Jump to content

Ռոնալդ Օ'Բրայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Օ'Բրայան
Ի ծնե անունRonаld Clark O'Bryan
Մականուն«մարդ-կոնֆետ», «նա, ով սպանեց Հելոուինը»
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 19, 1944(1944-10-19)
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվմարտի 31, 1984(1984-03-31) (39 տարեկան)
Մահվան վայրHuntsville Unit in Texas, Ուոկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մահվան պատճառՄահաբեր ներարկում[1]
Սպանություն

Ռոնալդ Քլարք Օ'Բրայան (անգլ.՝ Ronald Clark O'Bryan, հոկտեմբերի 19, 1944(1944-10-19), ԱՄՆ - մարտի 31, 1984(1984-03-31), Huntsville Unit in Texas, Ուոկեր շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի, որը դատապարտվել է 1974 թվականին՝ Հելոուինի գիշերը, իր ութամյա որդուն կալիումի ցիանիդով սպանելու համար, որն ավելացրել էր կոնֆետների (Pixy Stix) մեջ։ Դրանք իբր վերցրել էր կոնֆետների ավանդական հավաքի ժամանակ։ Նա թունավորել է որդուն տղայի կյանքի ապահովագրությունից 20 հազար դոլար գումար ստանալու նպատակով, որպեսզի թեթևացնի իր ֆինանսական դժվարությունները։ Նրա պարտքը կազմում էր մոտ 100 հազար դոլար։ Բրայանը թունավորված կոնֆետներ է տվել նաև իր դստերը և երեք այլ երեխաների՝ փորձելով թաքցնել իր մեղքը։ Սակայն դուստրը և մյուս երեխաները թունավորված կոնֆետներ չեն կերել։ Նա դատապարտվել է 1975 թվականի հունիսին՝ կանխամտածված սպանության համար։ Դատապարտվել է մահապատժի։ Նրան 1984 թվականի մարտի վերջին մահապատժի են ենթարկել՝ մահացու ներարկումներով։

Ռոնալդն իր կնոջ՝ Դայնինի հետ ապրում էր Դիր Պարկում (Տեխաս)։ Զույգն ուներ երկու երեխա՝ որդի Թիմոթին (ապրիլի 5, 1966 - հոկտեմբերի 31, 1974) և դուստր Էլիզաբեթը (ծնված 1969 թվականին)։ Ռոնալդն աշխատում էր Շարփսթաունում (Հյուսթոն)՝ որպես օպտիկ[2], սարկավագ էր Երկրորդ Բապտիստական Եկեղեցում, որտեղ երգում էր երգչախմբում և ղեկավարում էր տեղական ավտոբուսային ծրագիրը[2][3][4]։

Թիմոթի Օ'Բրայանի մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի հոկտեմբերի 31-ին Օ'Բրայանն իր երեխաներին և հարևանի երկու երեխաներին տարավ մոտակա Փասադենա քաղաք՝ ավանդական քաղցրավենիքի հավաքույթի։ Տներից մեկի վարձակալներից քաղցրավենիք ստանալու անհաջող փորձից հետո երեխաները չցանկացան սպասել ու գնացին կողքի տուն, իսկ Ռոնալդը մնաց դռան մոտ։ Ավելի ուշ նա հանդիպեց երեխաներին և յուրաքանչյուրին մեկական կոնֆետ նվիրեց՝ ասելով, որ եթե սպասեին, ապա քաղցրավենիք կստանային։ Երեկոյան նա հինգերորդ կոնֆետը տվեց տղային։ Քնելուց առաջ Թիմոթին հորից թույտվություն խնդրեց իր հավաքած կոնֆետներից ուտելու համար, և ընտրեց այն կոնֆետը, որը Ռոնալդն ավելի վաղ էր տվել։ Թիմոթին դժվարությամբ հանեց քաղցրավենիքը տուփից։ Համտեսելուց հետո տղան դժգոհեց ծնողներին, որ այն տհաճ համ ունի։ Օ'Բրայանը որդուն տվեց մեկ այլ քաղցրավենիք, որպեսզի փոխարինի համը[5][6]։ Հետո տղան սկսեց բողոքել ստամոքսի ցավերից[7]։ Թիմոթին մահացել է հիվանդանոց գնալու ճանապարհին՝ կոնֆետ ուտելուց անմիջապես հետո[8]։

