Jump to content

Պիթոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիթոններ (Pythoninae), վիշապների ընտանիքի օձերի ենթաընտանիք։

Հայտնի է պիթոնների 6 ցեղ, 22 տեսակ։ Բուն պիթոնների ցեղն ընդգրկում է 7 տեսակ (3-ը տարածված են արևադարձային Աֆրիկայում, 4-ը՝ Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում)։

Մարմնի երկարությունը 1,5-ից (արքայական պիթոններ) մինչև 10 մ է (ցանցավոր պիթոններ, ամենախոշոր օձերից է, կշռում է մինչև 100 կգ)։ Գունավորումը գորշ միագույնից մինչև խայտաբղետ բծավոր է։ Ապրում են եղեգնուտներում, քարքարուտներում։ Լավ լողում և սուզվում են, երբեմն՝ բարձրանում ծառերը։

Սնվում են հիմնականում կաթնասուններով (խոշոր պիթոնները՝ շնագայլերով, ընձառյուծներով, մատղաշ վարազներով և այլն), ինչպես նաև մանր ողնաշարավորներով, երիտասարդ պիթոնները՝ միջատներով։ Երբեմն հարձակվում են մարդու վրա։

Բազմանում են ձվադրությամբ։ Էգը դնում է մինչև 107 ձու և փաթաթվում դրանց շուրջը՝ պահպանում և տաքացնում դրանք։ Որոշ տեսակների միսն օգտագործվում է որպես սնունդ, մաշկը՝ տարբեր արտադրանքների պատրաստման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 292
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիթոններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիթոններ» հոդվածին։