Jump to content

Ֆաինա Ռանևսկայայի հուշարձան (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաինա Ռանևսկայայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործԴավիթ Բեգալով
Ստեղծում2008
Բարձրություն215 սանտիմետր
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՏագանրոգ
ԲնակավայրՏագանրոգ
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն
 Monument to Ranevskaya in Taganrog Վիքիպահեստում

Ֆաինա Ռանևսկայայի հուշարձան (ռուս.՝ Памятник Фаине Раневской), խորհրդային դերասանուհի Ֆաինա Գեորգիևնա Ռանևսկայայի հուշարձանը նրա հայրենիքում` Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը տեղադրվել է 2008 թվականի մայիսին[1]։

Հուշարձանի հեղինակն է ռոստովահայ քանդակագործ Դավիթ Բեգալովը, ճարտարապետը` Սերգեյ Ռյաբոշտանովը։ Հուշարձանը տեղադրվել է Տագանրոգ քաղաքի Ֆրունզեի փողոցում, այն շենքի առջև, որում անցել են դերասանուհու մանկությունն ու պատանեկությունը (ներկայումս` Ֆրունզեի փող., 10, Ռանևսկայայի պատանեկության տարիներին` Նիկոլայի փող., 12), և որտեղ արդեն քանի տարի քաղաքային իշխանությունները ծրագրում են բացել Ֆաինա Գեորգիևնա Ռանևսկայայի թանգարանը։ Բրոնզե քանդակը պատկերում է Ռանևսկայային «Ընկեցիկը» ֆիլմի հերոսուհի Լյալյայի դերում[2]։

Քանդակի բարձրությունը 215 սանտիմետր է։ Քանդակի բրոնզե պլինթոսը տեղադրված է կարմիր մարմարից պատրաստված հղկված սալաքարի տեսքով ոչ բարձր դեկորատիվ պատվանդանին։ Մարմարե պատվանդանի հետնամասում գրված է. «Հուշարձանը տեղադրված է Տագանրոգ քաղաքի վարչակազմի և «Կրասնի կոտելշչիկ» ԲԲԸ-ի աջակցությամբ։ 2008» և «Ճարտարապետ` Ռյաբոշտանով Ս. Յ., քանդակագործ` Բեգալով Դ. Ռ.»։

Գաղափարը և հուշարձանի նախնական տարբերակը մշակել էր տագանրոգցի քանդակագործ Ալլա Վինևսկայան[3][4]։ Սակայն ավելի ուշ որոշվել է անցկացնել մրցույթ, որին մասնակցել են Ալլա Վինևսկայան (Տագանրոգ), Վլադիմիր Դմիտրիևը (Տագանրոգ), Դավիթ Բեգալովը (Դոնի Ռոստով)։ Հաղթող է ճանաչվել ռոստովահայ քանդակագործ Դավիթ Բեգալովի նախագիծը[2]։ Հուշարձանը պատրաստվել է Տագանրոգի «Կրասնի կոտելշչիկ» («Կարմիր կաթսայագործ») գործարանի հաշվին, որն այդ նպատակների համար հատկացրել է 1200000 ռուբլի[2]։

Ֆաինա Ռանևսկայայի հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2008 թվականի մայիսի 16-ին, Ֆաինա Ռանևսկայայի անվան «Մեծ նահանգ» առաջին միջազգային թատերական փառատոնի մեկնարկի օրը։ Միջոցառմանը մասնակցել են Տագանրոգի քաղաքապետը, մարզպետարանի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր, Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Եվգենի Ստեբլովն ու Իրինա Կարտաշովան, որոնք Ռանևսկայայի հետ աշխատել են Մոսսովետի անվան թատրոնում։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Երբ ես մահանամ, թաղեք ինձ և հուշարձանի վրա գրեք. «Մահացել է զզվանքից»» (Ֆ. Ռանևսկայա)
  • «Ֆաինա Գեորգիևնան շատ ինքնահեգնող մարդ էր և, հավանաբար, շատ կծիծաղեր, եթե իմանար իր հուշարձանի բացման մասին։ Ռանևսկայան տառապում էր բոլոր կողմերից հնչող «Մուլյա, մի՛ նյարդայնացրու ինձ» ռեպլիկներից, նրա ամենասիրելի դերը կինոյում եղել է Միխայիլ Ռոմի «Երազանք» ֆիլմում Ռոզա Սկորոխոդի դերը։ Այնուամենայնիվ, հուշարձանի բացումը, անկասկած, կարևոր իրադարձություն է։ Կարելի է քննարկել դերասանուհու մարմնավորած այս կամ այն կերպարը, ամեն մեկը տեսնում է յուրովի»[5] (Ե. Ստեբլով, 2008)