Երեխայի մահվան լուրն արագ տարածվել է քաղաքով մեկ՝ խուճապ առաջացնելով ծնողների մեջ։ Շատ ծնողներ ոստիկաններին են տվել իրենց երեխաների հավաքած ամբողջ կոնֆետը՝ վախենալով, որ դրանք նույնպես թունավորված են։ Ոստիկանությունն սկզբում Օ'Բրայանին չի կասկածել հանցագործության մեջ, քանի դեռ չի պարզվել, որ կոնֆետը, որը նա տվել էր երեխաներին, պարունակում էր կալիումի ցիանիդի մահացու կրկնակի չափաբաժին։ Ներկայացված հինգ քաղցրավենիքից չորսը ոստիկանների մոտ էր, երեխաներից ոչ ոք չէր կերել դրանք։ Մինչև ոստիկանություն գնալը հինգերորդ երեխայի ծնողները խուճապի մեջ էին՝ չիմանալով կոնֆետի ծագումը։ Բարձրանալով որդու սենյակ՝ ծնողները տեսել են, որ նա քնած է, իսկ կոնֆետը փակ վիճակում նրա կողքին էր, քանի որ չէր կարողացել բացել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ Թիմոթիի օգտագործած չափաբաժինը կարող էր սպանել երկու մեծահասակի։

Օ'Բրայանն անմիջապես հայտնել է ոստիկանությանը, որ չի հիշում, թե որ տանն են իրեն նվիրել քաղցրավենիքը։ Ոստիկանությունը կասկածելի է համարել նրա արդարացումները, քանի որ Ռոնալդը և նրա հարևանը երեխաների հետ քայլել են ընդամենը երկու փողոցով, քանի որ ավելի ուշ անձրև էր սկսել։ Նրանց կասկածներն աճեցին, երբ իմացան, որ ոչ ոք երեխաներին «Pixy Stix» չի տվել։ Ոստիկանների հետ երեք անգամ փողոցն անցնելուց հետո Օ'Բրայանը նրանց առաջնորդել է տուն, որի տերը չի բացել դուռը։ Ռոնալդը պատմել է, որ վերադարձել է տուն՝ կրկնելով քաղցրավենիք ձեռք բերելու իր փորձը, և տերը, լույսը չվառելով, հազիվ բացել է դուռը և մի բուռ քաղցրավենիք մեկնել։ Նա նաև ասել է, որ տեսել է միայն ձեռքը՝ այն բնութագրելով՝ «մազոտ» ձեռք։ Տունը պատկանում էր Քորթնի Մելվին անունով մի մարդու։ Այդ օրը երեկոյան տղամարդը տուն չի վերադարձել մինչև ժամը 23:00-ն: Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել Մելվինին, մինչդեռ ավելի քան երկու հարյուր մարդ հաստատել է, որ նա այդ ժամանակ աշխատանքի է եղել։

Հետաքննությունից հետո ոստիկանությունը պարզել է, որ Ռոնալդ Օ'Բրայանն ուներ մոտ 100 հազար դոլարի պարտք։ 10 տարվա ընթացքում նա փոխել է 21 մասնագիտություն։ Ձերբակալման պահին նա կասկածվում էր նաև աշխատավայրում գողության մեջ և կարող էր ազատվել աշխատանքից։ Նա գրեթե զրկվել էր մեքենայից և տնից։ Ոստիկանությունը պարզել է, որ Օ'Բրայանն ապահովագրել է իր երեխաների կյանքը Թիմոթիի մահից մեկ ամիս առաջ, երեխաներից յուրաքանչյուրը «գնահատվել» է 20,000 դոլար, իսկ հետո ևս մեկ ապահովագրական պայմանագիր է կնքել իր երեխաների համար, որը վերջ ի վերջո հանգեցրել է 60 հազար դոլարի։ Ռոնալդի կինը ոստիկաններին հայտնել է, որ ապահովագրության մասին գաղափար չունի։ Ոստիկանությանը հայտնի է դարձել, որ որդու մահվանից հետո Ռոնալդը առավոտյան ժամը 9-ին զանգահարել է ապահովագրական ընկերություն՝ հայտնելու, որ ցանկանում է վերցնել գումարի մի մասը։ Նրա սպանությանը մասնակցելու հաջորդ հաստատումը Հյուսթոնում Հելոուինից քիչ առաջ ցիանիդ գնելու ցանկության փաստն էր, բայց նա դատարկաձեռն է հեռացել այն բանից հետո, երբ իմացել է, որ գնման նվազագույն գումարը 5 ֆունտ է։

