Աբովյանների տուն (Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբովյանների տուն
Տեսակմշակութային արժեք և բնակելի տուն
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԳյումրի[1]
ՀասցեԱճեմյան 1
ՓողոցԱճեմյան փողոց
Հարկեր2
Մասն էԱրգելոց «Կումայրի»
Հիմնադրված է19-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Քարտեզ
Քարտեզ

Աբովյանների տուն (նաև՝ Աբովենց տուն), բնակելի տուն և պատմամշակութային հուշարձան Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ Աճեմյան փողոցի սկզբնամասում և հաշվառված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է գյումրեցի վաճառական Խաչատուր Աբովյանցի կողմից՝ 1860-ական թվականներին[3], իսկ 19-րդ դարի վերջից[2] մինչև 20-րդ դարի սկիզբ[4] կատարվել են վերանորոգման աշխատանքներ։ Շենքի կառուցման վկայագիրը գտնվում է մուտքի փականաքարի վրա, որի վրա գրված է կառուցողի անունն ու թվականը։ Շենքը հետագայում համալրվել է նաև այլ կառույցներով՝ ռուսական բանակի կապի հանգույցն է կառուցվել, որն Ալեքսանդրապոլի համար դարձել է միակ փոստային բաժանմունքը[3]։ Խորհրդայնացումից հետո հարուստ առևտրականների տները ազգայնացվում են, այս շինությունը՝ ևս։ Մինչև 1960-ականները շինությունը ծառայել է սահմանապահներին, հետագայում այստեղ են կազմակերպվել Լենինականի Մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության, երգ-երաժշտության դասերը[3]։

Շենքը մասամբ վնասվել է 1926 և 1988 թվականների երկրաշարժների ժամանակ, ապա դարձել ապաստարան՝ տուժածների համար։ Աստիճանաբար նոր բնակարաններ տեղափոխվելով անօթևան գյումրեցիները հեռանում են պատմական շինությունից, որը մնալով առանց խնամքի՝ սկսում է քայքայվել։ 2009 թվականին շենքով հետաքրքվում է Մշակույթի նախարարությունը, և կառավարության որոշմամբ կառույցը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցվում է նախարարության ենթակայությանը[3]։ Երկու տարի անց՝ 2011 թվականին, սկսվում է շենքին կից հատվածի՝ Խալաթյանցի եկամտաբեր տան վերանորոգումը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Վերանորոգված հատվածում 2012 թվականից գործում է Շիրակի մարզային գրադարանը։ Խոստացվել էր, որ շինության մյուս հատվածներն էլ կվերանորոգվեն, սակայն նոր աշխատանքներ չեն կատարվել։ Ներկայումս միայն Խալաթյանցի եկամտաբեր տան շենքում տեղակայված Շիրակի մարզային գրադարանի հատվածն է բարեկարգ, իսկ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբը, տունը, բակը ծածկված են աղբով ու մոլախոտով[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի պատին փակցված տեղեկատվական ցուցանակ։

Աբովյանների երկհարկանի տունը գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում՝ Աճեմյան փողոցի սկզբնամասում, Գյումրիի Կենտրոնական այգու հարևանությամբ[3]։ Աբովյանների տանը կից շարունակությունը կազմում է 1895 թվականին կառուցված Խալաթյանցի եկամտաբեր տունը, որի շենքում այժմ տեղակայված է Շիրակի մարզային գրադարանը[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը երկհարկանի է, տան ճակատը հարդարված է տեղացիների կողմից «հորթի լեզու» անվանվող կիսաշրջանաձև զարդաքանդակ քիվերով։ Տունն առանձնանում է մինչ օրս պահպանված փայտե պատշգամբի հազվադեպ օրինակով[4], որն առավել հայտնի է «Մեր մանկության տանգոն» կինոնկարի՝ «Վառեմ-մարեմի բալկոն»[3]։

Ներկայումս շենքը քանդված է ու փլուզման վտանգի տակ[3]։

«Վառեմ-մարեմի բալկոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վառեմ-մարեմի բալկոնը» 2012 թվականին։
Հատված պատշգամբում կանգնած Սիրանուշի (Գալյա Նովենցը) և Ռուբենի (Ֆրունզիկի) վիճաբանությունից[3][5]

- Լուսը վառել եմ ու պտի վառեմ, ու էսօրվանից հետո էլ պտի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ։
     - Վառե՜, Վառե՜։
     - Կվառեմ, հենց պտի վառեմ։
     - Քու գործդ մենակ վառելն է։

1985 թվականին Աբովյանների տանն է նկարահանվել կինոբեմադրիչ Ալբերտ Մկրտչյանի Խորհրդային տարիներից հայտնի և մինչ օրս սիրված ողբերգական-կատակերգական «Մեր մանկության տանգոն» կինոնկարը։ Ֆիլմը նվիրված է Հայաստանի ամենասիրված, տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) մանկությանը և ընտանիքին։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Հայաստանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ֆիլմը գլխավոր հերոսի, նրա նախկին կնոջ և պատերազմի ժամանակ կյանքը փրկած բուժքրոջ սիրո պատմությունն է և ներկայացնում է հետպատերազմյան կյանքի դրվագները Գյումրի քաղաքի օրինակով[4]։

Ֆիլմի նկարահանումից հետո շենքի հայտնի պատշգամբին գյումրեցիները տվեցին այլ անուն ու հասցե՝ «Վառեմ-մարեմի բալկոն»[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 «Հայաստանի կառավարության որոշում N 2170, 9 սեպտեմբերի 2004 թ․». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Ֆրունզիկի ու Գալյա Նովենցի «Վառեմ-մարեմի բալկոնը» փլվում է». mediamax.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Պատմական Գյումրիի տարածքում տեղադրվեցին բացօթյա բազմալեզու վահանակներ». mts.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. Մեր մանկության տանգոն - քո գործդ մենակ վառելն է ՅուԹյուբում