Ռանևսկայայի հուշարձանը` ժամանակակից մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոստային բացիկ
«Տագանրոգ։ Ֆ. Գ. Ռանևսկայայի հուշարձան, 2009»
  • 2009 թվականին Մոսկվայի «Մարկա» հրատարակչական կենտրոնը թողարկել է նամականիշով միակողմանի փոստային բացիկ, որի վրա պատկերված է Ֆ. Գ. Ռանևսկայայի հուշարձանը։

Հետաքրքական փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շատերը կարծում են, որ այս հուշարձանը անձամբ Ռանևսկայան չէր հավանի` հաշվի առնելով Լյալյա կինոհերոսի հանդեպ նրա ատելությունը[6]։ Կարծիք կա, որ մեծ դերասանուհու «իրական հուշարձան» է դարձել «Ֆրեքեն Բոք» արտ-սրճարանը, որը բացվել է 2009 թվականին արձանից ոչ հեռու[6]։

Բարբարոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008 թվականի մայիսին, հանդիսավոր բացումից մի քանի օրից հետո, կատարվել է հովանոցի բարբարոսական «ապամոնտաժման» փորձ։ Հովանոցը, ըստ քանդակագործ հեղինակի մտահղացման, կարող էր պտտվել Ռանևսկայայի ձեռքին։ Քաղաքային իշխանությունները, օպերատիվ արձագանքելով, ամրացրել են հովանոցը` բացառելով պտտվելու հնարավորությունը։
  • 2009 թվականի սկզբին գողացվել է Ռանևսկայայի ձեռքի հովանոցի բռնակի գլխիկը։
  • 2009 թվականի հուլիսին անհայտ բարբարոսները փորձել են Ռանևսկայայի քանդակային պատկերի աջ ձեռքից պոկել պայուսակը։ Անհաջողության մատնվելով (պայուսակը միայն վնասվել է)` վանդալները փորձել են կտրել կամ կոտրել ամբողջ ձեռքը[7]։
  • 2009 թվականի հոկտեմբերի սկզբին կրկին փորձ է արվել «ապամոնտաժել» հովանոցը։ Հովանոցը կանգուն է մնացել, բայց բռնակը ծռմռվել է, իսկ 2008 թվականին ուժեղացնելու համար արված զոդման միացությունները քանդվել են։ Վերականգնողական աշխատանքներ կատարվել են միայն 2010 թվականի հունվարին` Անտոն Չեխովի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ[8]։
  • 2011 թվականի օգոստոսի 27-ին, Ֆաինա Ռանևսկայայի ծննդյան 115-ամյակի օրը, կրկին կատարվել է հարձակում հովանոցի վրա. այս անգամ ծռվել է բռնակը, վնասվել է զոդման միացությունը, պոկվել է դերասանուհու գլխարկի ժապավենը[9]։
  • 2012 թվականի մարտի 8-ի նախօրեին հովանոցի վրա հերթական հարձակման ժամանակ, 2011 թվականի օգոստոսից այդպես էլ չվերականգնված հովանոցն ավելի է դեֆորմացվել, պոկվել է բռնակի գլխիկը[10][11][12]։
  • 2012 թվականի մարտի 22-ին անհայտ անձինք պոկել են մարտի 8-ին տուժած հովանոցը[13]։ Ըստ տեղական մամուլի` հովանոցը պոկվել է և թողնվել գետնին` քանդակի մոտ, դաշնային հեռուստաալիքներից մեկի ժամանելուց հետո[14]։ Հովանոցը տեղի բնակիչների կողմից հանձնվել է ոստիկանությանը, որն էլ այն վերականգնելու համար վերադարձրել է քաղաքային իշխանություններին[14]։ Հովանոցը վերադարձվել է միայն 2012 թվականի հունիսին։
