Սիձո Կանակուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիձո Կանակուրի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ճապ.՝ 金栗 四三
Մասնագիտացում՝marathon runner և ուսուցիչ
Երկիր՝ Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 20, 1891(1891-08-20)[1]
Ծննդավայր՝Տամանա, Կումամոտո (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 13, 1983(1983-11-13)[1] (92 տարեկան)
Մահվան վայր՝Տամանա, Կումամոտո (պրեֆեկտուրա), Ճապոնիա
170 սանտիմետր[2]
Քաշ՝64 կիլոգրամ[2]

Սիձո Կանակուրի (ճապ.՝ 金栗 四三 Kanaguri Shisō կամ Kanakuri Shizō, օգոստոսի 20, 1891(1891-08-20)[1], Տամանա, Կումամոտո (պրեֆեկտուրա), Ճապոնիա - նոյեմբերի 13, 1983(1983-11-13)[1], Տամանա, Կումամոտո (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի մարզիկ (մարաթոնյան վազք), Ճապոնիայում աթլետիկայի ամենավաղ առաջատարներից մեկը, որն իր հայրենիքում հայտնի է որպես «մարաթոնի հայր»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիձո Կանակուրին ծնվել է Ճապոնիայի Տամանա քաղաքում։ Սովորել է Ծուկուբայի համալսարանում։ 1911 թվականի նոյեմբերին նա իր հայրենիքում մասնակցել է 1912 թվականի Օլիմպիական խաղերի որակավորմանը, և, ինչպես հաղորդվել է, մարաթոնը վազել է 2 ժամ 32 րոպե և 45 վայրկյանում՝ գերազանցելով այն ժամանակ պաշտոնապես գրանցված մարաթոնի համաշխարհային ռեկորդը (բայց հավանական է, որ մարաթոնի երկարությունը Ճապոնիայում ընդամենը մոտ 40 կիլոմետր էր (25 մղոն)[3]։

Պատմաբան Էնդի Միլրոյը (անգլ.՝ Andy Milroy), որն աշխատում է Մարաթոնյան վազքի վիճակագիրների ասոցիացիայում, նշել է, որ «1911 թվականին անցկացված առաջին ճապոնական մարաթոնի երկարությունն ընդամենը 25 մղոն էր»։ Ուսումնասիրելով Կանակուրիի ելույթը՝ Միլրոյը նաև նշել է, որ «25 մղոնի պրոֆեսիոնալ համաշխարհային ռեկորդը» 2 ժամ 33 րոպե և 42 վայրկյան էր, որը սահմանել էր բրիտանացի Լին Հըրսթը 1903 թվականի օգոստոսի 27-ին[4]։ Կանակուրին մեկն էր այն երկու մարզիկներից, որոնց Ճապոնիան կարողացավ ուղարկել խաղերին։

Օլիմպական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանակուրին առավել հայտնի է 1912 թվականին Ստոկհոլմում կայացած Օլիմպիական խաղերի մարաթոնյան մրցավազքի ժամանակ իր անհետացումով։ Դեպի Ստոկհոլմ ճանապարհորդությունը եղել է դժվար և տևել է 18 օր՝ սկզբում նավով, այնուհետև գնացքով Անդրսիբիրյան երկաթուղով։ Մրցավազքից առաջ ուժերը վերականգնելու համար նրան անհրաժեշտ էր 5 օր[5]։ Մրցավազքը տեղի է ունեցել Շվեդիայի Սոլենտունա քաղաքում, այդ ժամանակ անսպասելի 25 աստիճան շոգի պայմաններում[6], և վազորդների կեսից ավելին տուժել է հիպերթերմիայից։ Ճապոնիայից կատարած երկար ճանապարհորդությունից թուլացած և տեղական սննդի հետ կապված խնդիրներ ունեցող Կանակուրին ճանապարհի կեսին կորցրել է գիտակցությունը, և նրան օգնել է ֆերմերների մի ընտանիք։ Իր «անհաջողությունից» անհարմար զգալով՝ նա, առանց մարաթոնի կազմակերպիչներին տեղյակ պահելու, անաղմուկ վերադարձել է Ճապոնիա։ Հետագա 54 տարիների ընթացքում Շվեդիայում նա համարվել է անհետ կորած, մինչև 1967 թվականին շվեդ լրագրողները պարզել են, որ այս ամբողջ ընթացքում նա ապրել է Ճապոնիայում և անընդմեջ մասնակցել է մի քանի օլիմպիական մարաթոնյան վազքերի։ 1967 թվականին շվեդական հեռուստատեսությունը կապ է հաստատել նրա հետ և հրավիրել ավարտելու մրցավազքը։ Նա համաձայնել է և մարաթոնն ավարտել է 54 տարի, 8 ամիս, 6 օր, 5 ժամ, 32 րոպե և 20,3 վայրկյան ժամանակով՝ նշելով. «Սա երկար ճանապարհորդություն էր։ Ճանապարհին ես ամուսնացա, ունեցա վեց երեխա և 10 թոռ»[7]։

Չնայած ձախողմանը, Կանակուրին ընտրվել էր մասնակցելու 1916 թվականի ամառային օլիմպիական խաղերին, որոնք չեղարկվեցին Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, և 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերին, որոնք անցկացվեցին Անտվերպենում (Բելգիա), որտեղ նա մարաթոնը վազել է 2 ժամ 48 րոպե 45,4 վայրկյանում՝ զբաղեցնելով 16-րդ տեղը։ Այնուհետև Կանակուրին մասնակցել է 1924 թվականի ամառային օլիմպիական խաղերին, որտեղ մինչև մարաթոնի վերջնագծին հասնելը նա կրկին դուրս է մնացել մրցավազքից։ Կանակուրին հայտնի է նաև 1920 թվականին Հակոնե Էկիդեն մարաթոնյան փոխանցումավազքի հիմնադրման գործում իր դերով[7]։

Սիձո Կանակուրին մահացել է 1983 թվականի նոյեմբերի 13-ին 92 տարեկանում Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայի իր հայրենի Տամանա քաղաքում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 https://www.sports-reference.com/olympics/athletes/ka/shizo-kanakuri-1.html
  3. Ekiden…who? Lydiard Foundation Blog
  4. World Record Progressions — Track Արխիվացված 2013-08-09 Wayback Machine. arrs.net
  5. Shizo Kanakuri Արխիվացված 2019-07-01 Wayback Machine. sports-reference.com
  6. The big day during the 1912 Olympic Games Արխիվացված 2015-05-05 Wayback Machine. Jubileemarathon.se. Retrieved on 2015-06-07.
  7. 7,0 7,1 Corkill, Edan (2012 թ․ հուլիսի 15). «Better late than never for Japan's first, "slowest" Olympian». The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  8. マラソンの父 金栗四三 Արխիվացված 2009-04-08 Wayback Machine -

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիձո Կանակուրի» հոդվածին։