Առանցքային, երկար, 50 սմ երկարությամբ արմատով, կարճ հաստ կոճղարմատով մազապատ մեղրատու գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ 60-200 սմ բարձրությամբ ցողունների վերին մասը ճյուղավոր է, գորշականաչավուն։ Սղոցաեզր, թավոտ, հերթադիր տերևները ունեն երկար կոթուններ։ Միջին և ստորին տերևները 3-5 բլթակավոր են, իսկ վերինները՝ ամբողջական։ Կարճ ծաղկակոթերով խոշոր, բաց վարդագույն, հնգանդամ ծաղիկները խմբերով աճում են վերին տերևների անութներում։ Մանուշակագույն առէջների առէջաթելերը խողովակաձև միաձուլված են։ Պտուղները կազմված են սկավառակաձև սերմնիկներից, որոնք հասունանալիս առանձնանում են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են տուղտի արմատները, տերևներն ու ծաղիկները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ լորձանյութեր, օսլա, եթերային յուղեր և ճարպային յուղեր, վիտամիններ, կարոտին և այլն։ Բույսի տերևների ու ծաղիկների տաք թուրմն որպես հանգստացնող և փափկացնող միջոց գործածում են լնդերի, բերանի խոռոչի, նշագեղձերի, կոկորդի բորբոքումների և տրախեիտների բուժման համար։ Տուղտի արմատներից պատրաստում են օշարակ, որը վաճառում են դեղատներում[1]։