Վաղ հասակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեխան անում է առաջին քայլերը
Երկու տարեկան խաղացող աղջիկ

Վաղ հասակ, մարդու զարգացման ընթացքում մանկիկության և նախադպրոցական տարիքի միջև ընկած ժամանակահատված:

Վաղ հասակի դիրքը տարիքային շրջանավորման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային հոգեբանության մեջ հոգեբանական զարգացման առաջին տարիքային պարբերականացումը մշակել է Լ.Ս.Վիգոտսկին, հետագայում նրա գործը շարունակել է Դ. Բ. Էլկոնին[1][2]:

Վիգոտսկին վաղ տարիք է համարել 1-3 տարեկանը, իսկ Էլկոնին վաղ հասակը և մանկիկությունը ներառել է վաղ մանկության շրջանի մեջ: Վաղ հասակը սկսվում է մի տարեկանի ճգնաժամով և ավարտվում երեք տարեկանի անցումային շրջանով:

Արևմտյան հոգեբանության մեջ կարելի է առանձնացնել հետևյալ տարիքային պարբերականությունները.

Զ.Ֆրեյդի հոգեբանասեքսուալ զարգացման հայեցակարգում վաղ տարիքը համնկնում է անալային փուլին, երբ երեխան մաքրակեցություն է սովորում, մասնավորապես՝ զուգարանից օգտվել:

Էրիկ Էրիկսոնի հոգեբանասոցիալական տեսության մեջ վաղ տարիքը համապատասխանում է Զ. Ֆրեյդի հայեցակարգի անալային փուլին, բայց հեղինակը հավելում է, որ այս ժամանակահատվածում երեխան հաղթահարում է ճգնաժամը՝ կա՛մ հօգուտ ինքնավարության, կա՛մ ամոթի/կասկածի զգացման:

Ժ. Պիաժեն ճանաչողական զարգացման իր տեսության մեջ վաղ տարիքը կապում է սենսամոտորային ինտելեկտի զարգացման ավարտի և նախաօպերացիոնալ փուլի սկզբի հետ:

Ֆիզիկական զարգացումը վաղ հասակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկության ֆիզիկական զարգացումը բնութագրվում է ինտենսիվ աճով և քաշի ավելացումով: Կրծքավանդակը մեծանում է, ստոծանին՝ իջնում, մկանները ուժեղանում են: Շնչառական համակարգը նույնպես զարգանում է (թոքերի և շնչառական ծավալի մեծացման պատճառով նվազում է շնչառության հաճախությունը), զարգանում են նաև իմունային (աճում է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների նկատմամբ դիմադրողականությունը), արյունատար (սիրտը մեծանում է), մարսողական (մարսողական օրգանները արդեն կարող են մարսել տարբեր կերակուրներ), նյարդային (կեղևային նյարդային բջիջների զարգացում) համակարգերը:

1֊2 տարեկանում զարգանում է երեխայի շարժողական համակարգը: Նա արդեն կարողանում է երկար քայլել, հեշտությամբ դիրքը փոխել, անցնել ցածր խոչընդոտների վրայով: Չնայած նյարդային համակարգի ակտիվ զարգացմանը՝ այս ժամանակահատվածում գլխուղեղի կեղևի նյարդային բջիջների աշխատունակությունը ցածր է, ինչի պատճառով երեխան շուտ է հոգնում:

2 տարեկանում զգալիորեն զարգանում են իմունային և ջերմակարգավորման համակարգերը. մարմնի դիմադրությունը վարակների նկատմամբ զգալիորեն աճում է: Նյարդային համակարգն էլ է զարգանում, սակայն ենթակեղևային բաժինների գրգռականությունը հանգեցնում է նրան, որ երեխայի բոլոր ռեակցիաները ուղեկցվում են ուժեղ հույզերով:

Կյանքի երրորդ տարում սկսում է գործել երկարատև հիշողությունը: Երկրորդ ազդանշանային համակարգը ակտիվորեն զարգանում է. երեխայի բառապաշարն ընդլայնվում է, նա ավելի լավ է հասկանում մեծահասակների խոսքը: Տարվա վերջին խոսքի սահունությունը հասնում է ավտոմատիզմի: Տեղի է ունենում նաև նուրբ շարժողական հմտությունների զարգացում, որն ազդում է խոսքի կենտրոնի և արտաբերական ապարատի զարգացման վրա: Վաղ հասակի ավարտին բոլոր կաթնային ատամների դուրս գալու գործընթացն ավարտվում է։

