Օլիմպիական մարզադաշտ (Ստոկհոլմ)
Տեսակ | մարզադաշտ և ճարտարապետական անսամբլ |
---|---|
Մարզաձև | թեթև աթլետիկա |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Երկիր | Շվեդիա[1][2] |
Հիմնադրված | 1912[1] |
Բացված | հունիսի 1, 1912 |
Ճարտարապետ | Տորբեն Գրուտ |
Սեփականատեր | Ստոկհոլմ |
Տարողություն | 14 500 |
Տնային թիմ | Djurgårdens IF Dam? և Յուրգորդեն ՖԱ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Stockholms Olympiastadion Վիքիպահեստում |
Ստոկհոլմի մարզադաշտ (շվեդ.՝ Stockholms stadion) կամ Ստոկհոլմի օլիմպիական մարզադաշտ (շվեդ.՝ Stockholms Olympiastadion), մուլտիսպորտային մարզադաշտ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի հիմնական մրցասպարեզ։ Ֆուտբոլային խաղերից բացի, մարզադաշտում անցկացվում են բազմաթիվ խոշոր համերգներ։ Ֆուտբոլային խաղերի ժամանակ մարզադաշտում տեղավորվում են 14417 մարզասերներ, իսկ համերգային միջոցառումների ընթացքում 32000 հանդիսատես։ Մարզադաշտը նախագծվել և կառուցվել է հատուկ 1912 թվականի Օլիմպիական խաղերի համար։ 1912 թվականից մինչև 1936 թվականը իր տնային հանդիպումներն այստեղ է անցկացրել Ստոկհոլմի ԱԻԿ ֆուտբոլային ակումբը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը կառուցվել է 1910-1912 թվականներին, հատուկ Ստոկհոլմում Ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար։ Նոր մարզադաշտը կառուցվել է հին սպորտային զբոսայգու տեղում։ Շինարարության նախագծի հեղինակը եղել է շվեդ ճարտարապետ Տորբեն Գրուտը։ Նախապես նոր մարզադաշտը պլանավորվել էր, որպես ժամանակավոր կառույց, բայց որոշ ժամանակ անց հայեցակարգը փոխվեց և Գրուտը սկսեց մշակել մշտական համալիր նախագիծ։ Առաջին տարբերակը իր ճարտարապետական տեսքով նման էր Գուստավ I Վազայի ամրոցներին։ Ի վերջո մարզադաշտը կառուցվեց ռոմանտիկ ազգայնականության ոճով, միջնադարյան քաղաքային ամրոցի աշտարակների նմանությամբ, դեկորատիվ նախշազարդերով աղյուսից, քանդակներով և այդ ոճին բնորոշ ճարտարապետական այլ տարրերով։ Հավանաբար, Գրուտը ներշնչվել էր Ռագնար Էստբերգի աղյուսային ճարտարապետությունից և Վիսբյուի քաղաքային ամրոցներից[3]։ Շինարարությունը սկսվել էր 1910 թվականի նոյեմբերի 23-ին Kreuger & Toll ընկերության կողմից և 1912 թվականի հունիսի 1-ին տեղական ժամանակով 15:00–ին կայացել էր մարզադաշտի պաշտոնական բացումը։ Այն ժամանակ մարզադաշտը ուներ երկու հարկաշարք և կարող էր տեղավորել ավելի քան 22 հազար հանդիսատես։ Բացման արարողությանը ներկա էին 25 հազար սպորտի երկրպագուներ։
1916-1946 թվականներին մարզադաշտը ղեկավարում էր շվեդ հայտնի մարզիկ Էրիկ Բերգվալը։ 20-րդ դարի 30-ական թվականներին մարզադաշտի արտաքին տեսքի մեջ որոշակի լրացումներ կատարվեցին, տեղադրվեցին Կարլ Էլդայի և Կարլ Ֆագերբերգի ստեղծած մի քանի քանդակներ։
1954 թվականին տեղի ունեցավ արևմտյան տրիբունայի վերակառուցումը, որի փայտյա կառուցվածքները ոչնչացվել էին հրդեհից։ Դրանք փոխարինվեցին ավելի դիմացկուն և կիրառական բետոնե կառուցվածքներով և տեղադրվեց նոր տանիք։ 1967 թվականին հմանատիպ վերակառուցումներ կատարվեցին արևելյան տրիբունայում։ Այս իրադարձությունների միջև Օլիմպիական մարզադաշտում տեղի ունեցավ ևս մեկ ոչ պակաս կարևորր նշանակության միջոցառում։ 1956 թվականին կրկին Ստոկհոլմ վերադարձան Օլիմպիական խաղերը, չնայած մասսամբ։ Այստեղ անցկացվեցին ձիասպորտի մրցումները, իսկ մնացած մրցանակները խաղարկվեցին Մելբուռնում։
