Օլիմպիական մարզադաշտ (Ստոկհոլմ)
Տեսակ | մարզադաշտ և ճարտարապետական անսամբլ |
---|---|
Մարզաձև | թեթև աթլետիկա |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1912[1] |
Բացված | հունիսի 1, 1912 |
Ճարտարապետ | Տորբեն Գրուտ |
Սեփականատեր | Ստոկհոլմ |
Տարողություն | 14 500 |
Տնային թիմ | Djurgårdens IF Dam? և Յուրգորդեն ՖԱ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
![]() | |
![]() | |
![]() |
Ստոկհոլմի մարզադաշտ (շվեդերեն՝ Stockholms stadion) կամ Ստոկհոլմի օլիմպիական մարզադաշտ (շվեդերեն՝ Stockholms Olympiastadion), մուլտիսպորտային մարզադաշտ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի հիմնական մրցասպարեզ: Ֆուտբոլային խաղերից բացի, մարզադաշտում անցկացվում են բազմաթիվ խոշոր համերգներ: Ֆուտբոլային խաղերի ժամանակ մարզադաշտում տեղավորվում են 14417 մարզասերներ, իսկ համերգային միջոցառումների ընթացքում 32000 հանդիսատես: Մարզադաշտը նախագծվել և կառուցվել է հատուկ 1912 թվականի Օլիմպիական խաղերի համար: 1912 թվականից մինչև 1936 թվականը իր տնային հանդիպումներն այստեղ է անցկացրել Ստոկհոլմի ԱԻԿ ֆուտբոլային ակումբը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտը կառուցվել է 1910-1912 թվականներին, հատուկ Ստոկհոլմում Ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար: Նոր մարզադաշտը կառուցվել է հին սպորտային զբոսայգու տեղում: Շինարարության նախագծի հեղինակը եղել է շվեդ ճարտարապետ Տորբեն Գրուտը: Նախապես նոր մարզադաշտը պլանավորվել էր, որպես ժամանակավոր կառույց, բայց որոշ ժամանակ անց հայեցակարգը փոխվեց և Գրուտը սկսեց մշակել մշտական համալիր նախագիծ: Առաջին տարբերակը իր ճարտարապետական տեսքով նման էր Գուստավ I Վազայի ամրոցներին: Ի վերջո մարզադաշտը կառուցվեց ռոմանտիկ ազգայնականության ոճով, միջնադարյան քաղաքային ամրոցի աշտարակների նմանությամբ, դեկորատիվ նախշազարդերով աղյուսից, քանդակներով և այդ ոճին բնորոշ ճարտարապետական այլ տարրերով: Հավանաբար, Գրուտը ներշնչվել էր Ռագնար Էստբերգի աղյուսային ճարտարապետությունից և Վիսբյուի քաղաքային ամրոցներից[3]: Շինարարությունը սկսվել էր 1910 թվականի նոյեմբերի 23-ին Kreuger & Toll ընկերության կողմից և 1912 թվականի հունիսի 1-ին տեղական ժամանակով 15:00–ին կայացել էր մարզադաշտի պաշտոնական բացումը: Այն ժամանակ մարզադաշտը ուներ երկու հարկաշարք և կարող էր տեղավորել ավելի քան 22 հազար հանդիսատես: Բացման արարողությանը ներկա էին 25 հազար սպորտի երկրպագուներ:
1916-1946 թվականներին մարզադաշտը ղեկավարում էր շվեդ հայտնի մարզիկ Էրիկ Բերգվալը: 20-րդ դարի 30-ական թվականներին մարզադաշտի արտաքին տեսքի մեջ որոշակի լրացումներ կատարվեցին, տեղադրվեցին Կարլ Էլդայի և Կարլ Ֆագերբերգի ստեղծած մի քանի քանդակներ:
1954 թվականին տեղի ունեցավ արևմտյան տրիբունայի վերակառուցումը, որի փայտյա կառուցվածքները ոչնչացվել էին հրդեհից: Դրանք փոխարինվեցին ավելի դիմացկուն և կիրառական բետոնե կառուցվածքներով և տեղադրվեց նոր տանիք: 1967 թվականին հմանատիպ վերակառուցումներ կատարվեցին արևելյան տրիբունայում: Այս իրադարձությունների միջև Օլիմպիական մարզադաշտում տեղի ունեցավ ևս մեկ ոչ պակաս կարևորր նշանակության միջոցառում: 1956 թվականին կրկին Ստոկհոլմ վերադարձան Օլիմպիական խաղերը, չնայած մասսամբ: Այստեղ անցկացվեցին ձիասպորտի մրցումները, իսկ մնացած մրցանակները խաղարկվեցին Մելբուռնում:
