Վաղ հասակ
Վաղ հասակ, մարդու զարգացման ընթացքում մանկիկության և նախադպրոցական տարիքի միջև ընկած ժամանակահատված։
Վաղ հասակի դիրքը տարիքային շրջանավորման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային հոգեբանության մեջ հոգեբանական զարգացման առաջին տարիքային պարբերականացումը մշակել է Լ.Ս.Վիգոտսկին, հետագայում նրա գործը շարունակել է Դ. Բ. Էլկոնին[1][2]։
Վիգոտսկին վաղ տարիք է համարել 1-3 տարեկանը, իսկ Էլկոնին վաղ հասակը և մանկիկությունը ներառել է վաղ մանկության շրջանի մեջ։ Վաղ հասակը սկսվում է մի տարեկանի ճգնաժամով և ավարտվում երեք տարեկանի անցումային շրջանով։
Արևմտյան հոգեբանության մեջ կարելի է առանձնացնել հետևյալ տարիքային պարբերականությունները.
Զ.Ֆրեյդի հոգեբանասեքսուալ զարգացման հայեցակարգում վաղ տարիքը համնկնում է անալային փուլին, երբ երեխան մաքրակեցություն է սովորում, մասնավորապես՝ զուգարանից օգտվել։
Էրիկ Էրիկսոնի հոգեբանասոցիալական տեսության մեջ վաղ տարիքը համապատասխանում է Զ. Ֆրեյդի հայեցակարգի անալային փուլին, բայց հեղինակը հավելում է, որ այս ժամանակահատվածում երեխան հաղթահարում է ճգնաժամը՝ կա՛մ հօգուտ ինքնավարության, կա՛մ ամոթի/կասկածի զգացման։
Ժ. Պիաժեն ճանաչողական զարգացման իր տեսության մեջ վաղ տարիքը կապում է սենսամոտորային ինտելեկտի զարգացման ավարտի և նախաօպերացիոնալ փուլի սկզբի հետ։
Ֆիզիկական զարգացումը վաղ հասակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ մանկության ֆիզիկական զարգացումը բնութագրվում է ինտենսիվ աճով և քաշի ավելացումով։ Կրծքավանդակը մեծանում է, ստոծանին՝ իջնում, մկանները ուժեղանում են։ Շնչառական համակարգը նույնպես զարգանում է (թոքերի և շնչառական ծավալի մեծացման պատճառով նվազում է շնչառության հաճախությունը), զարգանում են նաև իմունային (աճում է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ դիմադրողականությունը), արյունատար (սիրտը մեծանում է), մարսողական (մարսողական օրգանները արդեն կարող են մարսել տարբեր կերակուրներ), նյարդային (կեղևային նյարդային բջիջների զարգացում) համակարգերը։
1֊2 տարեկանում զարգանում է երեխայի շարժողական համակարգը։ Նա արդեն կարողանում է երկար քայլել, հեշտությամբ դիրքը փոխել, անցնել ցածր խոչընդոտների վրայով։ Չնայած նյարդային համակարգի ակտիվ զարգացմանը՝ այս ժամանակահատվածում գլխուղեղի կեղևի նյարդային բջիջների աշխատունակությունը ցածր է, ինչի պատճառով երեխան շուտ է հոգնում։
2 տարեկանում զգալիորեն զարգանում են իմունային և ջերմակարգավորման համակարգերը. մարմնի դիմադրությունը վարակների նկատմամբ զգալիորեն աճում է։ Նյարդային համակարգն էլ է զարգանում, սակայն ենթակեղևային բաժինների գրգռականությունը հանգեցնում է նրան, որ երեխայի բոլոր ռեակցիաները ուղեկցվում են ուժեղ հույզերով։