Սպորտային կյանքը մարզադաշտում մշտապես եռում էր։ 1912 թվականից մինչև 1936 թվականը, այն եղել է ԱԻԿ ֆուտբոլային ակումբի տնային մրցասպարեզը, մինչև որ, որպես մրցասպարեզի տեր նրան փոխարինեց մեկ այլ ֆուտբոլային ակումբ՝ «Յուրգորդենը», որը հանդես է գալիս այստեղ մինչև այժմ։ Բացի ֆուտբոլային մրցումներից Օլիմպիական մարզադաշտը դարձել է DN Galan թեթևատլետիկական փառատոնի անցկացման մշտական վայրը և Ստոկհոլմյան մարաթոնի վերջնակետը։ 1913 թվականից մինչև 1965 թվականը այստեղ էին անցկացվում գնդակով հոկեյի Շվեդիայի առաջնության եզրափակիչ հանդիպումները (որպես սահադադաշտ մարզադաշտն օգտագործում էին 10 ակումբներ)։ 1970/1971 մրցաշրջանից հետո մարզադաշտը պաշտոնապես փակվեց շվեդական հոկեյի մրցումների համար[4]։
1973 թվականին մարզադաշտի մերձակայքում կառուցվեց մետրոյի կայարան, որը կոչվում էր «Ստադիոն»։ Օլիմպիական մարզադաշտը համարվում է Ստոկհոլմում անցկացվող ամենանշանակալի երաժշտական համերգների անցկացման վայրը։ Այստեղ ելույթներ են ունեցել այնպիսի աշխարհահռչակ կատարողներ, ինչպիսիք են` Էլթոն Ջոնը, «Ռոլինգ Սթոունզը», «Կոլդփլեյը», Յու-տուն, «Կիսսը», AC/DC, «Մետալլիկան», «Այրոն Մեյդենը», Մայքլ Ջեքսոնը, Բրյուս Սպրինգստին, «Մյուզը», «Դեպեշ Մոդը», Ռոբբի Ուիլյամսը, Դեյվիդ Գետան և ուրիշներ։
2004-2008 թվականներին Օլիմպիական մարզադաշտում անցկացվել է թենիսի Nordea Nordic Light Open 4-րդ կարգի կանանց մրցաշարը։ Այնուամենայնիվ, նախքան 2009 թվականի սկիզբը գլխավոր հովանավորը հրաժարվեց միջոցներ հատկացնել դրանց անցկացման համար և մրցումները միացվեցին Շվեդիայի թենիսի բաց առաջնության հետ, որն անցկացվում էր Բոստադում։
2008-2009 թվականներին գաղափար առաջացավ նվազեցնել թեթևատլետիկական մրցումների թիվն Օլիմպիական մարզադաշտում և հարմարեցնել այն «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումներն առավել արդյունավետ դիտելու համար։ Այնուամենայնիվ, ոչ մի հնարավորություն չգտնվեց Օլիմպիական մարզադաշտը ավելի հարմար ֆուտբոլային մրցասպարեզ դարձնելու համար և քաղաքաշինության խորհուրդը որոշեց այն թողնել նախկին տեսքով[5]։ Ներկայումս մարզադաշտը ընդգրկված է պահպանվող հուշարձանների և շինությունների ցանկի մեջ և նրա վերակառուցումն ու արդիականացումն անհնար է։ Այս մարզադաշտը աշխարհի նշանակալի այն սակավ սպորտային կառույցներից է, որտեղ դեռևս պահպանվել են փայտե նստարանները։ Մարզադաշտի 100-ամյակի կապակցությամբ, 2012 թվականին որոշվեց իրականացնել շինության հիմնանորոգում, որի նախահաշվային արժեքը կազմում էր 74 միլիոն կրոն[6]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստոկհոլմի մարզադաշտը Օլիմպիական խաղերի ժամանակակից պատմության մեջ ամենափոքր մարզադաշտերից մեկն է։
- 2013 թվականի սկզբի դրությամբ այս մրցասպարեզում սահմանվել են 83 համաշխարհային ռեկորդներ։ Սա աշխարհի ամենաբարձր ցուցանիշն է բոլոր մարզադաշտերի մեջ[7]։
- Ֆուտբոլային խաղի ամենաբարձր հաճախելիությունը գրանցվել է 1946 թվականի օգոստոսի 16-ին «Յուրգորդեն» և «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ։ Այս խաղին այցելել են 21 995 երկրպագուներ։
- Գնդակով հոկեյի մրցախաղի հաճախելիության ռեկորդը սահմանվել է 1959 թվականին, այն կազմել է 28848 հանդիսատես։
- 1916-1962 թվականներին մարզադաշտում ամեն տարի հունիսի 6-ին նշվել է Շվեդիայի դրոշի օրը[8]։
- Մարզադաշտը երբեմն օգտագործվում է հարսանիքների անցկացման նպատակով։ Այստեղ առաջինը ամուսնացել է Էրիկ Բերգվալի դուստրը 1923 թվականին[9]։
- 1985 թվականին Կանզասի «Բետանի Քոլեջ» (անգլ.՝ Bethany College) ակումբի մարզիչ Թեդ Քեսսինգերը առաջին անգամ Շվեդիա բերեց ամերիկյան ֆուտբոլային թիմը։ Օլիմպիական մարզադաշտում ամերիկացիները ջախջախիչ պարտության մատնեցին Շվեդիայի «աստղերի» հավաքականին 72-7 հաշվով։