Զարգացման սոցիալական վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման սոցիալական վիճակը բնութագրվում է իր համար կարևոր մեծահասակի հետ սերտ հարաբերությունների համակարգի փլուզմամբ: Երեխան սկսում է ուղղակիորեն շփվել առարկայի հետ, ընդ որում, դրանց հետ վարվելու ձևը սովորում է մեծահասակից: Մեծահասակների հետ համագործակցելով՝ կառուցվում է զարգացման նոր սոցիալական վիճակ, որի էությունը մարդկային փորձի յուրացումն է (այսինքն՝ «երեխա - առարկա - մեծահասակ» զարգացման սոցիալական վիճակի սխեման): Բացի այդ, երեխան սկսում է տիրապետել խոսքին, քանի որ կապի հին միջոցները թույլ չեն տալիս տիրապետել նոր առարկաների: Երեխայի ինքնավարության որոշակի մակարդակը՝ առարկայական աշխարհի յուրացման անհրաժեշտության ի հայտ գալուն զուգահեռ, առաջացնում է առաջատար գործունեության նոր` առարկայագործիքային տիպ: Վաղ տարիքում առանձնացվում են միջոցական տրամաբանության յուրացման հետևյալ փուլերը[3]:

  1. Գործիքի ոչ սովորական օգտագործումը (օրինակ՝ գդալ օգտագործելիս երեխան փորձում է այն կիրառել տարբեր՝ սննդի հետ կապ չունեցող գործառույթներում (թակելը, գդալով այլ օբյեկտների հասնելը)).
  2. Երեխան արդեն կարևորում է գործիքի գործառույթը (գդալն անհրաժեշտ է ուտելու համար), բայց դեռ չի սահմանում գործողության ռեժիմը (օրինակ՝ երեխան կարող է գդալը շրջել, բռնել հակառակ ծայրով և փորձել այդպես ուտել կերակուրը).
  3. Երեխան արդեն ըմբռնում է գդալից օգտվելու եղանակը, բայց ձեռքի համակարգված շարժումներ դեռևս չկան.
  4. Երեխան տիրապետում է ձեռքի շարժման պատշաճ համակարգին, և հետևաբար, վերջին փուլում ի հայտ է գալիս գործիքի կիրառման տրամաբանության լրիվ յուրացում.

Շփման ձևը վաղ տարիքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ հասակում հաղորդակցման բնորոշ ձև է իրավիճակային-գործնական հաղորդակցությունը՝ իր համար կարևոր մեծահասակի հետ: Մ. Ի. Լիսինան հայտնաբերել է 4 նշան, երբ երեխան մեծահասակի հետ համագործակցության անհրաժեշտություն է զգում[4].

  1. Երեխան փորձում է մեծահասակի ուշադրությունը հրավիրել իր գործունեության վրա.
  2. Հաջողության հասնելու դեպքում երեխան սպասում է մեծահասակի գնահատմանը.
  3. Ձախողման դեպքում երեխան սպասում է մեծահասակի աջակցությանը.
  4. Երեխան խուսափում է «ուղղակի» գուրգուրանքից, բայց հաճույքով ընդունում է այն որպես հաջողության և նվաճումների խրախուսում:

Առարկայական խաղի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքում օբյեկտիվ-գործիքային գործունեության զարգացմանը զուգահեռ սկսում է զարգանալ նաև առարկայական խաղը: Ֆ. Ի. Ֆրադկինան առանձնացրել է առարկայական խաղի զարգացման 3 փուլերը.

