Պրիամոս
Պրիամոս (հին հունարեն` Πρίαμος), Տրոյայի պատերազմի ժամանակ եղել է Տրոյայի թագավորը և Լաոմեդոնի կրտսեր որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր տարբեր օրինական և անօրինական կանանցից Պրիամոսն ունեցել է հիսուն որդի և բազմաթիվ դուստրեր։ Նրա առաջին կինը եղել է Արիսբեն, ումից ծնվել է նրա առաջին որդին` Էսակոսը, ով մահացավ Տրոյայի պատերազմից առաջ։
Հետո նա բաժանվեց և ամուսնացավ Փռյուգիայի թագավոր Դիմասի դուստր Հեկաբեի հետ։ Հեկեբեից ծնված ավագ որդին էր Հեկտորը, ով համարվում էր Տրոյայի գահի ժառանգորդը։ Մի այլ որդին՝ Պարիսը (նաև հայտնի է որպես Ալեքսանդր) դարձավ Տրոյայի պատերազմի պատճառ։ Պրիամոսի և Հեկեբեի մյուս զավակներն էին մարգարեությամբ օժտված Հելենոսը և Կասանդրան, ավագ դուստր Իլիոնեն, Կրեվսան՝ Էնեասի կինը, Լաոդիկեն՝ Հելիկաոնի կինը, Պոլիքսենան, ով սպանվեց Աքիլեսի գերեզմանի վրա և ամենակրտսեր որդին՝ Պոլիդորոսը։
Պրիամոսը եղել է Լաոմեդոնտեսի կենդանի թողնված միակ որդին, երբ Հերակլեսը նրանից վրեժ լուծելու համար գրավել էր Տրոյան։ Հերակլեսից նա փրկվում է՝ նվիրելով իր քույր Հեսիոնեի գործած ոսկե ծածկոցը։ Դրանից հետո նա իր սկզբնական Պոդարկես անունը փոխելով, դառնում է Պրիամոս։
Տրոյայի պատերազմում ունեցած դերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմի ժամանակ Պրիամոսը շատ ծեր էր և չէր մասնակցում մարտերին։ Կռվի դաշտում երևացել է միայն մի անգամ՝ հույների հետ Պարիսի և Մենելաոսի մենամարտի պայմանները համաձայնեցնելու համար։
Հեկտորի մահից հետո Հերմեսի օգնությամբ գաղտնի մտնում է Աքիլեսի վրանը և խնդրելով ստանում է իր որդու այլանդակված մարմինը։
Պրիամոսի մահվան մասին Հոմերոսը ոչինչ չի նշել։ Ավանդույթի համաձայն, Պրիամոսին Զևսի զոհասեղանի մոտ սպանել է Նեոպտողեմոսը, այն բանից հետո, երբ Տրոյան գրավել էին աքեացիները։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից գիտնականները համարում են, որ Պրիամոսի անունը ծագում է փոքրասիական լուվիերեն լեզվից և նշանակում է՝ «բացառիկ համարձակ»[1][2]։
- Պրիամոս թագավորի պատվին իր անունն է ստացել 1917 թ. հայտնաբերված Յուպիտերի տրոյացիների Պրիամոս աստերոիդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Starke, Frank. "Troia im Kontext des historisch-politischen und sprachlichen Umfeldes Kleinasiens im 2. Jahrtausend". // Studia Troica 7, 1997, 458 with fn. 114, referring to F. Starke, Untersuchungen zur Stammbildung des keilschrift-luwischen Nomens, 1990, 455, fn. 1645 (PN Priya-muwa- "der hervorragenden/vortrefflichen Mut hat".
- ↑ Haas, Die hethitische Literatur: Texte, Stilistik, Motive, 2006. p.5.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պրիամոս կատեգորիայում։ |