Կյանքի երրորդ տարում սկսում է գործել երկարատև հիշողությունը։ Երկրորդ ազդանշանային համակարգը ակտիվորեն զարգանում է. երեխայի բառապաշարն ընդլայնվում է, նա ավելի լավ է հասկանում մեծահասակների խոսքը։ Տարվա վերջին խոսքի սահունությունը հասնում է ավտոմատիզմի։ Տեղի է ունենում նաև նուրբ շարժողական հմտությունների զարգացում, որն ազդում է խոսքի կենտրոնի և արտաբերական ապարատի զարգացման վրա։ Վաղ հասակի ավարտին բոլոր կաթնային ատամների դուրս գալու գործընթացն ավարտվում է։
Զարգացման սոցիալական վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացման սոցիալական վիճակը բնութագրվում է իր համար կարևոր մեծահասակի հետ սերտ հարաբերությունների համակարգի փլուզմամբ։ Երեխան սկսում է ուղղակիորեն շփվել առարկայի հետ, ընդ որում, դրանց հետ վարվելու ձևը սովորում է մեծահասակից։ Մեծահասակների հետ համագործակցելով՝ կառուցվում է զարգացման նոր սոցիալական վիճակ, որի էությունը մարդկային փորձի յուրացումն է (այսինքն՝ «երեխա - առարկա - մեծահասակ» զարգացման սոցիալական վիճակի սխեման)։ Բացի այդ, երեխան սկսում է տիրապետել խոսքին, քանի որ կապի հին միջոցները թույլ չեն տալիս տիրապետել նոր առարկաների։ Երեխայի ինքնավարության որոշակի մակարդակը՝ առարկայական աշխարհի յուրացման անհրաժեշտության ի հայտ գալուն զուգահեռ, առաջացնում է առաջատար գործունեության նոր` առարկայագործիքային տիպ։ Վաղ տարիքում առանձնացվում են միջոցական տրամաբանության յուրացման հետևյալ փուլերը[3]։
- Գործիքի ոչ սովորական օգտագործումը (օրինակ՝ գդալ օգտագործելիս երեխան փորձում է այն կիրառել տարբեր՝ սննդի հետ կապ չունեցող գործառույթներում (թակելը, գդալով այլ օբյեկտների հասնելը)).
- Երեխան արդեն կարևորում է գործիքի գործառույթը (գդալն անհրաժեշտ է ուտելու համար), բայց դեռ չի սահմանում գործողության ռեժիմը (օրինակ՝ երեխան կարող է գդալը շրջել, բռնել հակառակ ծայրով և փորձել այդպես ուտել կերակուրը).
- Երեխան արդեն ըմբռնում է գդալից օգտվելու եղանակը, բայց ձեռքի համակարգված շարժումներ դեռևս չկան.
- Երեխան տիրապետում է ձեռքի շարժման պատշաճ համակարգին, և հետևաբար, վերջին փուլում ի հայտ է գալիս գործիքի կիրառման տրամաբանության լրիվ յուրացում.
Շփման ձևը վաղ տարիքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ հասակում հաղորդակցման բնորոշ ձև է իրավիճակային-գործնական հաղորդակցությունը՝ իր համար կարևոր մեծահասակի հետ։ Մ. Ի. Լիսինան հայտնաբերել է 4 նշան, երբ երեխան մեծահասակի հետ համագործակցության անհրաժեշտություն է զգում[4].
- Երեխան փորձում է մեծահասակի ուշադրությունը հրավիրել իր գործունեության վրա.
- Հաջողության հասնելու դեպքում երեխան սպասում է մեծահասակի գնահատմանը.
- Ձախողման դեպքում երեխան սպասում է մեծահասակի աջակցությանը.
- Երեխան խուսափում է «ուղղակի» գուրգուրանքից, բայց հաճույքով ընդունում է այն որպես հաջողության և նվաճումների խրախուսում։
Առարկայական խաղի զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիքում օբյեկտիվ-գործիքային գործունեության զարգացմանը զուգահեռ սկսում է զարգանալ նաև առարկայական խաղը։ Ֆ. Ի. Ֆրադկինան առանձնացրել է առարկայական խաղի զարգացման 3 փուլերը.