  • 2012 թվականի հոկտեմբերի սկզբին հովանոցը ենթարկվել է հերթական հարձակմանը։ Այն կանգուն է մնացել, սակայն վնասվել են զոդման միացությունները, ծռվել է բռնակը և պոկվել հովանոցի ճաղերից մեկը։
  • 2014 թվականի մայիսի 2-ին հերթական անգամ գողացվել է հովանոցը[15][16]։ Վերականգնվել է հունիսի կեսերին[17]։
  • 2014 թվականի օգոստոսին քաղաքի վարչակազմի կարգադրությամբ հուշարձանը ենթարկվել է բարբարոսական սառը ավազաշիթային մշակման։ Այս մեխանիկական մշակման հետևանքով քանդակը զրկվել է բարակ դեկորատիվ ծածկույթից, ի հայտ են եկել բոլոր տեխնոլոգիական կարերը և աչքի է զարնել ելանյութի անմիատարրությունը։ Հովանոցը ամուր զոդվել է Ռանևսկայայի մարմնին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Булейко А. «Муля, не нервируй меня!» // Таганрогская правда. — 2008. — 16 сент.
  2. 2,0 2,1 2,2 Сдатчикова И. Фаина — наша гордость и любовь... // Таганрогская правда. — 2008. — 26 апр.
  3. Ионова Л. В Таганроге будет установлен бюст великой актрисы // Российская газета. — 2007. — 16 ноября.
  4. Владимирова М. Котлостроители поставят Раневской памятник // Таганрогская правда. — 2007. — 14 ноября.
  5. Щукина Э.
  6. 6,0 6,1 Морозова С. Кофейник, передник и Фаина Раневская: расскажу о чудесном местечке в Таганроге // Аргументы и Факты. — 2012. — 11 янв.
  7. Собств. корр. В Таганроге вандалы пытались разрушить памятник Фаине Раневской // Комсомольская правда. — 2009. — 24 июля.
  8. Потеря И. В Таганроге памятнику Фаине Раневской вернули зонтик // Комсомольская правда. — 2010. — 27 янв.
  9. Фельдман Г. Таганрогские отморозки отметили юбилей Фаины Раневской // www.rostovnews.net. — 2011. — 29 авг.
  10. Фельдман Г. Пионэры поздравили Раневскую с 8 марта // www.rostovnews.net. — 2012. — 12 марта.
  11. Каратаева В. Многострадальный зонтик // Таганрогская правда. — 2012. — 15 марта.
  12. Иванова Е. В Таганроге вандалы испортили памятник Фаине Раневской // Комсомольская правда. — 2012. — 11 марта.
  13. Андреянов Д., Туманевич А. В Таганроге вандалы испортили памятник Фаине Раневской(չաշխատող հղում) // beta.tvc.ru. — 2012. — 23 марта.
  14. 14,0 14,1 Сазонова Е. «Укол» зонтиком // Таганрогская правда. — 2012. — 30 марта.
  15. Строганов А. У Фаины Гершевны снова зонтик стырили // tagangraf.livejournal.com. — 2014. — 3 июня.
  16. Собств. корр. У памятника Фаине Раневской в Таганроге похитили зонтик // bloknot-taganrog.ru. — 2014. — 16 июня.
  17. Варламова И. В Таганроге памятнику Раневской вернули зонтик // Российская газета. — 2014. —17 июня.