- 1995 թվականին անգլիական «Ռոլինգ Սթոունզ» ռոք-խումբը հանդես եկավ մարզադաշտում 35200 հանդիսատեսի առջև։
- Մայքլ Ջեքսոնը Օլիմպիական մարզադաշտում երկու անգամ անընդմեջ (1992 թվականի հուլիսի 17-ին և 18-ին) համերգ տվեց, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 60000 հանդիսատես։
- 2008 թվականին «Կիսս» համերգի համար 20 րոպեից պակաս ժամանակում վաճառվեց 35200 տոմս։
- Բրյուս Սպրինգստինը Օլիմպիական մարզադաշտում ութ անգամ ելույթ ունեցավ։ Նրա համերգին ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ 100000 հանդիսատես։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1912 թվական -
1919 թվական -
1964 թվական -
2006 թվական -
2012 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Ulf Sörenson. Ferdinand Boberg: arkitekten som konstnär — Höganäs, 1992. — ISBN 91-7024-721-8
- ↑ Клаес Бенгтссон. «Пусть Стадион снова станет национальной ареной для бенди» (швед.). «Idrottonline». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
- ↑ «Стадион перестраивать не будут» (швед.). Fridrott.se. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
- ↑ «Ремонт и модернизация стадиона в 2010-2014 годах» (PDF) (швед.). Сайт города Стокгольм. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
- ↑ «Олимпийский стадион Стокгольма» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «День Шведского флага - национальный шведский день 6 июня» (швед.). «Nordiska Museet». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
- ↑ Ellen Rydelius, Anna Odhe. Kvinnokavalkad: en bilderbok om svenska kvinnors liv 1918—1944 — Stockholm: Bonnier, 1946. стор. 74
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fredrik Bedoire, Henrik Andersson. Stockholms byggnader: en bok om arkitektur och stadsbild i Stockholm (3-е издание) — Stockholm: Prisma, 1977. — ISBN 91 518 1125 1
- Fredrik Bedoire, Henrik Andersson. Svensk arkitektur — ritningar 1640—1970 — Byggförlaget, 1986. — ISBN 91-85194-67-0
- Olof Hultin, Ola Österling, Michael Perlmutter. Guide till Stockholms arkitektur (2-е издание) — Stockholm: Arkitektur Förlag, 2002. — ISBN 91 86050-58-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Официальный сайт стадиона» (швед.). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Профиль стадиона на сайте World Stadiums» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
- «Историческая документация по строительству стадиона» (PDF) (швед.). «Stockholmskällan». Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
- «Олимпийские игры 1896-1980 (раздел об Играх 1912 года)» (швед.). «Borje Dorch». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|publisher=
Նախորդող՝ Ուայթ սիթի մարզադաշտ Լոնդոն |
Ամառային օլիմպիական խաղեր Գլխավոր վայր (Ստոկհոլմի օլիմպիական ստադիոն) 1912 |
Հաջորդող՝ Օլիմպիական մարզադաշտ Անտվերպեն |
Նախորդող՝ Ուայթ սիթի մարզադաշտ Լոնդոն |
Թեթև աթլետիկան ամառային Օլիմպիական խաղերում Գլխավոր վայր 1912 |
Հաջորդող՝ Օլիմպիական մարզադաշտ Անտվերպեն |
Նախորդող՝ Ուայթ սիթի մարզադաշտ Լոնդոն |
Ամառային օլիմպիական խաղեր Տղամարդկանց ֆուտբոլի կիսաեզրափակիչի հանդիպում (Ստոկհոլմի օլիմպիական ստադիոն) 1912 |
Հաջորդող՝ Օլիմպիական մարզադաշտ Անտվերպեն |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիմպիական մարզադաշտ (Ստոկհոլմ)» հոդվածին։ |
|