  1. Խաղը իրենից ներկայացնում է մեծահասակների օրինակին հետևելով տարբեր առարկաների օգտագործում (այս փուլը դրսևորվում է կյանքի երկրորդ տարվա սկզբում)
  2. Երեխայի առարկայական գործողությունները ընդլայնվում են։ Մեծահասակը կարող է երեխայի համար ստեղծել գործողությունների բարդ շղթա, և այդ գործողությունները երեխան կարող է իրականացնել ինքնուրույն (այս փուլը տևում է մոտ 1.6 - 3 տարեկանը):
  3. Երևակայական իրավիճակի տարրեր են առաջանում (մասնավորապես՝ երեխան կարողանում է մեկ օբյեկտը փոխարինել մեկ այլով), և առաջին անգամ գիտակցում է իր դերը:

Հետագայում՝ օբյեկտիվ խաղի զարգացումը ձևավորում է դերային խաղերի զարգացման նախադրյալներ։

Հիմանական հոգեբանական նորակազմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի զարգացումը վաղ տարիքում զարգացման հիմնական առանցքն է: Ռուս հոգեբանները տարբերակում են վաղ տարիքում խոսքի զարգացման 2 հիմնական փուլ[3]։

  1. 1-1,8 տարեկան հասակը անցումային շրջանն է, որը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով. պասիվ խոսքը զարգանում է ավելի արագ, քան ակտիվը, երեխայի ակտիվ խոսքը դառնում է երկիմաստ (մեկ բառով երեխան կարող է հասկանալ մի քանի առարկա), շարահյուսությունը (այս ժամանակահատվածում երեխան հիմնականում խոսում է մեկ բառային նախադասություններով) և ձայնային կազմը (հնչույթների արտասանության խախտում) առանձնահատուկ է:
  2. 1.8֊3 տարեկան հասակում երեխաները գործնականորեն տիրապետում են խոսքին: Ակտիվ բառապաշարի ծավալը մեծանում է, և երեխան սկսում է հարցեր տալ առարկաների վերաբերյալ («Ո՞վ է սա», «Ի՞նչ է սա»):

Վաղ տարիքում ընկալման բնագավառում տեղի է ունենում ընկալման կայունության ձևավորում: Խոսքի տիրապետմանը զուգահեռ, ընկալումը դառնում է կամայական (երեխան սկսում է համակարգել խոսքը): Մտածողության ոլորտում երեխան վաղ տարիքում սկսում է հայտնաբերել առարկաների միջև թաքնված էական կապերը, այսինքն՝ ձևավորվում է տեսողական-գործնական մտածողությունը: Լ. Ս. Վիգոտսկին բացահայտել է, որ վաղ տարիքում, կախված ընդհանրացման բնույթից, մտածողության զարգացման մակարդակը բնութագրվում է սինկրետներով և բարդույթներով: Սինկրետները զուտ սուբյեկտիվ հարաբերությունների ընդհանրացումներ են, բնորոշ են վաղ տարիքի առաջին փուլին (1 - 1.6 տարեկան), բարդույթները՝ կոնկրետ փաստական, բայց պատահական հարաբերությունների ընդհանրացումներ, որոնք բնորոշ են վաղ տարիքի երկրորդ փուլին (1.6 - 3 տարեկան):

Զգացմունքային և անձնական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ребёнок (2017).jpg

Վաղ տարիքում երեխան կախվածություն է ունենում մեծահասակից։ Ջ. Բոուլբին այդ պահվածքը սահմանել է որպես վարքի այնպիսի մոդել, որն ապահովում է չափահասի հետ կապի պահպանում և բավարարում է երեխայի անվտանգության կարիքը: Մոտ 2-3 տարեկան հասակում ձևավորվում է կցորդի կայուն տիպ. երեխայի արձագանքը մոտ մեծահասակից առանձնանալիս դրա վառ ապացույցն է (ռեակցիան կարող է տարբեր լինել՝ կախված ձևավորված կապվածության տեսակից. վստահելի կապվածության դեպքում երեխան հեշտ հանդարտվում է, երբ մեծահասակից բաժանվում է և ուրախանում է նրա վերադարձի դեպքում): Նաև այս տարիքային շրջանում առաջանում են սոցիալական հույզերի սկզբնական ձևեր: Դրանք ներառում են գեղագիտական, բարոյական զգացմունքներ (ամոթի, մեղքի, հպարտության զգացում), ապրումակցություն և կարեկցանք մեկ այլ մարդու նկատմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Л. С. Выготский Проблема возрастной периодизации детского развития. — Вопросы психологии. — Москва, 1972. — С. 114 - 123.
  2. Д. Б. Эльконин Избранные психологические труды. — Москва: Педагогика, 1989.
  3. 3,0 3,1 О. А. Карабанова Возрастная психология. — Москва: Айрис-Пресс, 2005.
  4. М. И. Лисина Проблемы онтогенеза общения. — Москва, 1986.