Ծնվել է Դոնի ունևոր կազակի ընտանիքում։ 1661 թվականին Ստեպան Ռազինն ատաման Ֆ․ Բուդանի հետ, Դոնի կազակների անունից բանակցություններ է վարել կալմիկների հետ՝ հաշտություն կնքելու և թաթարների դեմ համատեղ գործողություններ սկսելու վերաբերյալ։ 1662-1663 թվականներին, որպես Դոնի կազակների ատաման, արշավել է Ղրիմի թաթարների և թուրքերի դեմ։ Ռուսաստանում ֆեոդալա-ճորտատիրական կարգերի դեմ ապստամբելու գաղափարը հղացել է Դոնի կազակների ազատությունների վրա ինքնակալության հարձակումների և, մասնավորապես, եղբոր՝ Իվանի նկատմամբ իշխան Դոլգորուկովի դաժան հաշվեհարդարի կապակցությամբ։ 1667 թվականի գարնանը Ստեպան Ռազինը կազմակերպել է կազակական չքավորության արշավանք դեպի Վոլգա և Կասպից ծով։ 1670 թվականի արշավանքը Վոլգա վերածվել է հզոր գյուղացիական պատերազմի, որն ընդգրկել է Պովոլժիեն և երկրի մի շարք այլ շրջաններ։ Սիմբիրսկի մոտ պարտվելուց հետո (1670 թվականի հոկտեմբերի 4) Ստեպան Ռազինը գնացել է Դոն և սկսել է ուժեր հավաքել նոր արշավանքի համար։ Սակայն 1671 թվականի ապրիլին կազակ, ավագանին Ստեպան Ռազինին մատնել է ցարական իշխանություններին։ Գերված Ստեպան Ռազինին տեղափոխել են Չերկասկ, ապա՝ Մոսկվա, որտեղ և մահապատժի է ենթարկվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։