Ոստիկանությունը Օ'Բրայանին կասկածել է քաղցրավենիք թունավորելու մեջ՝ սեփական երեխաներին սպանելու և նրանց կյանքի համար ապահովագրությունից գումար ստանալու համար։ Ենթադրվել է նաև, որ նա մյուս երեխաներին կոնֆետ է տվել, որպեսզի իրեն չկասկածեն։ Ոստիկանությունը հարցաքննել է Ռոնալդին, սակայն նա պնդել է իր անմեղությունը։

Մեղադրանք և դատավճիռ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ոստիկանությունն այդպես էլ չի պարզել, թե երբ և որտեղից է Օ'Բրայանը ձեռք բերել ցիանիդը, 1974 թվականի նոյեմբերի 5-ին նա ձերբակալվել է Թիմոթիի սպանության համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել մեկ դիտավորյալ սպանության և չորս դիտավորյալ սպանության փորձի համար։ Օ'Բրայանը պնդել է իր անմեղությունը բոլոր հինգ մեղադրանքների ժամանակ։ Ռոնալդի դատավարությունը սկսվել է 1975 թվականի մայիսի 5-ին։ Դատավարության ընթացքում նրան ճանաչող քիմիկոսը հաստատել է, որ նա հարցրել է իրեն, թե կալիումի ցիանիդի որքան չափաբաժինը կարող է մահացու լինել։ Դեղատան աշխատակիցը ևս հաստատել է Օ'Բրայանի՝ ցիանիդ գնելու նպատակը։ Ռոնալդի ընկերներն ու ծանոթները պնդում էին, որ տղամարդը որդու ողբերգական մահից մի քանի ամիս առաջ ակտիվորեն քննարկել է նրանց հետ ցիանիդը և տպավորություն ստեղծել, թե ինքը ցանկանում է սպանություն կատարել։ Օ'Բրայանի կնոջ հարազատները դատավորին պատմել են, որ Թիմոթիի հուղարկավորության օրը մեղադրյալը քննարկել է, թե ինչպես է օգտագործելու ստացված գումարը, ինչպես է երազում երկար ճանապարհորդության, ինչպես նաև տարբեր ապրանքներ գնելու մասին։ Սակայն Օ'Բրայանը պնդում էր, որ ինքը կապ չունի որդու մահվան հետ։ Նրա փաստերը հիմնված էին խելագար բանտարկյալի մասին տեղական հին լեգենդի վրա, որը Հելոուինի օրը թույնով կամ ասեղներով կոնֆետ էր բաժանում։

Դեպքը գրավել է ԱՄՆ բոլոր նահանգների ուշադրությունը, և մամուլն Օ'Բրայանին «կոնֆետ-մարդ» է անվանել (Candyman)[9]:

1975 թվականի հունիսի 3-ին երդվյալ ատենակալներից պահանջվեց ընդամենը 46 րոպե՝ Ռոնալդին մեղավոր ճանաչելու կանխամտածված սպանության և չորս սպանության փորձի մեջ։ Նրան մահապատժի դատապարտելու համար պահանջվեց ևս 71 րոպե։ Հանցագործի ազատազրկումից անմիջապես հետո կինն ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Հետագայում նա նորից է ամուսնացել։ Էլիզաբեթին նրա երկրորդ ամուսինն է մեծացրել[10]։

