Jump to content

Օպերետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպերետ (իտալ.՝ operetta, ֆր.՝ орerette, բառացի՝ փոքր օպերա), երաժշտադրամատիկ արվեստի տեսակ (օպերայի տարատեսակ՝ խոսակցական դիալոգով), զուգակցում է էստրադային արվեստի տարրերով վոկալ և գործիքային երաժշտություն, պար, բալետ։

Օպերետի երաժշտական դրամատուրգիայի հիմքում սովորաբար քառյակային երգն է ու պարը։ Որպես կանոն, յուրաքանչյուր տեսարանի զարգացման բարձրակետը տվյալ ժամանակաշրջանում տվյալ երկրում հանրաճանաչ պարն է (կանկանը և գալոպը՝ Ժ․ Օֆենբախի, վալսը, պոլկան և մազուրկան՝ Շտրաուս–որդու, չարդաշը՝ Ի․ Կալմանի մոտ և այլն), որով հաճախ պայմանավորվում է ներկայացման երաժշտական ողջ մթնոլորտը։

Չնայած օպերետում օգտագործվում են օպերային բնորոշ վոկալ և գործիքային երաժշտության ձևեր՝ արիա, դուետ, անսամբչ, խմբերգ, սակայն դրանք ավելի պարզ են և ունեն երգ-պարային բնույթ։ Վոկալ-երաժշտական և խորեոգրաֆիկ համարները ծառայում են գործողության զարգացմանը, ստեղծագործության գաղափարի հաստատմանը և մի ամբողջություն են կազմում։ Դա օպերետը տարբերում է վոդնիլից և երաժշտական կոմեդիայի ու դրամայի այլ տեսակներից, որտեղ երաժշտությունը օժանդակ, դիվերտիսմենտային-դեկորատիվ դեր է կատարում։

Օպերետի ակունքները երաժշտակատակերգական ավանդական ներկայացումների մեջ են․ նրա պատմական նախորդներն են կոմիկական օպերան, ֆրանսիական վոդեիլը և գերմանական զինգշպիլը։

Մինչև 19-րդ դարի կեսը օպերետ է կոչվել ոչ մեծ օպերան։ Որպես ինքնուրույն ժանր օպերետը ծագել է 19-րդ դարի 50-ական թվականներին Ֆրանսիայում։ 1860-ական թվականներին ի հայտ են եկել ավստրիական, 1870-ական թվականներին անգլիական, 1880-ական թվականներին՝ ամերիկյան օպերետները։

Ֆրանսիայում զարգացել է հիմնականում օպերետի պարոդիական տեսակը, որի հիմնադիրներն են Ֆ․ էրվեն և Ժ․ Օֆենբախը։

20-րդ դարի 20-ական թվականներին հյուսիս–ամերիկյան օպերետում (ծագել է 19-րդ դարի վերջին) հաստատվել է երաժշտական ստեղծագործության նոր տեսակ՝ մյուզիկլ, որի զարգացմանը նպաստել են կոմպոզիտորներ Զ․ Գերշվինը, ի․ Բեռլինը, Ռ․ Ռոջերսը, Ֆ․ Լոուն, Է․ Բեռնստայնը։ 1920-ական թվականներին խորհրդային օպերետը սկզբնավորել են կոմպոզիտորներ Ի․ Օ․ Դունաեսկին և Ն․ Մ․ Ստրելնիկովը։ Հետագայում այդ ժանրում աշխատել են կոմպոզիտորներ Բ․ Ա․ Ալեքսանդրովը, Յու․ Ս․ Միլյուտինը, Պ․ Սոլովյով-Սեդոյը, Կ․ Յա․ Էիստովը, Օ․ Բ․ Ֆելցմանը, Ա․ Դ․ Նովիկովը, Տ․ Ն․ Խրեննիկովը, Վ․ Ե․ Մուրադելին և ուրիշներ։

Օպերետին դիմել են նաև խորհրդային սիմֆոնիկ և օպերային երաժշտության վարպետներ Դ․ Դ․ Շոստակովիչը, Դ․ Բ․ Կաբալեսկին, Գ․ Վ․ Սվիրիդովը։ Ստեղծվում են նաև պատմակենցաղային օպերետներ, երաժշտական կատակերգություններ երեխաների համար, մյուզիկլներ։

Հայկական օպերետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրան Չուխաջյան

Հայկական առաջին օպերետներն ու երաժշտական կոմեդիաները՝ «Արիֆի խարդախությունր» (1872), «Քյոսե Բեհյա» (1874), «Լեբլեբիջի Հորհոր աղա» (1876) պատկանում են Տ․ Չուխաճյանի գրչին։ Դրանք երեքն էլ իրենց ստեղծման իսկ տարիներից սկսած բեմադրվել են Կ․ Պոլսում և այլուր։

20-րդ դարում սկզբին Հարավային Կովկասի հայաշատ վայրերում օպերետի ժանրի մասսայականացմանը նպաստել է Հ․ Ոսկանյանի ղեկավարած թատերախմբի գործունեությունը, որը ներկայացրել է Չուխաճյանի «Լեբլեբիջի», Դ․ Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» և այլ օպերետներ։

Հայաստանում օպերետի ժանրի զարգացման կարևոր խթան էր 1924-1925 թվականներին Լենինականում օպերա-օպերետային խմբի և, հատկապես, 1942 թվականին Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի ստեղծումը։ Առաջին իսկ տարիներին թատրոնը թարգմանական մի քանի օպերետների բեմադրմանը զուգընթաց ձեռնամուխ է եղել ազգային խաղացանկի ստեղծմանը։

Խորհրդահայ առաջին օպերետների բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ․ Չուխաճյանի «Լեբլեբիջի»-ին (բեմականացում 1943, նոր անվամբ «Կարինե») հաջորդել են խորհրդահայ առաջին օպերետների բեմադրությունները։ Այս ժանրում բեղմնավոր աշխատել է Ա․ Այվազյանը, որը հեղինակ է «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հ․ Պարոնյանի, բեմ․ 1945), «Աշուղ Մուրադ» (բեմ․ 1945), «Երջանիկ օր» (բեմ․ 1945), «Սեր աստղերի տակ» (բեմ․ 1969), «Քաջ Նազար» (ըստ Դ․ Դեմիրճյանի) օերետների։

Ազգային երաժշտական կոմեդիաների և օպերետերի ստեղծման գործում հետագա հաջողությունները կապված են Վ․ Տիգրանյանի («Մեծ հարսանիք», «Շիրակ՝ իմ սեր»), Ս․ Ջրբաշյանի («Երազիկ», «Չարլեի մորաքույրը», «Ծաղիկների աշխարհում», «Ես, հարսնացուս և ․․․», «Մարսեցի փեսացուն»), Վ․ Կոտոյանի («Փեսացուներ», «Սիրո հովիտ», «Սոֆիկի սխալը» և այլն) ստեղծագործության հետ։

Խորհրդային օպերետի ավանդույթները տեղ են գտել Ա. Դոլուխանյանի «Գեղեցկության մրցույթ» (1967), Վ․ Մու– րադելու «Մոսկվա-Փարիզ–Մոսկվա» (1968), «Երկնագույն աչքերով աղջիկը» (1966), Կ․ Խաչատրյանի «Պարզ աղջիկը» (1959) օպերետներում։

Օպերետների հեղինակներ են Դ․ Հախինյանը, է․ Բաղդասարյանը, է․ Աբրահամյանը, Յու․ Գևորգյանը և ուրիշներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 555