ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Տեսակինստիտուտ
Հիմնադրված է1948
ՏիպԳիտահետազոտական ինստիտուտ
ՏնօրենԱշոտ Մելքոնյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՄարշալ Բաղրամյան պողոտա 24 գ, 0019, Երևան, Հայաստան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրող գիտահետազոտական հաստատություն Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը հիմնադրվել է 1943 թվականին, ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) Պատմության և նյութական կուլտուրայի ինստիտուտի (տնօրեն՝ Մ․ Գ․ Ներսիսյան) հիման վրա։ Պատմության ինստիտուտի կազմում նախկինում գտնվող մի շարք բաժիններ առանձնացել և դարձել են ինքնուրույն գիտական հաստատություններ (1948 թվականին՝ արվեստի պատմության և տեսության, 1958 թվականին՝ արևելագիտության, 1959 թվականին՝ հնագիտության և ազգագրության)։ Այդ փոփոխություններից հետո Պատմության ինստիտուտն ունի հետնյալ բաժինները՝

  • Հին Հայաստանի
  • Միջին դարերի
  • Նոր շրջանի
  • Խորհրդային հասարակության
  • Հայկական գաղթավայրերի (1959 թվականից)
  • Հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի (1965 թվականից)
  • Պատմագրության (1970 թվականից)
  • Զարգացած սոցիալիզմի (1974 թվականից)
  • Հայ-ռուսական հարաբերությունների (1977 թվականից)

Հին Հայաստանի պատմության բնագավառում հետազոտվել են հայ ժողովրդի ծագման, հելլենիզմի դարաշրջանի, երկրի սոցիալ- տնտեսական զարգացման ու մշակույթի պատմության առանցքային նշանակություն ունեցող հարցեր։ Միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրության ասպարեզում աշխատանքները ծավալվել են հատկապես ֆեոդալական հարաբերությունների ձևավորման և զարգացման տարբեր փուլերը բնութագրելու, դրանց առանձնահատկությունները պարզաբանելու ուղղությամբ։ Մշակվել են հայ֊բյուզանդական, հայ-արաբական հարաբերությունների, Կիլիկիայի հայկական պետության, Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային պատմության հարցեր։
Հայ ժողովրդի նոր պատմության խնդիրներից հետազոտվել են առանձնապես ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելու, հայ հասարակական հոսանքների, բուրժուական հարաբերությունների ձևավորման ու զարգացման, մարքսիզմի տարածման և հեղափոխական շարժումների պատմության խնդիրները։
Պատմության ինստիտուտի ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, ժողովրդական տնտեսության վերականգնման, արդյունաբերության, գյուղատնտեսության զարգացման, կուլտուրական շինարարության, Հայրենական պատերազմին հայ ժողովրդի մասնակցության, ետպատերազմյան սոցիալիստական շինարարության խնդիրները։

Լույս են տեսել հայկական գաղթավայրերի պատմությանը նվիրված ուշագրավ ուսումնասիրություններ։ Հրատարակվել են հայ պարբերական մամուլի և հասարակական մտքի պատմությանը, հայ պատմագիտությանը վերաբերող աշխատություններ։ Նկատելի աշխատանք է կատարվել Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում։

Գործունեության հիմնական ոլորտները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի կազմավորումը, Հայոց հնագույն պետականությունների պատմություն
  • Հայաստանը միջին դարերում, Կիլիկիայի հայկական պետականության պատմություն
  • Հայ եկեղեցու պատմություն
  • Հայ ազգային-ազատագրական շարժումների պատմություն
  • Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմություն
  • Հայ մամուլի, քաղաքական հոսանքների և կուսակցությունների պատմություն
  • Հայաստանում ժողովրդագրական գործընթացների ուսումնասիրություն
  • Հայաստանի I (1918-1920 թվականներ), II (1920–1991 թվականներ), III (1991 թվականից հետո) հանրապետությունների, ԼՂԻՄ, ԼՂՀ պատմություն
  • Հայ գաղթավայրերի և սփյուռքի պատմություն
  • Հայոց պատմության աղբյուրագիտություն և պատմագրություն

Հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակվել են՝

  • «Մանր ժամանակագրություններ», «Հայերեն ձեռագիր հիշատակարաններ», «Կանոնագիրք Հայոց», Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուն, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը և մեծ տերությունների քաղաքականությանը (հայերեն, ռուսերեն, գերմաներեն), Հայաստանի 1-ին հանրապետության քաղաքական պատմությանը, Լեռնային Ղարաբաղի 1917-1923 թվականների դեպքերին, Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմներին հայերի մասնակցությանը, հայ-ռուսական, հայ-ուկրաինական, հայ-մոլդովական, հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությանը նվիրված ժողովածուներ, «Հայ գաղթաշխարհի պատմության»երկու հատորները, «Հայ պարբերական մամուլի պատմություն (18-19-րդ դարեր)» մեծածավալ աշխատության I հատորը։
  • Հայ պատմաբանների ձեռքբերումները խորհրդային ժամանակաշրջանում ընդհանրացվել են «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյակում (1967-1984 թվականներին, որն արժանացել է պետական մրցանակի)։
  • Արդի հայ պատմագիտության ձեռքբերումներն արտացոլվելու են «Հայոց պատմություն» ակադեմիական նոր հրատարակությունում։ 2010 թվականին հրատարակվել է այդ աշխատության III հատորի I գիրքը (17-րդ դ. II կես–1900 թվական) և IV հատորի I գիրքը (1918-1945 թվականներ)։
  • Հրատարակվում է «Հայոց պատմության հարցեր» գիտական հոդվածների ժողովածուն։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ինստիտուտի առաջին տնօրենն էր Հայաստանի գիտությունների Ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին։ Օրբելուն փոխարինել են Աշոտ Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը, Ա. Հարությունյանը (Հարենցը), Գալուստ Գալոյանը և Հրանտ Ավետիսյանը։ 2002 թվականից ինստիտուտը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։