Սպորտային կյանքը մարզադաշտում մշտապես եռում էր: 1912 թվականից մինչև 1936 թվականը, այն եղել է ԱԻԿ ֆուտբոլային ակումբի տնային մրցասպարեզը, մինչև որ, որպես մրցասպարեզի տեր նրան փոխարինեց մեկ այլ ֆուտբոլային ակումբ՝ «Յուրգորդենը», որը հանդես է գալիս այստեղ մինչև այժմ: Բացի ֆուտբոլային մրցումներից Օլիմպիական մարզադաշտը դարձել է DN Galan թեթևատլետիկական փառատոնի անցկացման մշտական վայրը և Ստոկհոլմյան մարաթոնի վերջնակետը: 1913 թվականից մինչև 1965 թվականը այստեղ էին անցկացվում գնդակով հոկեյի Շվեդիայի առաջնության եզրափակիչ հանդիպումները (որպես սահադադաշտ մարզադաշտն օգտագործում էին 10 ակումբներ): 1970/1971 մրցաշրջանից հետո մարզադաշտը պաշտոնապես փակվեց շվեդական հոկեյի մրցումների համար[4]:
1973 թվականին մարզադաշտի մերձակայքում կառուցվեց մետրոյի կայարան, որը կոչվում էր «Ստադիոն»: Օլիմպիական մարզադաշտը համարվում է Ստոկհոլմում անցկացվող ամենանշանակալի երաժշտական համերգների անցկացման վայրը: Այստեղ ելույթներ են ունեցել այնպիսի աշխարհահռչակ կատարողներ, ինչպիսիք են` Էլթոն Ջոնը, «Ռոլինգ Սթոունզը», «Կոլդփլեյը», Յու-տուն, «Կիսսը», AC/DC, «Մետալլիկան», «Այրոն Մեյդենը», Մայքլ Ջեքսոնը, Բրյուս Սպրինգստին, «Մյուզը», «Դեպեշ Մոդը», Ռոբբի Ուիլյամսը, Դեյվիդ Գետան և ուրիշներ:
2004-2008 թվականներին Օլիմպիական մարզադաշտում անցկացվել է թենիսի Nordea Nordic Light Open 4-րդ կարգի կանանց մրցաշարը: Այնուամենայնիվ, նախքան 2009 թվականի սկիզբը գլխավոր հովանավորը հրաժարվեց միջոցներ հատկացնել դրանց անցկացման համար և մրցումները միացվեցին Շվեդիայի թենիսի բաց առաջնության հետ, որն անցկացվում էր Բոստադում:
2008-2009 թվականներին գաղափար առաջացավ նվազեցնել թեթևատլետիկական մրցումների թիվն Օլիմպիական մարզադաշտում և հարմարեցնել այն «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումներն առավել արդյունավետ դիտելու համար: Այնուամենայնիվ, ոչ մի հնարավորություն չգտնվեց Օլիմպիական մարզադաշտը ավելի հարմար ֆուտբոլային մրցասպարեզ դարձնելու համար և քաղաքաշինության խորհուրդը որոշեց այն թողնել նախկին տեսքով[5]: Ներկայումս մարզադաշտը ընդգրկված է պահպանվող հուշարձանների և շինությունների ցանկի մեջ և նրա վերակառուցումն ու արդիականացումն անհնար է: Այս մարզադաշտը աշխարհի նշանակալի այն սակավ սպորտային կառույցներից է, որտեղ դեռևս պահպանվել են փայտե նստարանները: Մարզադաշտի 100-ամյակի կապակցությամբ, 2012 թվականին որոշվեց իրականացնել շինության հիմնանորոգում, որի նախահաշվային արժեքը կազմում էր 74 միլիոն կրոն[6]:
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստոկհոլմի մարզադաշտը Օլիմպիական խաղերի ժամանակակից պատմության մեջ ամենափոքր մարզադաշտերից մեկն է:
- 2013 թվականի սկզբի դրությամբ այս մրցասպարեզում սահմանվել են 83 համաշխարհային ռեկորդներ: Սա աշխարհի ամենաբարձր ցուցանիշն է բոլոր մարզադաշտերի մեջ[7]:
- Ֆուտբոլային խաղի ամենաբարձր հաճախելիությունը գրանցվել է 1946 թվականի օգոստոսի 16-ին «Յուրգորդեն» և «ԱԻԿ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ: Այս խաղին այցելել են 21 995 երկրպագուներ:
- Գնդակով հոկեյի մրցախաղի հաճախելիության ռեկորդը սահմանվել է 1959 թվականին, այն կազմել է 28848 հանդիսատես:
- 1916-1962 թվականներին մարզադաշտում ամեն տարի հունիսի 6-ին նշվել է Շվեդիայի դրոշի օրը[8]:
- Մարզադաշտը երբեմն օգտագործվում է հարսանիքների անցկացման նպատակով: Այստեղ առաջինը ամուսնացել է Էրիկ Բերգվալի դուստրը 1923 թվականին[9]:
- 1985 թվականին Կանզասի «Բետանի Քոլեջ» (անգլ.՝ Bethany College) ակումբի մարզիչ Թեդ Քեսսինգերը առաջին անգամ Շվեդիա բերեց ամերիկյան ֆուտբոլային թիմը: Օլիմպիական մարզադաշտում ամերիկացիները ջախջախիչ պարտության մատնեցին Շվեդիայի «աստղերի» հավաքականին 72-7 հաշվով:
