Jump to content

Սզնի Զանգեզուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սզնի Զանգեզուրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Ալոճենի (Crataegus)
Տեսակ Սզնի Զանգեզուրի (C. ×zangezura)
Միջազգային անվանում
Crataegus ×zangezura

Սզնի Զանգեզուրի (լատին․՝ Crataegus zangezura), վարդազգիների ընտանիքին պատկանող 1-2 մ բարձրությամբ տերևաթափ ծածկասերմ թուփ։

Ընձյուղները նուրբ են, բարակ, մերկ կամ թեթևակի մազմզուկապատ, սկզբում գորշավուն, հետագայում մոխրավուն կեղևով։ Տերևները մերկ են, պտղաբերող ճյուղերի վրա երկարավուն, հակառակ ձվաձև, նեղ սեպաձև հիմքով, եռաբլթակ կամ հնգաբլթակ։ Բլթակները սուր են, գագաթում խոշոր ատամնաեզր։ Ընձյուղների վրա տերևներն ավելի խոր բլթակավոր են։ Ծաղկաբույլերը կազմված են սակավաթիվ, սպիտակ, խոշոր ծաղիկներից։ Պտուղները կարճ էլիպսաձև են, 0,8-1 սմ տրամագծով, երկարավուն, սև ծիրանագույն, 1-2 կորիզով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։ Խոնավասեր է, սակայն լավ է աճում նաև չոր վայրերում, դիմանում է կարճատև երաշտին և լուսասեր է։ Պահանջկոտ չէ հողի բերրիության ու ստրուկտուրայի նկատմամբ։ Վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Բազմանում է սերմերի միջոցով։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում[1]։

Տիպիկ հայկական բույս է, որը Հայաստանի սահմաններից դուրս չի հանդիպում։ Տարածված է միայն Զանգեզուրում, միջին լեռնային գոտում, ժայռոտ կիրճերում[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2 մ բարձրությամբ, բարակ, մերկ կամ թեթևակի մազոտ թուփ է, որն ունի գորշ մոխրագույն ընձյուղներ։ Մերկ տերևները պտղաբերող ճյուղերի վրա երկարավուն հակաձվաձև են, նեղ սեպաձև հիմքով, 3-5 բլթակներով, սուր, վերևում խոշորաատամ։ Ծաղկաբույլը ունի փոքրաթիվ ծաղիկներ։ 0,8-1 սմ երկարությամբ պտուղները կարճ էլիպսաձև են, սև ծիրանագույն, 1-3 կորիզներով[2]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Կապանի և Գորիսի շրջակայք)[2]։

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1800 մ բարձրությունների վրա, նոսրանտառում, շիբլյակում, կիրճերի լանջերին։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-հոկտեմբերին[2]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 380։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի Զանգեզուրի» հոդվածին։