Հոկեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոկեյ խոտի վրա
Հոկեյ տափօղակով
Հոկեյ գնդակով

Հոկեյ (անգլերեն անգլ.՝ Hockey, հավանաբար հին ֆրանսերեն hoquet— հովվի ցուպ՝ կեռով), սպորտային թիմային խաղ՝ մականներով (կլյուշկա) և գնդակով կամ տափօղակով, որի նպատակն է անհատական վարման և փոխանցումների միջոցով առավել թվով գնդակներ անցկացնել հակառակորդի դարպասը։ Գոյություն ունի հոկեյի 3 հիմնական տեսակ. Հոկեյ տափօղակով (միջազգային պաշտոնական տերմինաբանությամբ՝ Հոկեյ սառույցի վրա), Հոկեյ գնդակով և Հոկեյ խոտի։ Խաղում են հատուկ դաշտերում (հրապարակներում)։

Կազմ և խաղի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդակով հոկեյի և խոտի հոկեյի դեպքում յուրաքանչյուր թիմում լինում են 11 խաղացող (դարպասապահով), տափօղակով հոկեյի դեպքում՝ 6 խաղացող (կազմը, բացի դարպասապահից, խաղի ընթացքում անընդհատ փոփոխվում է)։ Խաղի ժամանակը համապատասխանաբար՝ 90, 70 (1 ընդմիջում) և 60 րոպե (այսպես կոչված մաքուր խաղաժամանակ, 2 ընդմիջումով)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկեյ խոտի, հայտնի է եղել դեռևս Ք. ա. II հազարամյակում, Եգիպտոսում, Պարսկաստանում, Հունաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Եվրոպաում, XIX դարի կեսին։ 1908-ից (բացի 1912 և 1924) խոտի հոկեյ մրցումները (տղամարդկանց) ընդգրկվել են օլիմպիական խաղերի ծրագրում, 1980-ից ընդգրկվեցին նաև կանանց թիմերը։ 1924-ին հիմնվել է Հոկեյի միջազգային ֆեդերացիան։ 1971-ից, 2 տարին մեկ, անցկացվում են աշխարհի առաջնություններ տղամարդկանց, իսկ 1976-ից՝ նաև կանանց թիմերի միջև, 1969-ից՝ Եվրոպայի երկրների գավաթի, 1970-ից՝ Եվրոպայի առաջնության խաղեր (տղամարդկանց միջև)։ ՍՍՀՄ-ում խոտի հոկեյ մտցվել է 1960-ական թթ. կեսերից։1967-ին ստեղծվել է գնդակով հոկեյ և խոտի հոկեյ ֆեդերացիան։ 1970-ից ամեն տարի անցկացվում են ՍՍՀՄ առաջնություններ։ Խոտի հոկեյ Հայաստանում հայտնի է եղել «մականախաղ» անվանումով։

Հոկեյ գնդակով, Եվրոպայի մի շարք երկրներում հայտնի է դեռևս միջին դարերից։ Ժամանակակից հոկեյն առաջացել է Մեծ Բրիտանիայում՝ XIX դարի 2-֊րդ կեսին, Ռուսաստանում՝ XIX դ. 60-ական թթ. 1928-ին հիմնվել է Հոկեյ համամիութենական սեկցիա (այժմ գնդակով հոկեյ և խոտի հոկեյ ՍՍՀՄ ֆեդերացիա)։ 1937-47-ին անցկացվել են ՍՍՀՄ գավաթի մրցումներ(տղամարդկանց և կանանց թիմերի համար), 1950-ից՝ ամենամյա ՍՍՀՄ չեմպիոնատ (տղամարդկանց)։ 1955-ին ձևակերպվել և հաստատվել են միջազգային միասնական կանոններ, հիմնվել է միջազգային ֆեդերացիա։ 1957-ից անցկացվում են աշխարհի չեմպիոնատներ (9 անգամ հաղթել են ՍՍՀՄ հոկեյիստները)։ Գնդակով հոկեյի զարգացմանը և ՍՍՀՄ հավաքական թիմերի հաղթանակներին նպաստել են Իգոր Ատամանիչևը, Ե. Վ. Գերասիմովը, Եվգենիյ Գորբաչյովը, Ն. Ա. Դուրակովը և ուրիշներ։

Հոկեյ տափօղակով, ծագել է XIX դարի 60-ական թթ.՝ Կանադայում։ 1870-ին Տորոնտոյում ստեղծվել է Հոկեյ առաջին ասոցիացիան։ 1879-ին առաջին անգամ ձևակերպվել և 1886-ին հրապարակվել են խաղի կանոնները։ 1890-ական թթ. սկսած Կանադայում և ԱՄՆ-ում անցկացվել են պրոֆեսիոնալ թիմերի կանոնավոր մրցումներ, 1892-ից՝ Ատենլիի գավաթի համար։ 1899-ին Մոնրեալում կառուցվել է աշխարհում առաջին փակ սահադաշտը (արհեստական սառույցով)։ 1908-ից խաղարկվում է Ալշանի գավաթի (այժմ՝ սիրողական ակումբների համար), 1925-ից՝ ՆԽԼ-ի չեմպիոնատը։ XX դարի 1-ին կեսի հյուսիս-ամերիկյան հոկեյի ականավոր վարպետներ են եղել Բ. Կուկը, Պ. Բուշարը, Բ. Գարնենը, Մ. Ռիշարը, Ժ. Բելիվոն, Դ. Հերվին, Պ. Պիլոտը, 60-70-ական թթ.՝ Գ. Հոուն, Ռ. Հալլը, Մ. Միկիտան, Ռ. Օրրը, Ֆ. էսպոզիտոն, Ռ. Կլարկը և ուրիշներ։ XX դարի սկզբին տափօղակով հոկեյը սկսեց տարածվել Եվրոպայում։ 1908-ին հիմնվեց սառույցի վրա Հոկեյի միջազգային լիգան, որը 1976-ին միավորում էր 30 երկրների ազգային ֆեդերացիաներ, 1924-ից տափօղակով հոկեյ ընդգրկվել է ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։ 1956-ի օլիմպիական խաղերին տափօղակով հոկեյի ՍՍՀՄ հավաքականի դարպասապահն է եղել ՍՍՀՄ սպորտի վարպետ Գ. Մկրտչյանը։ Օլիմպիական չեմպիոններ են եղել հետևյալ թիմերը. Կանադա - 6, ՍՍՀՄ - 5, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ - մեկ անգամ։ 1930-ից կանոնավոր անցկացվում են աշխարհի չեմպիոնատներ (1924-ի և 1928-ի օլիմպիական տուրնիրները հռչակվել են որպես աշխարհի չեմպիոնատներ)։ ՍՍՀՄ-ում տափօղակով հոկեյն սկսել է տարածվել 1946-ից։ 1947-ին հիմնվել է տափօղակով հոկեյի համամիութենական սեկցիա (այժմ՝ ՍՍՀՄ ֆեդերացիա, 1953-ից ՝ սառույցի վրա Հոկեյ միջազգային լիգայի անդամ)։ 1946—47-ին անցկացվում են ՍՍՀՄ չեմպիոնատներ։ Տափօղակով հոկեյի սովետական դպրոցի հիմնադրմանը և զարգացմանը նպաստել են ՍՍՀՄ վաստակավոր մարզիչներ Ա. Վ. Տարասովը, Ա. Ի. Չերնիշյովը, Բ. Պ. Կուլագինը, Վ. Տիխոնովը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 514 CC-BY-SA-icon-80x15.png