Իմաստաբանություն (լեզվաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Իմաստաբանություն (այլ կիրառումներ)

Իմաստաբանություն, սեմանտիկա, նշանակաբանություն (հուն․՝ σημανξίκός - նշանակվող), լեզվաբանության բաժին, զբաղվում է լեզվական տարբեր միավորների (ձևույթների, բառերի, քերականական ձևերի և այլն) իմաստների ուսումնասիրությամբ։ Այս իմաստով օգտագործվում է նաև «սեմասիոլոգիա» տերմինը։ Իմաստաբանությունը իբրև լեզվաբանության առանձին բնագավառ հանդես է եկել 19-րդ դարում և երկար ժամանակ սահմանափակվել է բառերի իմաստների ոլորտով։ Այժմ էլ մաստաբանությունը ամենից ավելի ուսումնասիրում է բառիմաստները, դրանց զարգացումն ու փոփոխությունները, կատարում են բառերի դասակարգում ըստ իմաստի, ինչպես և իմաստի ու ձևի փոխհարաբերության՝ տարբերելով հոմանիշ (այդ թվում նույնանիշ և համանիշ), հականիշ, բազմիմաստ, համանուն բառերը։ Ձևաբանության և շարահյուսության մեջ նույնպես կատարվում է հոմանիշ, համանուն, բազմիմաստ քերականական ձևերի և շարահյուսական միավորների տարբերակում։ Զանազանում են համաժամանակյա իմաստաբանություն, որն ուսումնասիրում է մի լեզվի զարգացման սահմանափակ ժամանակահատվածի (սովորաբար՝ ժամանակակից) միավորների իմաստները, և տարժամանակյա (պատմական) իմաստաբանության, որն ուսումնասիրում է մի լեզվի միավորների իմաստային զարգացումը, փոփոխությունները պատմական ավելի մեծ ժամանակաշրջանում։

Երբեմն տարբերում են ստատիկ կամ նկարագրական իմաստաբանություն, որն ուսումնասիրում է լեզվի պատմության որևէ ժամանակահատվածի բառիմաստները, և պատմական կամ էվոլյուցիոն իմաստաբանություն, որն ուսումնասիրում է բառիմաստի պատմական զարգացումը, բառերի իմաստային զարգացումը: Իմաստանաբանության սկզբնավորումը կապվում է գերմանական բանասեր Կարլ Քրիստիան Ռայզիգի անվան հետ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 118։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png