- Խաղը իրենից ներկայացնում է մեծահասակների օրինակին հետևելով տարբեր առարկաների օգտագործում (այս փուլը դրսևորվում է կյանքի երկրորդ տարվա սկզբում)
- Երեխայի առարկայական գործողությունները ընդլայնվում են։ Մեծահասակը կարող է երեխայի համար ստեղծել գործողությունների բարդ շղթա, և այդ գործողությունները երեխան կարող է իրականացնել ինքնուրույն (այս փուլը տևում է մոտ 1.6 - 3 տարեկանը)։
- Երևակայական իրավիճակի տարրեր են առաջանում (մասնավորապես՝ երեխան կարողանում է մեկ օբյեկտը փոխարինել մեկ այլով), և առաջին անգամ գիտակցում է իր դերը։
Հետագայում՝ օբյեկտիվ խաղի զարգացումը ձևավորում է դերային խաղերի զարգացման նախադրյալներ։
Հիմանական հոգեբանական նորակազմություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոսքի զարգացումը վաղ տարիքում զարգացման հիմնական առանցքն է։ Ռուս հոգեբանները տարբերակում են վաղ տարիքում խոսքի զարգացման 2 հիմնական փուլ[3]։
- 1-1,8 տարեկան հասակը անցումային շրջանն է, որը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով. պասիվ խոսքը զարգանում է ավելի արագ, քան ակտիվը, երեխայի ակտիվ խոսքը դառնում է երկիմաստ (մեկ բառով երեխան կարող է հասկանալ մի քանի առարկա), շարահյուսությունը (այս ժամանակահատվածում երեխան հիմնականում խոսում է մեկ բառային նախադասություններով) և ձայնային կազմը (հնչույթների արտասանության խախտում) առանձնահատուկ է։
- 1.8֊3 տարեկան հասակում երեխաները գործնականորեն տիրապետում են խոսքին։ Ակտիվ բառապաշարի ծավալը մեծանում է, և երեխան սկսում է հարցեր տալ առարկաների վերաբերյալ («Ո՞վ է սա», «Ի՞նչ է սա»)։
Վաղ տարիքում ընկալման բնագավառում տեղի է ունենում ընկալման կայունության ձևավորում։ Խոսքի տիրապետմանը զուգահեռ, ընկալումը դառնում է կամայական (երեխան սկսում է համակարգել խոսքը)։ Մտածողության ոլորտում երեխան վաղ տարիքում սկսում է հայտնաբերել առարկաների միջև թաքնված էական կապերը, այսինքն՝ ձևավորվում է տեսողական-գործնական մտածողությունը։ Լ. Ս. Վիգոտսկին բացահայտել է, որ վաղ տարիքում, կախված ընդհանրացման բնույթից, մտածողության զարգացման մակարդակը բնութագրվում է սինկրետներով և բարդույթներով։ Սինկրետները զուտ սուբյեկտիվ հարաբերությունների ընդհանրացումներ են, բնորոշ են վաղ տարիքի առաջին փուլին (1 - 1.6 տարեկան), բարդույթները՝ կոնկրետ փաստական, բայց պատահական հարաբերությունների ընդհանրացումներ, որոնք բնորոշ են վաղ տարիքի երկրորդ փուլին (1.6 - 3 տարեկան)։
Զգացմունքային և անձնական զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիքում երեխան կախվածություն է ունենում մեծահասակից։ Ջ. Բոուլբին այդ պահվածքը սահմանել է որպես վարքի այնպիսի մոդել, որն ապահովում է չափահասի հետ կապի պահպանում և բավարարում է երեխայի անվտանգության կարիքը։ Մոտ 2-3 տարեկան հասակում ձևավորվում է կցորդի կայուն տիպ. երեխայի արձագանքը մոտ մեծահասակից առանձնանալիս դրա վառ ապացույցն է (ռեակցիան կարող է տարբեր լինել՝ կախված ձևավորված կապվածության տեսակից. վստահելի կապվածության դեպքում երեխան հեշտ հանդարտվում է, երբ մեծահասակից բաժանվում է և ուրախանում է նրա վերադարձի դեպքում)։ Նաև այս տարիքային շրջանում առաջանում են սոցիալական հույզերի սկզբնական ձևեր։ Դրանք ներառում են գեղագիտական, բարոյական զգացմունքներ (ամոթի, մեղքի, հպարտության զգացում), ապրումակցություն և կարեկցանք մեկ այլ մարդու նկատմամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Л. С. Выготский Проблема возрастной периодизации детского развития. — Вопросы психологии. — Москва, 1972. — С. 114 - 123.
- ↑ Д. Б. Эльконин Избранные психологические труды. — Москва: Педагогика, 1989.
- ↑ 3,0 3,1 О. А. Карабанова Возрастная психология. — Москва: Айрис-Пресс, 2005.
- ↑ М. И. Лисина Проблемы онтогенеза общения. — Москва, 1986.