Առաջին ֆիլմը՝ «Ճարպագունդը» (1934) համր ժապավեն էր։ Ռոմի «Տասներեքը» (1937) ֆիլմը նվիրված է բասմաչների դեմ սովետական սահմանապահների պայքարին։ Սովետական կինոյի դասական ֆոնդում խոշոր ներդրում են Ռոմի «Լենինը հոկտեմբերին» (1937 թվական) և «Լենինը 1918» (1939) ֆիլմերը։ Հետագա տարիներին ստեղծել է ֆաշիզմը մերկացնող մի շարք կինոնկարներ՝ «Ռուսական հարց» (1948), «Գաղտնի առաքելություն» (1950 թվական), «Սպանություն Դանթե փողոցում» (1956) և այլն։ Բեմադրական մեծ թափով է կերտված «Ծովակալ Ուշակով» և «Նավերը գրոհում են բաստիոնները» (1953 թվական) պատմական երկպատումը։ «Տարվա ինն օրը» (1962 ֆիլմը նվիրված է սովետական ֆիզիկոսներին։ Հանրաճանաչ է Ռոմի «Սովորական ֆաշիզմ» (1966) կինոնկարը, ուր ֆաշիզմի սոցիալական էության մերկացումը, մտորումները հետպատերազմյան աշխարհի մասին ֆիլմին հաղորդել են սուր քաղաքական և փիլիսոփայական հնչողություն։ Ռոմի բազմաթիվ կինոնկարներ միջազգային փառատոներում արժանացել են մրցանակների։ 1949 թվականից (ընդհատումներով) դասավանդել է Համամիութենական կինոինստիտուտում (1958 թվականից՝ պրոֆեսոր)։ Ստացել է ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան (1966) պետական մրցանակը։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։