Ռոնալդ Օ'Բրայանը բանտարկվել է Տեխասի Հանթսվիլ բաժանմունքում։ Տեխասի քրեական արդարադատության դեպարտամենտի նախկին քահանա Քերոլ Փիքեթի խոսքերով՝ Օ'Բրայանը դատապարտվել և արհամարհվել է իր համաքաղաքացիների կողմից։ Հաղորդվում է, որ բանտարկյալները ցույց են կազմակերպել Օ'Բրայանի մահապատժի օրը՝ արտահայտելու իրենց ատելությունը նրա նկատմամբ։

Մահապատժի առաջին օրը նշանակվել է 1980 թվականի օգոստոսի 8-ին։ Նրա փաստաբանը հաջողությամբ ապահովել է մահապատժի հետաձգումը։ Մահապատժի երկրորդ օրը 1982 թվականի մայիսի 25-ն էր, սակայն այս օրը նույնպես հետաձգվել է։ Դատավոր Մայքլ Մաքսպադենը մահապատժի երրորդ օրը նշանակել է 1982 թվականի հոկտեմբերի 31-ին՝ հանցագործության ութերորդ տարելիցին, և նա առաջարկել է Օ'Բրայանին անձամբ տանել մահվան պալատ։ Սա առաջին մահացու ներարկումն էր Տեխասում։ Գերագույն դատարանը ևս մեկ անգամ հետաձգել է ամսաթիվը՝ հնարավորություն տալով մարդասպանին բողոքարկել և նոր դատաքննության որոնել։ Մահապատժի չորրորդ օրը տեղի է ունեցել 1984 թվականի մարտի 31-ին, հանցագործի փաստաբանը խնդրել է վերացնել պատիժը և պնդել դրա դաժանությունը։ Դատարանը չի փոխել իր որոշումը, և 1984 թվականի մարտի 31-ի կեսգիշերից անմիջապես հետո Օ'Բրայանը մահապատժի է ենթարկվել Հանթսվիլ բաժանմունքում՝ մահացու ներարկմամբ։

Իր վերջին խոսքում Ռոնալդը հերթական անգամ հայտարարել է իր անմեղության մասին՝ հավելելով, որ մահապատիժը սխալ է համարում։ Նա նաև ասել է. «Ես ներում եմ բոլորին, և ես նկատի ունեմ նրանց, ովքեր ներգրավված են եղել իմ մահվան մեջ. Աստված օրհնի ձեզ բոլորիդ, և թող Աստծո լավագույն օրհնությունները միշտ ձեզ հետ լինեն»։ Մահապատժի ժամանակ 300 ցուցարարներից բաղկացած ամբոխը հավաքվել է բանտի մոտ՝ ծափահարելով և բղավելով։ Ոմանք էլ քաղցրավենիք են նետել մահապատժի որոշման դեմ արտահայտվողների վրա։

Ռոնալդ Օ'Բրայանը թաղված է Տեխասի Վեբսթեր քաղաքի «Forest Park East» գերեզմանատանը։ Նրա որդին՝ Թիմոթին, թաղված է Հյուսթոնի «Forest Park Lawndale» գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Killer of son is executed in texas after asking forgiveness for allThe New York Times, 1984.
  2. 2,0 2,1 «'Candy Man's legacy still haunting today». Chron (ամերիկյան անգլերեն). 2003 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Park City Daily News - Поиск в архиве Google Новостей». news.google.com. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Mike Glenn, RUTH RENDON (2004 թ․ հոկտեմբերի 29). «'Man Who Killed Halloween' still haunts holiday». Chron (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Ed Morrow The Halloween handbook. — Citadel Press, 2001. — 294 с. — ISBN 978-0-8065-2227-2
  6. «The Free Lance-Star - Поиск в архиве Google Новостей». news.google.com. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «The Victoria Advocate - Поиск в архиве Google Новостей». news.google.com. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Man convicted of poisoning son». Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. Ronald Clark O'Bryan(անգլ.) // Wikipedia. — 2021-09-16.
  10. «'Candyman' executed by injection in Texas». Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.