Տրելյու (իսպ.՝ Trelew[1]), քաղաք ԱրգենտինայիՉուբուտ նահանգում, գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Չուբուտ գետի ափին։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 99 430 մարդ։ Ռոսոն քաղաքում և Չուբուտ գետի ստորին հոսանքի մի քանի գյուղերում և քաղաքներում ապրում է մոտավորապես 150 հազար մարդ։ Նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքն է Կոմոդորո Ռիվադավիա քաղաքից հետո և Պատագոնիայի ամենամեծ քաղաքը։
Քաղաքը գտնվում է Չուբուտ գետի ստորին հոսանքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափից մոտավորապես 20-25 կմ, իսկ Ռոսոնից 17 կմ հեռավորության վրա։ Տեղանքում ռելիեֆը հարթավայրային է։ Քաղաքը գտնվում է կիսաանապատների և անապատների բնական գոտիների սահմանին։ Տարեկան տեղումների միջին քանակը չի գերազանցում 200 մմ։
Քաղաքի անունը Վալլիերեն թարգմանվում է Լյուի քաղաք (քաղաքի հիմնադիր Լյուիս Ջոնսի անվան կրճատ ձևն է)։ Տրելյուն հիմնադրվել է 1886 թվականին որպես երկաթուղային կայարան։ Այն վալլիական գաղութի մաս է կազմել։ Ներկայումս քաղաքը Պատագոնիայի վալլիական խոշորագույն բնակավայրերից մեկն է, որտեղ մինչև օրս ապրում են Ուելսից եկածների սերունդներ։ Վալլիերենն օգտագործվում է առօրյա խոսքում և դասավանդվում որոշ դպրոցներում։
Տրելյուն խոշոր արդյունաբերական և առևտրային կենտրոն է։ Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են գյուղատնտեսությունը (անասնաբուծություն), արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, առևտուրը, բանկային գործը։ Գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել դեռևս XIX դարի վերջին։