Պոլոզ Մուկուչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պոլոզ Մուկուչ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1881 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 15, 1931 (50 տարեկան) |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Poloz Mukuch Վիքիպահեստում |
Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան, հունվարի 7, 1881, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 15, 1931, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), գյումրեցի զվարճաբան-առակախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։
Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։
Պոլոզ Մուկուչն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա, որպես գունագեղ անձնավորություն, գրավել է արվեստի մի շարք գործիչների ուշադրությունը։ Պոլոզ Մուկուչի ժողովրդականության մասին կարող են խոսել նաև հետևյալ փաստերը։ Երբ 1931-ին նա հեռացավ կյանքից, նրա հուղարկավորությանը մասնակցում էր գրեթե ողջ Լենինականը։ Ավետիք Իսահակյանը նրա գերեզմանին մահարձան է կանգնեցրել։ Այդ առիթով Խ. Դաշտենցը գրել է.
Վախճանվեց նաև Պոլոզ Մուկուչը, |
Նկարիչ Հակոբ Անանիկյանը ստեղծել է դիմանկարների շարք, որոնց համար նախատիպ է ծառայել Պոլոզ Մուկուչը։ Խաչիկ Դաշտենցն իր «Ֆայտոն Ալեքը» պոեմի հերոսի նախատիպ է ընտրել հենց նրան։
Ավետիք Իսահակյանը Պոլոզ Մուկուչի մասին գրել է.
Աշխարհի ազգերը իրենց սրախոսությունները, անեկդոտները, ասացվածքները վերագրում են մեկ մարդու և անմահացնում նրան։ Էդպես է եղել Մուկուչը մեր ժողովրդի համար։ Տարբերությունն էն է, որ ուրիշներինը միֆ է, իրական մարդ չի եղել, գերեզմանի տեղն էլ հայտնի չէ, իսկ Պոլոզ Մուկուչը իրական մարդ է եղել և գերեզմանը կա։ |
2012-ի հոկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացվեց Պոլոզ Մուկուչի արձանը, որի հեղինակը Նարեկ Սամվելյանն է[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաչյա Իկիլիկյան, «Գյումրին, Պոլոզ Մուկուչը և երգիծական մանրապատումներ», Երևան, «Հայաստան» հրատ., 1989