Սթենլի Քեր
Սթենլի Քեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 30, 1894 |
Ծննդավայր | Հոուփվել, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1976 (82 տարեկան) |
Մահվան վայր | Փրինսթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան |
Մասնագիտություն | ակադեմիկոս և կենսաքիմիկոս |
Աշխատավայր | Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն և Բեյրութի ամերիկյան համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մալքոլմ Քեր |
Սթենլի Էլֆինսթոուն Քեր (անգլ.՝ Stanley Elphinstone Kerr, մարտի 30, 1894, Հոուփվել, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1976, Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի հումանիստ, կլինիկական կենսաքիմիկոս և մանկավարժ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է որպես կլինիկական կենսաքիմիկոս Ուոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալում (Վաշինգտոն, ԱՄՆ)։ 1919 թվականին հեռացել է Միացյալ Նահանգներից և Ամերիկյան օգնության կոմիտեի շրջանակներում մեկնել Հալեպ՝ կամավոր աշխատանքի։ Քերը հայ գաղթականների ճգնաժամի ժամանակ Հալեպում կատարել է տարաբնույթ առաքելություններ։ Այդ ժամանակաշրջանում Հալեպ էին հասնում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը[1]։ Աշխատել է որպես բժշկական և սանիտարական սպա, փորձել է փրկել քրդական և թուրքական ընտանիքների կողմից բռնի կերպով որդեգրված հայ երեխաներին։ Հալեպում անցկացրած տարիների մասին Քերը գրել է «Մարաշի առյուծները» (The Lions of Marash) գրքում[1]։
1921 թվականին Քերը և նրա կին Էլսա Ռեքման Քերը ընդգրկվում են Ամերիկյան կոմիտեի կողմից Լիբանանի Նահր Իբրահիմ քաղաքում ստեղծված մանկատան աշխատակազմում։ Երկու տարի անց՝ 1923 թվականին, մալարիայի տարածվող համաճարակի պատճառով մանկատունը փակվում է։
Փենսիլվանիայի համալսարանում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալուց հետո Քերը և կինը վերադառնում են Մերձավոր Արևելք։ Ավելի ուշ Քերը ստանձնում է Բեյրութի ամերիկյան համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, իսկ կինն իր հերթին դառնում է համալսարանի ուսանողուհիների բաժնի դեկանը։
1965 թվականին, 40 տարվա ակադեմիական գործունեությունից հետո, Քերն անցնում է թոշակի։ Կատարած բազմածավալ ներդրումների համար Լիբանանի Հանրապետության կողմից պարգևատրվել է Արժանիքների և Եղենափայտի պետական շքանշաններով (ասպետի աստիճան)։ Կյանքի վերջին տարիներն ամուսիններն անցկացրել են Փրինսթոն քաղաքում (Նյու Ջերսի նահանգ)։ Մահացել է 1976 թվականին։
Ունեցել է 4 զավակ, որոնցից ամենակրտսերը՝ Մալքոլմ Քերը զբաղեցրել է Բեյրութի ամերիկյան համալսարանի ռեկտորի պաշտոնը։
Հանդիսանում է նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի նախկին բասկետբոլիստ, հնգակի չեմպիոն Սթիվ Քերի պապը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ցեղասպանության ականատեսները». «CrossNews.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է Ապրիլի 24, 2011 թ.-ին.