Տուղտ դեղատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տուղտ դեղատու
Althea officinalis flor.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Տուղտազգիներ
Տեսակ Տուղտ դեղատու
Լատիներեն անվանում
Althea officinalis


Տուղտ դեղատու (լատ.՝ Althea officinalis), տուղտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանցքային, երկար, 50 սմ երկարությամբ արմատով, կարճ հաստ կոճղարմատով մազապատ մեղրատու գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ 60-200 սմ բարձրությամբ ցողունների վերին մասը ճյուղավոր է, գորշականաչավուն։ Սղոցաեզր, թավոտ, հերթադիր տերևները ունեն երկար կոթուններ։ Միջին և ստորին տերևները 3-5 բլթակավոր են, իսկ վերինները՝ ամբողջական։ Կարճ ծաղկակոթերով խոշոր, բաց վարդագույն, հնգանդամ ծաղիկները խմբերով աճում են վերին տերևների անութներում։ Մանուշակագույն առէջների առէջաթելերը խողովակաձև միաձուլված են։ Պտուղները կազմված են սկավառակաձև սերմնիկներից, որոնք հասունանալիս առանձնանում են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտու աղակալած մարգագետիններում, գետերի և առուների ափերին։ Հանդիպում է Արարատի և Արմավիրի մարզերում, Երևանում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են տուղտի արմատները, տերևներն ու ծաղիկները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ լորձանյութեր, օսլա, եթերային յուղեր և ճարպային յուղեր, վիտամիններ, կարոտին և այլն։ Բույսի տերևների ու ծաղիկների տաք թուրմն որպես հանգստացնող և փափկացնող միջոց գործածում են լնդերի, բերանի խոռոչի, նշագեղձերի, կոկորդի բորբոքումների և տրախեիտների բուժման համար։ Տուղտի արմատներից պատրաստում են օշարակ, որը վաճառում են դեղատներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689