- 1995 թվականին անգլիական «Ռոլինգ Սթոունզ» ռոք-խումբը հանդես եկավ մարզադաշտում 35200 հանդիսատեսի առջև:
- Մայքլ Ջեքսոնը Օլիմպիական մարզադաշտում երկու անգամ անընդմեջ (1992 թվականի հուլիսի 17-ին և 18-ին) համերգ տվեց, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին 60000 հանդիսատես:
- 2008 թվականին «Կիսս» համերգի համար 20 րոպեից պակաս ժամանակում վաճառվեց 35200 տոմս:
- Բրյուս Սպրինգստինը Օլիմպիական մարզադաշտում ութ անգամ ելույթ ունեցավ: Նրա համերգին ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ 100000 հանդիսատես:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Ulf Sörenson. Ferdinand Boberg: arkitekten som konstnär — Höganäs, 1992. — ISBN 91-7024-721-8
- ↑ Клаес Бенгтссон։ «Пусть Стадион снова станет национальной ареной для бенди» (швед.)։ «Idrottonline»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-01-19
- ↑ «Стадион перестраивать не будут» (швед.)։ Fridrott.se։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-01-19
- ↑ «Ремонт и модернизация стадиона в 2010-2014 годах» (швед.)։ Сайт города Стокгольм։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-01-19
- ↑ «Олимпийский стадион Стокгольма» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-01-19
- ↑ «День Шведского флага - национальный шведский день 6 июня» (швед.)։ «Nordiska Museet»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-01-19
- ↑ Ellen Rydelius, Anna Odhe. Kvinnokavalkad: en bilderbok om svenska kvinnors liv 1918—1944 — Stockholm: Bonnier, 1946. стор. 74
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fredrik Bedoire, Henrik Andersson. Stockholms byggnader: en bok om arkitektur och stadsbild i Stockholm (3-е издание) — Stockholm: Prisma, 1977. — ISBN 91 518 1125 1
- Fredrik Bedoire, Henrik Andersson. Svensk arkitektur — ritningar 1640—1970 — Byggförlaget, 1986. — ISBN 91-85194-67-0
- Olof Hultin, Ola Österling, Michael Perlmutter. Guide till Stockholms arkitektur (2-е издание) — Stockholm: Arkitektur Förlag, 2002. — ISBN 91 86050-58-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Официальный сайт стадиона» (швед.)։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-01-19
- «Профиль стадиона на сайте World Stadiums» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-01-19
- «Историческая документация по строительству стадиона» (швед.)։ «Stockholmskällan»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-01-19
- «Олимпийские игры 1896-1980 (раздел об Играх 1912 года)» (швед.)։ «Borje Dorch»։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին։ Վերցված է 2013-01-19
Նախորդող՝ Ուայթ սիթի մարզադաշտ Լոնդոն |
Ամառային օլիմպիական խաղեր Գլխավոր վայր (Ստոկհոլմի օլիմպիական ստադիոն) 1912 |
Հաջորդող՝ Օլիմպիական մարզադաշտ Անտվերպեն |
Նախորդող՝ Ուայթ սիթի մարզադաշտ Լոնդոն |
Թեթև աթլետիկան ամառային Օլիմպիական խաղերում Գլխավոր վայր 1912 |
Հաջորդող՝ Օլիմպիական մարզադաշտ Անտվերպեն |
Նախորդող՝ Ուայթ սիթի մարզադաշտ Լոնդոն |
Ամառային օլիմպիական խաղեր Տղամարդկանց ֆուտբոլի կիսաեզրափակիչի հանդիպում (Ստոկհոլմի օլիմպիական ստադիոն) 1912 |
Հաջորդող՝ Օլիմպիական մարզադաշտ Անտվերպեն |
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օլիմպիական մարզադաշտ (Ստոկհոլմ) կատեգորիայում։ |