21, 24, 25, 27—30.
  9. В соавторстве с Анастасией Чеботаревской.
  10. В настоящее время эти материалы рассредоточены по различным фондам в архивохранилищах Москвы и Петербурга.
  11. По другой версии, 13 марта.
  12. Письмо от 4 января 1925 года.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лавров А. В. ЧЕБОТАРЕ́ВСКАЯ Александра Николаевна // Русские писатели, 1800—1917 : Биографический словарь / гл. ред. Б. Ф. Егоров. — М. : Большая российская энциклопедия ; СПб. : Нестор-История, 2019. — Т. 6 : С—Ч. — С. 605—606. — 656 с. — (Сер. биогр. словарей: Русские писатели. 11—20 вв.). — 1000 экз. — ISBN 5-85270-011-8. — ISBN 978-5-4469-1616-0 (т. 6).
  • Павлова М. М. ЧЕБОТАРЕ́ВСКАЯ Анастасия Николаевна // Русские писатели, 1800—1917 : Биографический словарь / гл. ред. Б. Ф. Егоров. — М. : Большая российская энциклопедия ; СПб. : Нестор-История, 2019. — Т. 6 : С—Ч. — С. 606—609. — 656 с. — (Сер. биогр. словарей: Русские писатели. 11—20 вв.). — 1000 экз. — ISBN 5-85270-011-8. — ISBN 978-5-4469-1616-0 (т. 6).